ՊԱՐԻ ԼՈՒՍ, ՄԱՄԱՆ ՄԱՏԱՂ…
Ամուսնուս՝ Նարվիկ Գեւորգյանի զոհվելուց հետո, ես իմ չորս երեխաների հետ ապրում էի Խծաբերդում,- վերհիշում է Նարվիկի կինը՝ Արեւիկ Բեգլարյանը։ -Ամեն երեկո, երբ մութը գյուղ էր իջնում, Նարվիկի Ռիպա մայրը քայլում էր սենյակի այն անկյունը, որտեղ կախված էր նավթի լամպը։ Լամպը վառելը տևում էր մի ամբողջ հավերժություն։ Լամպի կողքին էր որդու մեծադիր լուսանկարը՝ ժպիտը դեմքին։ Ռիպա մայրը դանդաղ մոտենում էր, լամպի ապակին հանում, վառում լեզվակը, ապա դառնալով որդուն` ասում.
-Պարի իրիկուն, մաման մատաղ…
Ասում ու աննկատ սրբում էր աչքերը։ Աննկատ, որովհետեւ երեխաները՝ Տաթեւիկը, Եղիշեն, Հեղինեն, որոնք արդեն ամեն ինչ հասկանում էին, անձայն հետեւում էին տատին։ Իսկ փոքրիկ Անուշիկը, որը նոր-նոր լեզու էր առել, երբ տեսնում էր, որ տատը լաց է լինում, խիստ ասում էր.- լաց մի ինիլ, տատի…
Ու տատը գրկում էր Անուշիկին, սեղմում կրծքին ու էլ չէր լալիս։ Այդ օրերին մեր փրկիչն էր դարձել փոքրիկ Անուշիկը: Նա, անտեղյակ աշխարհի չարին ու բարուն, իր մանկական չարաճճիություններով, խաղերով, կանչ ու ծիծաղով կյանք էր լցնում մեր վշտացած ու տխուր հոգիների մեջ:
…Այգաբացին, երբ արեւի պայծառ շողերից լուսավորվում էին գյուղի տները, տատը նորից անաղմուկ մոտենում էր լամպին, հանգցնում ու դառնալով որդու ժպտուն լուսանկարին, ասում.
-Պարի լուս, մաման մատաղ…
Ու առավոտի հետ հորդ արցունքներ էին թափվում նրա աչքերից։ Հետո հայացքը դարձնում էր օրորոցի կողմը, որտեղ ժպիտը դեմքին, մուշ-մուշ դեռ քնած էր փոքրիկ Անուշիկը…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր