Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5



-Չորսն էլ նույն հիվանդասենյակում են պառկած՝ Դավիթը, Արմանը, Նարեկն ու Էրիկը: Չորսն էլ 20 տարեկան չկան, բայց ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ կռիվ են տվել, չեն վախեցել, մինչեւ վերջ կրակել են, – պատմում է Արտյոմ Պողոսյանը հոսպիտալի ճանապարհին:

Արտյոմը ազատամարտիկ է: Նա ոտքը թողել է Արցախյան պատերազմում, երբ ընդամենը 19 տարեկան էր՝ թիվ 5 հիվանդասենյակի զինվորների հասակակիցը: Գուցե դա է պատճառը, որ Արտյոմի սիրտը չի կտրվում թիվ 5 հիվանդասենյակից:

-Դավիթը կորցրել է երկու վերջույթները,- շարունակում է Արտյոմը,- Արսենը՝ ոտնաթաթը, իսկ Նարեկը….

Վերջույթ, թաթ, դաստակ, կողոսկր: Բառերը ասես մեկական մեխ են, որ հարվածելով մտցնում եմ ուղեղիս մեջ:

…Ինչու էր ինձ թվում, թե թիվ 5 հիվանդասենյակը միջանցքի ծայրին կլինի: Երկու քայլ՝ եւ հիվանդասենյակի դռանն ենք. սիրտս ասես գլխիս մեջ է բաբախում: «Առաջ դու մտիր»,- ասում եմ Արտյոմին: …Սենյակը մեծ է, ու լույսը անսովոր շատ է թվում: Ես կկոցում եմ աչքերս, որ ավելի լավ տեսնեմ… Չորս ժպիտ, չորս լույս սենյակի չորս անկյունից բառացիորեն ծագում են վրաս:

-Բարեւ ձեզ, ո՞նց եք,- ես լսում եմ Արտյոմի ձայնը:

-Բարեւ ձեզ,- կրկնում եմ մեքենայաբար: Հանկարծ հայացքս կորցնում է Դավիթի պայծառ ժպիտը ու սահում ներքեւ, ծնկներից ներքեւ… Ու հիվանդասենյակի սպիտակ պատերը սկսում են օրորվել: Դավիթը արագ ծածկում է ոտքերի վիրակապը: Ես անզոր նայում եմ շուրջս. ինձ հենարան է պետք:  Նույն պահին մայոր Սարգիս Ստեփանյանի խրոխտ կերպարանքը նկարվում է դռների արանքում, ու ես գրկում եմ նրան: 

…Հիմա արդեն ես էլ եմ ժպտում: Մենք խոսում ենք բարձրաձայն, աղմկելով, մեկս մյուսին ընդհատելով ու ծիծաղում ենք:

– Ես ու դու թռչելու ենք պարաշյուտով, սար ենք բարձրանալու,- ասում է Սարգիսը Դավիթին ու միակ ձեռքով խառնում տղայի մազերը: – Դեռ պարելու ենք քո հարսանիքին:

 

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Էլի կռվելու եմ…

Ես Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղից եմ: Հայրս մասնակցել է Արցախյան պատերազմին, հիմա ծառայում է սահմանային զորամասում: Աչքս բացել՝ շուրջս համազգեստով մարդիկ եմ տեսել: Մեր տանը ամենից հաճախ հնչող բառերն էին՝ սահման, զինվոր, զենք, բանակ… Ես ծնողներիս միակ արու զավակն եմ… Հայրս շատ էր հպարտանում իր համազգեստով: Ու համազգեստ կրելը մկրտվելու պես բան էր ինձ համար: Ես այնքան հպարտ էի, որ, չնայած մորս տրտունջներին, հայրս ինձ անվտանգ զորամասում տեղավորելու փորձ անգամ չարեց, ու ես ծառայության անցա երկրիս ամենաթեժ կետերից մեկում: Տասը ամիս հակառակորդի կրակի տակ դիրք ենք պահել տղերքով, դիվերսիաներ ենք ետ մղել:

