Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԻՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ



ՍԱՍՈՒՆ ԲԱԴԱՍՅԱՆ

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԻՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲՊԲ ստորաբաժանումները գործել են կազմակերպված, արդյունավետ կիրառել են պաշտպանության և նախահարձակ թշնամու զսպման անհրաժեշտ միջոցներ: Խիզախ և պատրաստված հայ զինվորն ու սպան հաջողությամբ մարտ են վարել հակառակորդի տասնապատիկ անգամ գերազանցող ուժերի դեմ և հաղթել: Ուզում եմ ընդգծել մեր զինվորի պատրաստվածությունը, որովհետև կարող են լինել խիզախ, բայց ռազմական գործին չտիրապետող զինվորներ: Համեմատության համար նշեմ, որ ադրբեջանական կողմն ունի ժամանակակից սպառազինության տարբեր նմուշներ, սակայն փորձը ցույց տվեց, որ կարևորը ոչ թե այդ զենքն ունենալու փաստն է, այլ այդ զենքը կիրառելու կարողությունը: ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն էլ իր խոսքում նշեց, որ ուժը տանկերի թվի մեջ չէ:

Պատերազմական այս օրերին համոզվեցինք, որ հայ զինվորն իր հաստիքային զինատեսակների հնարավորություններն օգտագործում է ամբողջությամբ: Կունենանք մեկ այլ զենք, կտիրապետի նաև այդ տեխնիկային: ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող զորավարժությունների ժամանակ մեր զինվորները միշտ բարձր արդյունքներ են ցուցադրել: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ զարմանում են, թե փոքր պետության բանակի զինվորները ինչպես են կարողանում կարճ ժամանակում հմտորեն տիրապետել զենքին: Նախանցած տարի տանկային բիաթլոնում երկրորդ տեղը գրավեցինք ամբողջ աշխարհում: Մի՞թե պատահական էր այդ արդյունքը, իհարկե՝ ոչ: Մենք ոչ միայն այդ երկու անձնակազմը պատրաստեցինք եւ ուղարկեցինք մրցույթի, այլ ամբողջ բանակն է այդպես պատրաստվում: Այսինքն՝ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում աչքակապությամբ չեն զբաղվում, կատարում են իրենց խնդիրը, ուսուցանում են զինվորին: Նշեմ, որ այսօր էլ անընդհատ շարունակվող փոխհրաձգության պայմաններում հայ զինվորը շարունակում է սովորել, ուսումնասիրել, պատրաստվել թե՛ առաջին բնագծում, թե՛ թիկունքում:

Մարտերի ընթացքում հատկապես արտահայտիչ է եղել առաջին հարվածը իրենց վրա վերցրած ՊԲ մարտիկների հոգեբանական պատրաստության բարձր աստիճանը: Մեր զինվորը չի վախեցել, դրանով իսկ լուծելով իր առաջին խնդիրը: Արդեն քանի տարի է, որ մեր զինվորները հոգեբանական լուրջ արգելագոտիներ են հաղթահարում, օրինակ, ասենք, խնդիրը կատարելիս իմիտացիոն սարքերի միջոցով նրանց կողքին պայթյուններ են իրականացվում, կամ մարտականին մոտ ուսումնական մարտեր են կազմակերպվում և այլն: Ուսուցանման նախնական փուլում արդեն հայ զինվորը հոգեբանորեն պատրաստ է մարտի: Վառ օրինակ՝ ադրբեջանական ուղղաթիռի խոցումը: Ապացուցված է, ուղղաթիռի գրոհելիս յուրաքանչյուր բանակի զինվոր փորձում է փախչել, պատսպարվել, բայց մեր զինվորի հոգեբանությունը, նվիրվածությունն այնքան բարձր է, որ վախը չհաղթեց նրան: Աշխարհն է զարմացել, թե ինչպես կարելի է նռնականետով խոցել ուղղաթիռը: Ավելին, մեր զինվորը ոչ թե ուղղակի կրակել է, այլ հաշվարկ է կատարել: Սովորական կրակելու ժամանակ անգամ հաշվարկ է պետք կատարել. իսկ այս դեպքում՝ կրկնակի, որ ուղղաթիռի բարձրացրած քամին չշեղի արկի ուղղությունը: Այսինքն՝ հայ զինվորը ծառայության ժամանակ իր սովորածը կիրառել է առանց վախենալու:

 

