Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ



ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրաձգային զենքի արտադրության ոլորտում սկսվեց նոր ժամանակաշրջան, որը որոշ պատմաբաններ անվանեցին Կալաշնիկովի դարաշրջան: Եւ դա չափազանցություն չէ. բավական է նշել, որ 1950- ականների սկզբից մինչ օրս աշխարհում արտադրվել է Կալաշնիկովի տարբեր տեսակի ինքնաձիգների ավելի քան 100 միլիոն նմուշ: Համեմատության համար նշենք, որ արտադրված նմուշների քանակով Կալաշնիկովի ինքնաձիգին հաջորդող ամերիկյան «M-16», գերմանական «HK-G3» եւ բելգիական «FN FAL» ինքնաձիգների ընդհանուր քանակը չի գերազանցում նշված թիվը: Հրաձգային զենքերի պատմության մեջ 100 միլիոնի շեմը հատել է եւս մեկ զենք` գերմանական 7,92×57 մմ «Mauser 98» հրացանը, որը կիրառվել է երկու համաշխարհային պատերազմներում:
Կալաշնիկովի ինքնաձիգը համաշխարհային պատերազմների չի մասնակցել, սակայն սկսած 1950 թվականից դժվար է մատնանշել որեւէ պատերազմ, որում այն չի կիրառվել: Երբեւէ ոչ մի զենք այդքան մեծ փառք չի բերել «ռուսական» արտադրանքին, որքան «Կալաշնիկովը»:
Սակայն ինչպես ցանկացած զենք, Կալաշնիկովի ինքնաձիգը եւս ունի իր վաղեմության ժամկետը, որը մոտենում է ավարտին: Իհարկե, սա չի նշանակում, որ վաղն աշխարհում այլեւս Կալաշնիկովի ինքնաձիգը չի կիրառվի: Հրացաններն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ պաշտոնապես հանված են բոլոր հզոր բանակների սպառազինությունից, սակայն մինչ օրս կիրառվում են մոլորակի ամենատարբեր մասերում: Կալաշնիկովի ինքնաձիգը դեռ մի քանի տասնամյակ համարվելու է տասնյակ երկրների սպառազինության հիմնական հրաձգային զենքը:
Բայցեւայնպես, Կալաշնիկովի դարաշրջանի ավարտը տեսնում են նաեւ Ռուսաստանում: ՌԴ պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովը վերջերս ասել է, որ Կալաշնիկովի ինքնաձիգը հարկավոր է փոխարինել այլ զինատեսակով: «Կալաշնիկովի ինքնաձիգը եւ Դրագունովի դիպուկահար հրացանը բարոյապես հնացել են, դրանք հարկավոր է փոխել, եւ բացառված չէ, որ զենք գնենք արտասահմանից»,- ասել է նա:
Ըստ որոշ տեղեկությունների` ինքնաձիգը նորով փոխարինելու ծրագիրը գործի է դրված, սակայն սկզբունքորեն նոր զենք չի ստեղծվելու. դա կնշանակեր միլիարդավոր դոլարների ծախս: Ենթադրվում է, որ խոսքը Կալաշնիկովի այսպես կոչված 200-րդ սերիայի (խմբաքանակի) մասին է, որի նմուշները ստացել են «AK-200» անվանումը: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ զենք է այս նոր Կալաշնիկովը, եւ արդյո՞ք արդարացված է դրա կիրառումը:

Ի՞ՆՉ Է «AK-200»-Ը
Դեռ Կալաշնիկովի ինքնաձիգի ստեղծման պահից որոշ մասնագետներ ուշադրություն էին հրավիրում դրա թերությունների վրա: Կալաշնիկովի ինքնաձիգի դիպուկությունը մեծ չէ ոչ միայն մեխանիկական վատ նշանոցի, այլեւ փողի ցածր որակի պատճառով: Ավելի հարմար նշանոցային սարքերի տեղադրում նախատեսված չէ: Հարմար չէ նաեւ զենքի ապահովիչը, որը բացասաբար է անդրադառնում նաեւ կրակի տեսակը փոխելու վրա: Զենքն ունի վատ հավասարակշռված հետհարված: Այս թերությունները կարող է զգալ ցանկացած ոք, ով երբեւէ կրակել է Կալաշնիկովի ինքնաձիգով եւ հատկապես հնարավորություն է ունեցել այն համեմատելու այլ զենքի հետ: Այս թերությունները միշտ էլ եղել են, սակայն դրանցից ոչ մեկը որոշիչ չէր համարվում խորհրդային զինվորին ներկայացվող պահանջների տեսանկյունից: Իրականում Կալաշնիկովի ինքնաձիգը լիովին բավարարում է միջին զինվորին ներկայացվող պահանջները, ինչի լավագույն վկայությունը դրա գործածումն է աշխարհի տասնյակ երկրների բանակներում, ինչպես նաեւ ահաբեկիչների ու խռովարարների կողմից:
Սակայն նոր ժամանակները նոր պահանջներ են բերում: Արեւմուտքից եկած հերթական ռազմական նորարարությունը պահանջում է, որ զինվորը լինի բարձրակարգ, արհեստավարժ, անվրեպ կրակող, արագ կողմնորոշվող, իրավիճակի փոփոխությանն արագ արձագանքող եւ ունենա մի շարք այլ մասնագիտական որակներ, որոնք հատուկ չեն «միջին» զինվորին: Այդպիսի զինվորը պետք է զինվի ոչ թե սովորական ինքնաձիգով, այլ` «բարձրակարգ համալիրով»: Վերջինս ներառում է տարատեսակ նշանոցային սարքավորումներով, հնարավորության դեպքում նաեւ նռնականետով համակցված զենքեր, որոնց տրամաչափը եւս հեշտությամբ կարելի է փոխել` կախված մարտական առաջադրանքից կամ ձեռքի տակ եղած փամփուշտի տրամաչափից: Ահա այս պահանջներն են, որոնք շուրջ մեկ տասնամյակ արհամարհվում էին ռուսական ռազմավարների կողմից: Սակայն, ի վերջո, նրանք էլ տեղի տվեցին:
Նոր «AK-200»-ը «AK-74»-ի կատարելագործված տարբերակն է, մասնավորապես՝ օժտված է Պիկատինիի սանդղակներով, որոնք հնարավորություն են տալիս ինքնաձիգին հարմարեցնելու տարատեսակ սարքավորումներ, ինչպես նաեւ հենակներ: Նոր ինքնաձիգն ունի ավելի մեծ փամփշտատուփ, փողատուփի ավելի ամուր կափարիչ եւ այլ առավելություններ: Ըստ նախագծի` փողի փոփոխման շնորհիվ այն նախատեսվում է ինչպես 7,62×39 մմ, այնպես էլ 5,45×39մմ տրամաչափի փամփուշտների համար: Այսինքն` «AK-200»-ը պետք է ունենա մոդուլային կառուցվածք, ինչպես «FN SCAR»-ը, «Magpul Masada ACWS (Adaptive CombatWeapon System)»-ը եւ արտասահմանյան այլ ինքնաձիգներ: Միեւնույն ժամանակ, «AK-200»-ն ունի այնպիսի թերություններ, ինչպիսիք են հենակի, ապահովիչի եւ կրակի տեսակի փոփոխման անհարմարությունը, ուժեղ հետհարվածը եւ, թերեւս, փողերի պատրաստման անկատար տեխնոլոգիան: Այլ կերպ ասած` ցածր դիպուկության եւ զենքն արագորեն կրակի բերելու խնդիրները, մեծ հաշվով, լուծված չեն:

ՀՐԱԶԵՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Ռազմական արվեստի հիմնարար սկզբունքները վաղուց են հայտնի։ Սակայն այսօր մենք պետք է կարողանանք նորովի իմաստավորել դրանք` հիմնվելով մեր ռազմաբեմի առանձնահատկությունների, ռազմական եւ տնտեսական հնարավորությունների, ազգային առանձնահատկությունների վրա` միաժամանակ հաշվի առնելով համաշխարհային փորձը մարտավարական զարգացման բնագավառում։ Հայկական բանակի համար պետք է մշակվի առանձնահատուկ, մեր իրականությանը եւ տեղանքին համապատասխանող մարտավարություն։ Այս հրամայականը վաղուց արդեն քննարկման առարկա չէ։ Խնդիրը լոկ այն է, թե ինչ մարտավարություն է մեզ հարկավոր։ Մարտավարության մշակումը, իհարկե, դյուրին գործ չէ, պետք է աշխատեն տասնյակ մասնագետներ, վերլուծեն մի քանի պատերազմների փորձը եւ կատարեն համապատասխան եզրակացություններ։ Գործն այս բնագավառում հետաձգելը կնշանակի անտեսել մեր անվտանգությունը։
Հաշվի առնելով վերջին տեղային պատերազմների փորձը` աշխարհում այսօր լրջորեն քննարկվում է հիմնական հրաձգային զենքերի տրամաչափի հարցը։ Որոշ մասնագետներ հակված են կարծելու, որ միջանկյալ տրամաչափի 5,45×39 եւ 5,56×45 մմ-ոց փամփուշտներն այլեւս չեն համապատասխանում համազորային մարտի պահանջներին։ Եւ արդեն ամերիկյան բանակի համար պատրաստվում է այլ տրամաչափի (Remington SPC 6,8×43 մմ-ոց փամփուշտի համար նախատեսված) հրաձգային զենք` Barrett REC7։ Ամերիկյան հատուկ ջոկատայիններն արդեն կիրառում են «FN SCAR-H» (Special Operations Forces Combat Assault Rifle-Heavy) ինքնաձիգներ, որոնք նախատեսված են մեծ` 7,62×51 (Winchester .308) փամփուշտների համար։
Սրա նպատակահարմարությունը մեզանում եւս ընկալվել է։ Շատ ազատամարտիկներ Արցախյան ազատամարտի ընթացքում գերադասել են օգտագործել «AKM» տեսակի ինքնաձիգ, որի փամփուշտը եւս պատկանում է միջանկյալ դասին, սակայն զգալիորեն հզոր է վերը նշված միջանկյալ տրամաչափի փամփուշտներից։
Քանի որ փամփուշտների տեսականին մեծ է, իսկ զենքերին ներկայացվող մյուս պահանջն էլ բազմանպատակային լինելն է, ուստի նոր տեսակի զենքերն արտադրվում են մոդուլային կառուցվածքով։ Այսինքն` փողերի փոփոխությամբ նրանք կարող են արձակել տարբեր փամփուշտներ եւ, բացի դրանից, կարող են վերածվել գնդացիրների, ինքնաձիգների, դիպուկահար հրացանների եւ այլն։ Այդ միտումը գալիս է Արեւմուտքից, մոդուլային կառուցվածքով առաջին զենքերից էին վերը նշված` «FN SCAR»-ը, «Magpul Masada ACWS (Adaptive CombatWeapon System)», «CZ 805» եւ այլ` հիմնականում փորձնական կամ սահմանափակ քանակով արտադրված զենքերը։
Հետաքրքիրն այն է, որ նման զենքերի տարբեր մոդուլներում 5,56×45 մմ-ոց փամփուշտներից բացի, գրեթե պարտադիր նախատեսվում են վերը նշված տրամաչափերի ավելի հզոր փամփուշտներ։ Սա առնվազն նշանակում է, որ հրացանային փամփուշտները նորից առաջին պլան են մղվում։ Որոշ մասնագետներ ավելի կտրուկ կարծիք են հայտնում, որ միջանկյալ տրամաչափի փամփուշտները ժամանակի ընթացքում գործածությունից դուրս կգան։ Մենք եւս չենք բացառում նման հեռանկարը։

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


15/06/2011