…Դիրքի ավագը ես էի: Գնացել էի փշալար կապելու. ասի՝ մենակ գնամ, որ չնկատվենք: Գործս վերջացրի, ետդարձի ճանապարհին էի՝ մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական կոշիկիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից: Րոպեներ անց մեր դասակի հրամանատարը մտավ ականապատված դաշտ ու սկսեց զգուշորեն մոտենալ ինձ: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ ապրումներ է ունենում մարդը, երբ պառկած է ականների մեջ, ու իր երիտասարդ հրամանատարը մտնում է ականապտված դաշտ, որ փրկի կյանքդ: Նա հասավ ինձ, կապեց ոտքերս, հետո ինձ շալակն առավ, ու միասին դուրս եկանք մահվան աքցանից:

Մնացածը գիտեք: Ես տարակուսանք եմ նկատում մարդկանց աչքերում, երբ ժպտում եմ, խոսում, ծիծաղում: Ես պատրաստ եմ եղել կյանքս տալ հայրենիքի համար, ես պատրաստ եմ եղել ամեն զոհողության, միայն թե՝ թշնամին չմտնի մեր հողը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունն ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունը: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայրիս զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ ինձ: Էլի սահման եմ գնալու, էլի կռվելու եմ թուրքի դեմ, էլի կրակելու եմ թուրքի վրա, եթե հանդգնի դուրս գալ իր բնից:

Դավիթ Գրիգորյան

շարքային

 

Մեր թանկ զոհերը մեզ հազարապատիկ ուժեղ դարձրին

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Հրետանի էր աշխատում, ականանետներով խփում էին ու խփում: Բայց դիմադրում էինք, առաջ չէինք թողնում թուրքերին:

…Բարձրացա դիտակետ, որ դասակի հրամանատարի կողքին լինեմ: Հանկարծ դիմահար կրակ բացեցին, նույն պահին ոտքերիս մոտ նռնակ պայթեց: Ընկա: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց նորից ընկա: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ընկերներս վերջին ուժերով դիմակայում էին թշնամուն, որը ամեն կերպ փորձում էր գրավել դիրքը: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Հետո զորամասի հրամանատարի տեղակալն ու իրային ծառայության պետը ինձ հանեցին կրակի գծից՝ վտանգելով իրենց կյանքը: Թուրքերը ճանապարհը կրակի տակ էին առել, տեղ-տեղ սողալով ենք անցել: 50-60 մետր մենակ եմ սողացել:

Ես չհասցրի ցավ զգալ, չհասցրի մտածել, թե ինչպես է փոխվելու կյանքս, երբ ստիպված լինեմ ապրել արհեստական ոտնաթաթով, որովհետև ավելի ծանր հարված ու ավելի մեծ ցավ ստացա սրտիս. իմացա, որ ընկերներս մինչև վերջ պայքարել են ու զոհվել են դիրքը պաշտպանելիս: Իմ դասակի հրամանատարն էլ է զոհվել: Հայրենիքը միշտ էլ թանկ է եղել ինձ համար, բայց հիմա հայրենիքի գինը բազմապատկվել է զոհված ընկերներիս արյամբ: Թշնամին պատասխան է տալու իր արածի համար: Ընկերներիս կյանքի համար: Թուրքը թող իմանա, որ այս քառօրյա պատերազմը, այս զոհերը, որ ունեցանք պատերազմում մեզ հազարապատիկ ուժեղ ու վրիժառու դարձրին:

Արման Ավետիսյան

շարքային

 

Թեկուզ տիեզերանավով գան

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Ես Ստեփանակերտից եմ: Ութ ամիս է մնացել՝ ծառայությունս ավարտեմ, 11 հերթափոխ պոստի եմ կանգնել:Հակառակորդը միշտ էլ կրակել է. մեզ համար նորություն չէր: Այս անգամ էլ լավ դիմակայում էինք, մեկ էլ՝ թշնամու տանկերը մտան դիրք… Մնացինք տանկերի դիմաց, բայց չփախանք: Մանրամասներ չեմ ուզում հիշել. բոլորն էլ հեռուստացույցով պատերազմի մասին ֆիլմ տեսած կլինեն: Կարևորը՝ հոգեբանորեն պատրաստ լինես մարտի և տիրապետես զենքին: Եթե խուճապ չկա, վախ չկա, կյանքդ ամեն գնով պահպանելու միտք չկա, ուրեմն՝ հաղթող ես:

