Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ



Հայկական բանակն է Արցախի անվտանգության միակ երաշխավորը

 

ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ«Ադրբեջանը միայնակ գործել չէր կարող: Իրավիճակը սրելու, պատերազմ վերսկսելու փորձը քննարկվել է Ալիեւի Թուրքիա կատարած այցի ժամանակ»,- այս կարծիքն է հայտնում քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:  Նա «Հայ զինվորին» տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ռազմական էսկալացիային, որն աննախադեպ էր 1994թ.-ից ի վեր:

Ադրբեջանի այս լայնածավալ ագրեսիայի հիմքում ընկած է դրդապատճառների մի ամբողջ համալիր: Հիմնական խնդիրն այն է, որ այդ երկիրն օրեցօր գլորվում է աղքատության գիրկը: Եվ դա պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ հանգամանքներով՝ կապված միջազգային շուկայում նավթի գների անկման հետ, այլեւ այն ապաշնորհ քաղաքականությամբ, որն Ադրբեջանն իրականացնում  է իր երկրի հասարակության նկատմամբ: Ասվածի վկայությունը եղավ Պանամայի օֆշորային սկանդալը, երբ  պարզ դարձավ, որ Ալիեւն ու իր ընտանիքի անդամները տնօրինում են ոսկու ահռելի պաշարների եւ արդյունաբերական գործունեություն են ծավալում տարբեր երկրներում: Եվ Ալիեւը  նման ռազմական հարձակմամբ փորձում էր հանրության ուշադրությունը շեղել այդ բացահայտումից:

Կան այլ շարժառիթներ եւս. օրինակ՝ Թուրքիայի օրեցօր թուլացող դերը տարածաշրջանում: Բայց հիմնական նպատակը եղել է կարճատեւ պատերազմի միջոցով հասնելու այն խնդիրների լուծմանը, որոնք Ալիեւը խոստացել էր իր հասարակությանը: Նա միայնակ գործել չէր կարող: Այս ամենի հետեւում կանգնած է Թուրքիան: Իրավիճակը սրելու, պատերազմ վերսկսելու փորձը քննարկվել էր Ալիեւի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ: Մենք տեսնում ենք, որ  թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է տարածաշրջանում ապակայունացման նոր օջախ ստեղծել, իհարկե, զուգահեռ հույս ունենալով, որ պատերազմ վերսկսելու շանտաժի միջոցով կարող են հասնել իրենց համար դրական արդյունքների: Եվ նրանց այս ծրագիրը տապալվեց: Եթե հաջողեին, ապա իրենց այդ «հաղթանակը» կվերածեին քաղաքական խաղաքարտի, ինչը մեզ համար անդառնալի կլիներ:

Չեմ կարող չնշել մի փաստ. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները հարված են նաեւ միջնորդ երկրներին: Ալիեւը հաշվի էր առել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում ընթանում էր միջուկային անվտանգության խնդիրների հետ կապված միջազգային գագաթնաժողովը, եւ բավական շատ ղեկավարներ էին հավաքված: Նա փորձեց ռազմական շանտաժի  միջոցով գրավել միջազգային հանրության ուշադրությունը: Ալիեւն այդ  պահը լավ էր հաշվարկել:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ Ադրբեջանը սերտ կապեր ունի «Իսլամական պետության» հետ: Եվ ադրբեջանական բանակն արդե՜ն իսկ համալրված է իսլամիստ զինյալներով: Նրանք իրենց քաղաքացիներին ԻՊ-ի    շարքերը գործուղելով՝ հենց այդ նպատակն էին հետապնդում՝ վերջիններիս օգտագործելով հայերի դեմ: Եվ Թալիշ գյուղի ծերունիների ու եզդի զինծառայողի սպանության դաժան մեթոդները  հենց այդ փաստի ապացույցն են: Դա առնվազն նշանակում է՝ Ադրբեջանը, որ առանց այդ էլ տարածաշրջանի հիմնական ապակայունացնողն է, հիմա էլ աշխարհի ամենամեծ ահաբեկչական խմբավորումն է Կովկաս բերել: Կարծում եմ՝ սա Ադրբեջանի տարածքում հակաահաբեկչական գործունեությամբ զբաղվելու հետաքրքիր հրավեր է Ալիեւի կողմից: Տեսնենք՝ ով ինչպես կարձագանքի:

Անդրադառնալով միջազգային հանրության՝ Ադրբեջանի ձեռնարկած այս ահաբեկչական հարձակման առթիվ հնչեցրած  արձագանքներին, ես դրանք կգնահատեի անբավարար: Այդպես էլ ծրագրային հայտարարություններ չլսվեցին: Նրանք հեռու են իրավիճակը օբյեկտիվ ընկալելուց: Միակ դրական կողմն այն է, որ Հայաստանը հրաժարվեց միջազգային հանրության աջակցությունն սպասելուց եւ ցույց տվեց, որ ապավինում է միայն իր ուժին:

Ուշադրության է արժանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահ երկրների դեսպանների առջեւ ունեցած ելույթը, երբ նա մասնավորապես ասաց. «Եթե ռազմական գործողությունները ստանան լայնածավալ բնույթ, ապա մենք կճանաչենք Արցախի անկախությունը»: Իմ խորին համոզմամբ՝ դրա ժամանակը վաղուց է եկել: Արցախն ի սկզբանե ոչ մի դեպքում չպետք է դուրս մնար բանակցային գործընթացից: Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Պարզապես հայկական կողմն ամեն ինչ անում էր, որ այդ ճանաչումը լիներ անվտանգ ու խաղաղ: Եվ  քանի որ հակառակորդի ագրեսիան շարունակվում է, ես չեմ բացառում, որ Հայաստանը կսկսի Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացը:

Նշեմ նաեւ, որ այս օրերին միջազգային հարթակներում շրջանառվում է մի վտանգավոր մոտեցում, թե Արցախում պետք է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել: Նման խոսակցությունները պետք է հենց սկզբից կանխել: Հայկական բանակն է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Կասեմ ավելին, մեր տղաներն այսօր ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորն են: Ու դա պետք է հասկանան բոլորը: Դատելով այն լուրերից, որ մենք ստացանք ճակատից՝ մեր հրետանին հրաշքներ գործեց: Մեր զինվորները ոսկերչական աշխատանք են կատարել:

Ինչ վերաբերում է այս օրերին հասարակության դրսեւորած պահվածքին, ապա այն  կարելի է բնորոշել ընդամենը երկու բառով՝ արտակարգ լավ: Թե՛ հոգեբանական եւ թե՛ գաղափարական առումով ժողովուրդը գտնվում է բարձունքի վրա: Բոլորը գիտեն՝ ինչի համար են պայքարում: Դա համազգային կոնսոլիդացիայի (համախմբման) մի աննախադեպ երեւույթ է: Մենք շատ ենք խոսում 1988-թ. ազգային շարժման մասին: Սակայն մտածում եմ, որ եթե այսքան կամավորներ այն ժամանակ լինեին, պատերազմը գուցե հենց 1994թ.-ին էլ ավարտվեր:

Այսօր այդ միասնական կամքն ամրապնդում է մեր հաղթանակը Արցախում, եւ հաջորդ նմանատիպ  սադրանքը Ադրբեջանի համար կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ:

Պատրաստեց Հասմիկ Պողոսյանը

Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Ռազմաքաղաքական


20/04/2016