Տանկն ընդամենը երկաթ է

Օրինաչափ է նաև հակառակորդի խոցված տանկերի մեծ թիվը: Պարապմունքների ժամանակ մենք ասում ենք մեր զինվորին՝ տանկն ընդամենը երկաթ է, պետք չէ վախենալ: Մեր հակատանկայինները տիրապետում են իրենց զինվորական մասնագիտությանը, նրանք ցույց տվեցին՝ եթե Արցախյան պատերազմում խոցում էինք Տ-72 տանկեր, ապա այժմ՝ Տ-90: Այդ ժամանակակից տանկերն էլ չկարողացան մեր հայ զինվորի ոգին կոտրել: Ուսումնասիրել ենք հակառակորդին, նրա ունեցած սպառազինության մարտավարատեխնիկական տվյալները, նաև Տ-90 տանկի ուժեղ և թույլ կողմերը, հայտնաբերել խոցելի տեղերը: Այդ ամենը գիտեր մեր զինվորը:

Զինվորները կարողացել են առանց վախենալու հմտորեն տեղաշարժ կատարել խրամատի մեջ: Եթե նրանք չիմանային իրենց պարտականությունները մարտի դաշտում, չտիրապետեին իրենց հաստիքային զինատեսակին, կվախենային և ոչ մի արդյունավետ գործողություն չէին կատարի: Պարզապես կփախչեին: Շտապողականություն չեն դրսևորել, երբ զինտեխնիկան հայտնվել է խոցման համար նպաստավոր բնագծում, նոր միայն կրակել են: Շուտ կրակելու դեպքում արկը հնարավոր է պայթեր մինչև տեղ հասնելը, որևէ վնաս չտար, փոխարենը բացահայտեր մեր կրակային դիրքը:

Զուգահեռ կարողացել են ապահովել խնդրի կատարման օպերատիվությունը: Դու չհասցնես, քեզ կխոցեն, պատերազմի օրենքն է: Մեր զինվորը ավելի արագ է գործել, քան թշնամու հզոր զինտեխնիկայի՝ ուղղաթիռի, տանկերի անձնակազմը:

 

Մարտավարություն

Փաստերը վկայում են, որ ադրբեջանական կողմը բավական երկար ժամանակ նախապատրաստվել է այս գործողությանը, մեծ քանակի ժամանակակից տեխնիկա է գնել, տեղակայել առաջնագծին մոտ: Բայց հաշվի չի առել, որ կա ֆիզիկական անձի, տվյալ դեպքում՝ հայ զինվորի գործոնը: Հակառակորդը շեշտը դրել է իր սպառազինության գերազանցության վրա եւ շարժվել է նույն անգրագետ մարտավարությամբ: Ընդհանուր առմամբ, հարձակվել են բոլոր տեղերում: Ըստ իրենց մտահղացման, մեզ պետք է շեղեին, փորձեին հիմնական թևային շրջանցումներ կատարել: Բայց այդ դասերը մենք վաղուց ենք անցել: Այսօրվա հակառակորդն իր մարտավարությամբ և մտահղացմամբ մեզ չի կարող խուճապի մեջ գցել և ոչ էլ անակնկալի բերել: Հակառակորդին լավ ենք ճանաչում:

Հայկական կողմը, բացի ավանդական, դասական ոճից, նաև ոչ ավանդական գործողությունների է դիմել: Փոքրիկ ուժերով՝ մեծ խնդիրներ, խելամիտ պաշտպանություն, մենք իրականում դրանք կյանքի կոչեցինք: Նաև մարտավարության նոր ձևեր ներդրեցինք:

Հակառակորդը կիրառեց ամեն ինչ, եւ եթե հայ զինվորի փոխարեն մեկ այլ ազգի զինվոր լիներ, անկեղծ եմ ասում, կասկածում եմ, որ կդիմակայեր: Կիրառեցին ամեն ինչ, բայց մենք գիտենք պաշտպանվել, հետախուզում կատարել, հետապնդել, հակագրոհներով թուլացնել, անակնկալի բերել, խաբել թշնամուն:

Այսօրվա մեր մարտավարությունը 90-ականների մարտավարությունը չէ: Կան նմանություններ, բայց առավելապես նոր ձևեր և մոտեցումներ են մշակվել: Օրինակ՝ խորքից սրընթաց գրոհ սաստիկ ճնշմամբ: Այժմ տարբեր պետությունների ռազմական փորձագետներ վերլուծում են այդ օրերին հայկական կողմի գործողությունները, զարմանում, թե ինչպես գործեցին թշնամու այդքան հզոր սպառազինության կիրառման դեմ:

Պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակը արհեստավարժ բանակ է: Սրանք լոկ բառեր չեն, սա իրականություն է:

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ազգային բանակ


13/04/2016