Ես ձեռքից վիրավորվեցի: Մենք թուրքերից չենք վախենում, ուզում է՝ տանկով գան, ուզում է՝ տիեզերանավով: Միշտ էլ դրանց դաս ենք տվել ու տալու ենք: Մենք ադրբեջանցիներին տալու հող չունենք, ընդհակառակը՝ ինքն է մեզ պարտք, ինքն է խլել մեզնից մեր պապերի հայրենիքը… Որովհետև թուրքի հետ իր լեզվով չենք խոսել: Թուրքին պիտի ուժ ցույց տաս, որ գայլի պես ոռնալով ետ քաշվի: Էդ էլ արեցինք:

Էրիկ Ալուխանյան

շարքային

 

Զինվորը ամեն ինչից ավելի սիրո կարիք ունի

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5…Զորամասում պառկած էինք, երբ նորից սկսեցին կրակել: Ինձ ու ընկերներիս՝ որպես օգնական ուժ, ուղարկեցին առաջնագիծ:

Արկը պայթեց կողքիս… Արդեն վիրահատվել եմ: Ինձ լավ եմ զգում, բայց դե կողոսկրս փշրվել էր, պիտի կպչի, որ կարողանամ շարք վերադառնալ: Շուտ ոտքի կանգնեմ, գնամ հասնեմ տղերքին:

…Գիտեք, մի տեսակ, անհարմար ես զգում, որ տղերքը դիրքում են, իսկ դու պառկած հարցազրույց ես տալիս: Քաջերը սահմանին են, սա՛ գրեք իմ փշրված կողոսկրի մասին պատմելու փոխարեն: Էն մարդիկ, ովքեր ասում էին՝ ջահելները երկիր պահող չեն, թող գնան դիրքեր ու տեսնեն, թե ով է պահում երկիրը, ինչպես է պահում:

Մեզ ոչ մի բան այնքան չի ոգևորում, որքան ժողովրդի սերը: Երբ պատերազմ չկա, այդ ժամանակ էլ սիրեք: Չգիտեմ՝ Արմանը ձեզ պատմե՞ց, որ մի 10-12 տարեկան աղջիկ իր բուֆետի փողը հավաքել է ու դիրքապահ զինվորների համար ատամի մածուկ ու խոզանակ է առել-ուղարկել: Արմանն ասում է՝ ոնց էինք ուրախացել, ոնց էինք ոգևորվել: Մենք խոզանակ էլ ունեինք, մածուկ էլ, բայց էդ իրերի հետ փոքրիկ աղջիկը մեզ սեր էր ուղարկել….Բոլոր զինվորներն էլ հացից, հագուստից… ամեն ինչից ավելի սիրո կարիք ունեն:

Նարեկ Վարդումյան

շարքային

 

Իմ զինվոր տղան է ինձ ուժ տալիս

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկիր, որ ընկճված տեսք չունենաս: Իմ տղան է ինձ ուժ տալիս:

Արմենուհի Գրիգորյան

զինվոր Դավիթի մայրը

 

Մեզ չեք վախեցնի

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Տղաս արիաբար պաշտպանել է Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ նաև իմ որդու շնորհիվ թշնամուն ուղարկեցինք իր որջը: Ես զինվորի մայր եմ, իսկ դա քաջ, ամուր, ուժեղ լինելու պարտավորություն է առաջին հերթին: Երկրի նախագահը, պաշտպանության նախարարը ասացին, որ իրենք միշտ մեր կողքին կլինեն: Մենք չենք ընկճվելու, չենք նահանջելու: Հակառակորդը մեր որդիների վրա կրակելով մեզ չի վախեցնի:

Քնարիկ Ավետիսյան

զինվորի մայր

 

 

 

Միշտ Ձեր կողքին ենք լինելու

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Այս հիվանդասենյակը տասնյակ տարիների վաղեմության հիշողություններ է արթնացնում: Ես այս հիվանդասենյակում էի պառկած. ականի պայթյունը վնասել էր ոտքս: Ինձ թվում էր՝ կյանքն ավարտվել է. ընդամենը 19 տարեկան էի: Գոռում էի, սպառնում բժիշկներին, չէի հաշտվում կատարվածի հետ:

Այդ ժամանակ էր, որ Շառլ Ազնավուրը հենց այս հիվանդասենյակում ինձ այցի եկավ… Մենք 40 րոպե զրուցեցինք։ Նա ասես կարդում էր մտքերս ու մեկ առ մեկ պատասխանում էր իմ մտահոգություններին, կասկածներին, իմ բազում անպատասխան հարցերին: Նա այնպիսի հույս ու ոգի ներշնչեց իր խոսքերով, այնպես գոտեպնդեց, որ ասես կյանք վերադարձրեց ինձ… Հեռանալիս խնդրեց, որ սեղանիս դրված իմ լուսանկարը նվիրեմ իրեն։ Ես այդ նկարում 16 տարեկան էի ու զինվորական համազգեստով։ Չգիտեմ՝ նկարս մեծն Շառլ Ազնավուրի ինչին էր պետք (գուցե բոլորովին էլ պետք չէր), բայց այդ պահին ես այնպիսի հզոր ապրումներ ունեցա։

Հիմա ես եմ մեր հերոս զինվորների կողքին: Ես հարկավոր բառեր եմ գտնում հերոս տղաների համար, որպեսզի չկորցնեն լավատեսությունը, երջանիկ լինելու կամքը… Այս պահին իմ զինվոր տղան նույնպես սահմանին է, իսկ ես նոր եմ վերադարձել Արցախից: Տղայիս զորամասը չեմ գնացել, ուրիշ զորամաս եմ գնացել, որովետև բոլոր զինվորներն էլ մեր տղաներն են: Գիտեմ՝ մի ուրիշ ազատամարտիկ էլ իմ տղայի կողքին է կանգնելու:

Արտյոմ Պողոսյան

ազատամարտիկ

 

Եկել եմ շնորհակալություն ասելու զինվորին

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Եկել եմ շնորհակալություն ասելու մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու ետ են շպրտել թշնամուն: Եկել եմ իմ օրինակով համոզելու, որ կարելի է ապրել նաև մեկ ձեռքով, ապրել գլուխը բարձր, հպարտ, սիրով շրջապատված… Ես չեմ մոռացել, թե ինչ ապրումներ ունեի, երբ սկսեցի հասկանալ-գիտակցել դաժան իրականությունը, երբ տեսա, որ կորցրել եմ վերջույթներս: Որքան էլ ասենք, որ մենք զինվոր ենք ու պատրաստ ենք ամեն անակնկալի, միևնույն է, գալիս է մի պահ, երբ չես պատկերացնում, թե ինչպես ես շարունակելու ապրել…. Եվ այդ ժամանակ է, որ զգում ես քեզ սիրող մարդկանց կարիքը: Սերը ուժի ամենամեծ ակունքն է: Այս տղաների բոլոր կորուստներն ու զոհողությունները մեր սիրով պիտի փոխհատուցենք:

Սարգիս Ստեփանյան

մայոր

 

Հիվանդասենյակ թիվ 5: Այս բառակապակցությունը իմ հիշողության մեջ կմնա որպես հայի հերոսության, Հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, Հայոց բանակի անպարտելիության խորհրդանիշ… Հիվանդասենյակ չէր, զորանոց էր, բանակ էր… Օդը լցված էր ասքերով, ուժով, կամքով: Հաղթանակով: Ես տեսա հպարտության, քաջության, հայրենասիրության սահմանը: Ես հասկացա՝ աշխարհում չկա մի ուժ ու մի զենք, որ հաղթի հայի հոգու ուժին:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


13/04/2016