Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՏ



Երեք որդիս էլ զինվոր են

 

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՏԵրբ արու զավակ ես ունենում, աչքալուսանք են տալիս` հայրենիքի զինվոր է ծնվել: Գիտեմ, ամեն մայր այդ պահին ժպտում է` էհ, դեռ ինչքան ժամանակ կա:

Հիմա երեք որդիներս` Տիգրանը, Ժորան, Հարությունը, հայրենիքի զինվորներ են: Իրենց նման հազարավոր տղաների հետ պահում-պահպանում են մեր հողն ու ջուրը: Ժորան Ագրարային համալսարանն ավարտելուց հետո է մեկնել ծառայության: Հարությունս` նույն համալսարանի առաջին կուրսից, Տիգրանը` երկրորդ:

Դժվար է, շատ դժվար միաժամանակ երեք զինվոր որդի ունենալ բանակում, երբ երեքն էլ տարբեր ծառայավայրերում են, հիմա ամեն նյարդով որսում եմ լուրերի ողջ տեղատարափը…

Կյանքում ամեն դժվարության դիմացել եմ, հաղթահարել, միայն կարոտին է, որ չեմ դիմանում, բայց նաև համակերպվում եմ, գիտակցում` հիմա, առավել քան երբևէ, հայրենիքը զինվորի կարիք ունի: Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտքերս զավակներիս մոտ են. լույսը բացվելուն պես առաջին աղոթքս առ Աստված մեր զինվոր զավակների համար է` ամենակարող Տեր, պահապան եղիր մեր զավակներին, չոր պահիր մոր աչքերը…

Ափսոս, զավակներիս հայրը չկա, այլապես շատ կհպարտանար զինվոր որդիներով:

Տղերք ջան, իմ սիրասուն զինվոր բալեք, մեր արծիվ զավակներ, ձեզ ուժ ու կորով եմ մաղթում, թող ձեր ձեռքը չդողա թշնամուն արժանի հարված տալիս: Միասին եղեք, միակամ` իրար սարի պես թիկունք. թշնամին մեր միասնությունից շատ է վախենում:

Ձեզ, մեր բանակի բոլոր զինվորներին, խաղաղությունը պահող-պաշտպանող բոլոր տղաներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ:

Վերադարձեք ու շենացրեք ձեր տունն ու հայրենիքը խաղաղության մեջ:

ԱՍՊՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արագածոտնի մարզ, գյուղ Գառնահովիտ

 

Ձեր մայրերը ձեզ հետ են

 

Հայրենիքից թանկ ու սուրբ անկյուն չկա: Աշխարհ գնա, այցելիր ամենաշքեղ դղյակներն ու պալատները, միևնույն է` սիրտդ, հոգիդ, աչքդ փնտրելու է հայրենիքի ճանապարհը: Հիմա ես Ռուսաստանում եմ ապրում, ժամանակի դժվարությունների թելադրանքով եմ հայտնվել այստեղ, բայց հավատացեք` սիրտս ու միտքս հայրենիքում են: Այսօր հայրենիքում, հարազատ հողի համար են ծառայում իմ երեք որդիները` Հայկը, Խորենը և Հովհաննեսը: Մինչ ծառայությունը նրանք էլ Ռուսաստանում էին, բայց առանց իսկ մեկ վայրկյան տատանվելու վերադարձան հայրենիք, իրենց պարտքը տալու:

Մայրական սիրտս անհանգիստ է, տագնապներով լի ու լի: Էս աշխարհում մեզ բաժին մնացած էս մի բուռ հողը դարձյալ վտանգի մեջ է… Սիրտս ցավում է ամեն զինվորի համար, զինվորի կյանքից թանկ կյանք չկա… Մեկ-մեկ զարմանում եմ` մեր աչքին են մեր 18-20 տարեկան զավակները էրեխեք, իսկ իրականում հերոս տղերք են, առյուծ տղերք` անվախ ու քաջ: Շնորհակալ եմ բոլոր զինվոր-զավակներին, ովքեր այս պահին կանգնած են սահմանին: Մենք` ձեր մայրերը, ձեզ հետ ենք հոգով, մտքով, աղոթքներով: Անփորձանք ծառայություն ձեզ, մեր զինվորներ, բարի վերադարձ ձեզ, մեր զավակներ:

ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ

Աշտարակ

 

Մեր բաժին պատերազմը

 

Իմ երեք որդիները` Սոկրատը, Տիգրանը և Վլադիմիրը, սովորում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ստիպողաբար, պարտադրանքով չեն ընտրել զինվորականի մասնագիտությունը, այլ սիրով, իրենց իսկ ցանկությամբ:

Ճակատագիրը մեզ բարի հարևաններ չի շնորհել, ուստի պարտավոր ենք ուժեղ և ամուր լինել: Մենք արմատներով Կիրովաբադից ենք` հայոց հինավուրց Գանձակից, գիտենք՝ ինչ է նշանակում բռնի տեղահանություն, ավեր ու ջարդ, գիտենք` ինչ ծանր է տարիներով վաստակած, ստեղծած տունուտեղը թողնել ու նորից ամեն ինչ սկսել զրոյից:

Ասում են` հայի ամեն մի սերունդ իր բաժին պատերազմն ունի, ամեն սերունդ ճաշակում է պատերազմի լեղին ու դառնահամը: Մենակ էս հարյուր տարվա մեջ հայն ինչքա՜ն ցավ տեսավ: Ամուսնուս հայրը Մեծ հայրենականի ժամանակ կորցրել էր եղբայրներին` Սոկրատին, Տիգրանին, ու ամուսինս տղաներիս անվանել է զոհված հորեղբայրների անունով:

Հիմա տղաներս ռազմական գործ են սովորում, որովհետև գիտակցում են, որ մեր թշնամին մի լեզու գիտի, մի լեզու է հասկանում. դա զենքի լեզուն է: Այսօր փոխվել են ժամանակները, ուժեղինն է աշխարհն ու իրավունքը:

ԷԼՄԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Գեղարքունիքի մարզ, գյուղ Մեծ Մասրիկ

 

Ամեն զինվորի ցավ իմ սրտի միջով է անցնում

 

Ես գիտեմ՝ ինչ է պատերազմը, պատերազմի տված դառնությունն ու ցավը: Որդիս` Զաքար Ավանեսյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ: 22 տարեկան էր:

Տարիներ են անցել, բայց ամենակարող ժամանակը չի մեղմացնում իմ տառապանքը, ու այսօր էլ ամեն զոհված զինվորի ցավն իմ սրտի միջով է անցնում:

Ատում եմ պատերազմը ու աշխարհի բոլոր մայրերի նման դեմ եմ ամեն տեսակ բռնության, դաժանության ու չարիքի: Մենք պետք է շարունակեինք մեր հերոսների, իմ որդու կիսատ թողած գործը, պետք է թշնամուն լռեցնեինք իր բնում, որ նա իր ամենահեռավոր երազանքներում երբևէ չհանդգներ մտածել մեր սահմանները ոտք դնելու մասին:

ԿԱՐԻՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ք. Երևան

 

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

մայոր

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն


07/04/2016