ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության մեջ կան մի շարք ծանր զինատեսակներ, որոնցից շատերը արդեն օգտագործվել են 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների («Քառօրյա պատերազմի») ժամանակ:
Ներկայացնենք դրանցից մի քանիսի մարտավարատեխնիկական բնութագրերը և ադրբեջանական զինված ուժերում դրանց առկայության վերաբերյալ որոշ տվյալներ:
Կներկայացնենք ՏՕՍ-1-ը, ՏՕՍ-1Ա-ն, «Սմերչը», «Տոչկա» մարտավարական հրթիռները:
ՏՕՍ-1 եւ ՏՕՍ-1Ա
ՏՕՍ-1 կամ «Բուրատինո» համակարգը արտադրված է Ռուսաստանում: ՏՕՍ (ТОС) նշանակում է «тяжёлая огнемётная система», այսինքն՝ «ծանր հրանետային համակարգ»: Ըստ ռուսաստանյան և ադրբեջանական մամուլի տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժին 2013թ. ՌԴ-ն մատակարարել է 6 միավոր ՏՕՍ-1 «Բուրատինո», իսկ 2013- 2014թթ.՝ ևս 12 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգեր:
ՏՕՍ-1-ը համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ է (ԾՀՀ) (ռուսերեն՝ тяжёлая огнемётная система (ТОС) Տ-72 տանկի բազայի վրա: Պատկանում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի՝ ՀԿՌՀ-երի (ռուսերեն՝ PC30, անգլերեն` Multiple Rocket Launching System՝ MLRS) կարգին: Մոդիֆիկացիան` համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ «Բուրատինո» («Буратино»): Հեռահարությունը՝ տարբեր մոդիֆիկացիաների և տարբեր հրթիռների դեպքում՝ 3,6 կմ-ից մինչև 6 կմ: Խոցման մակերեսը՝ մինչև 40 հազ. քառ. մետր:
ՏՕՍ-1-ի զանգվածը մարտական դրությունում կազմում է 46 000 կգ: Երկարությունը երթային դրությունում՝ 6860 մմ: Լայնքը երթային դրությունում՝ 3460 մմ: Բարձրությունը երթային դրությունում՝ 2600 մմ: Կլիրենսը՝ 470մմ: Տրամաչափը՝ 220 մմ: Հրթիռի զանգվածը (մարտական մասը)՝ 175 կգ (30 կգ): Փողի երկարությունը՝ 5000 մմ: Ուղղորդիչների թվաքանակը՝ 24 հատ (կա նաև 30 հատանոց):
Հրաձգության հեռավորությունը նվազագույնը՝ 400 մ:
Հրաձգության հեռավորությունը առավելագույնը՝ 3600 մ (նոր հրթիռներով՝ մինչև 6000):
Խոցման մակերեսը՝ մինչև 40 000 քառ. մետր:
Մարտական մեքենայի հաշվարկը՝ 3 մարդ:
Լրիվ համազարկի ժամանակը՝ 15 վայրկյան:
Շարժիչի տիպը՝ V-12 դիզելային:
Առավելագույն արագությունը մայրուղով՝ 65 կմ/ժ:
Ընթացքի պաշարը մայրուղով՝ 550 կմ:
Անվային բանաձևը՝ թրթուրավոր շասսի:
Ուղղորդիչ խողովակների պակետի և դրանց արկերի մեծ զանգվածը պահանջել է, որ շասսին լինի զգալի բեռնամբարձության, իսկ կրակի համեմատաբար փոքր հեռավորությունները (400-600 մինչև 4500 մետր) պահանջում են նաև ամբողջ մարտական մեքենայի պաշտպանության որոշակի մակարդակ, որը դարձյալ ծանրացնում է այն: Արդյունքում՝ մարտական մեքենայի զանգվածը հասնում է 46 տոննայի:
30 ուղղորդիչների բաղկացած պակետը մոնտաժված է շրջադարձային պլատֆորմի ճոճվող մասի վրա:
Չկառավարվող հրթիռը կազմված է գլխամասից՝ լցոնիչով (այրող կամ թերմոբարիկ բաղադրությամբ), պայթուցիչից և պինդ վառելիքային ռեակտիվ շարժիչից:
ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»
Ծանր հրանետային համակարգ ՏՕՍ-1Ա-ն մշակվել է 2001թ.: Համակարգի հիմնական խնդիրը հետևակի և զրահատանկային զորամիավորումների աջակցությունն է: Բազային տարբերակից հիմնական տարբերությունները հետևյալներն են.
- Ուղղորդիչների թվաքանակը ՄՄ-ի վրա նվազեցված է 30-ից մինչև 24:
- Տրանսպորտա-լիցքավորիչ մեքենան ստեղծված է Տ-72 տանկի բազայի վրա (նախորդ մոդիֆիկացիայով այն տեղակայվում էր ԿրԱԶ բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա):
ՏՕՍ-1Ա-ի կազմը
- Մարտական մեքենա ՄՄ-1՝ ԲՄ-1 (Օբյեկտ 634ը),
- Տրանսպորտա-լիցքավորիչ մեքենա ՏԶՄ-Տ (Օբյեկտ 563),
- «Երկիր-երկիր» չկառավարվող ռեակտիվ արկ՝ ՉԿՌԱ (ռուսերեն՝ НУРС) ՄՕ.1.01.04 կամ ՄՕ.1.01.04Մ:
Այս սպառազինության համակարգի վտանգավորության աստիճանը բավական մեծ է: Լեռնային պայմաններում թերմոբարիկ՝ ջերմաճնշային արկերի օգտագործումը հանգեցնում է հակառակորդի զգալի կորուստների: Կիրառվել է Աֆղանական, Չեչենական եւ Սիրիական պատերազմներում:
Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ռազմական