ՀԱՂԹԵՑ ՈՒԺԸ, ՈԳԻՆ, ՀԱՎԱՏԸ…
Մենք բոլորս էլ համոզված էինք, որ հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների դեմը կառնենք… Այդպես էլ եղավ…
Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, մեր հայրենիքը, մեր օջախը, մեր հողը, քանզի այդ հողի վրա է ծնվում մեր երեխան, իրենց «հանգիստն» են գտնում մեր ծնողները: Դաժան է եղել մեր ճանապարհը, սակայն հաղթեց ոգու միասնությունը, ուժը, հավատը, մեր բնավորությունը: Քանի որ մենք ծնվել ենք ապրելու և արարելու համար:
Փառք ու պատիվ քեզ, Հայաստանի՛ զինվոր:
Շնորհակալություն, որ առանց վարանելու «արյան» բերան գնացիք ու նահատակվեցիք:
Սակայն այս քառօրյա պատերազմից մենք պետք է լուրջ դասեր քաղենք, եթե չենք ուզում կրկին փորձության առջև կանգնել: Ղարաբաղա-ադրբեջանական գոտում մենք տեսանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին հակասող նողկալի, բարբարոսական՝ սպանված զինվորին գլխատելու, 80-90 տարեկան մեծահասակներին սպանելու, ականջը կտրելու սարսափելի դեպքեր… Իսկ ադրբեջանական «զինվորը» ընդամենը պարծենում էր ու հրճվում…
Եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մայրը արցունքները աչքերին ոչ ոքի չէր անիծում, այլ ընդամենը Աստված էր կանչում, որ պատերազմը վերջանա, որ ոչ ոք այլևս իր որդուն չկորցնի, ոչ մի մայր որդեկորույս չդառնա: Միայն աղերսում էր Աստծուն ներել իրեն, որ սիրտը չի դիմանում որդու կորստյան ցավին: Նա որդուն գլխատողներին հանձնում էր Աստծո դատաստանին:
Մենք հաղթեցինք, որովհետև ատելությունը, այլատյացությունը, բարբարոսությունը և գազանությունները մեզ հատուկ չեն:
Մեզ միավորում է հայրենիքին պաշտպան կանգնելու միասնական կամքը: Չէ որ միայն հզոր և ինքնիշխան պետությունն է մեր կյանքի երաշխավորը:
Իրենց տանկերով, «Սմերչ»-ներով ու «Տոս»-երով, մահացած զինվոր գլխատելով, պառավ սպանելով, ականջ կտրելով նրանք մեզ չեն վախեցնի ու չեն կարող մեզ հաղթել: Ուժը թվի, զենքի, դաժանության մեջ չէ, ուժը հավատի մեջ է, ինչպես նշեց մեր երկրի նախագահ Ս. Սարգսյանը:
Հավատը հաղթեց:
Եկել է ժամը կառուցելու մեր երազած պետությունը:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ
Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Բանակ և հասարակություն