ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԻՈՍԻՖ ՌԱՖԱՅԵԼԻ
Ծնվել է 1963թ. օգոստոսի 24-ին Կիրովաբադ քաղաքում: 1969թ. մոր հետ տեղափոխվում է Հայաստան մշտական բնակության: 1970թ. ընդունվում է Երեւանի թիվ 11 միջնակարգ դպրոցը, որն ավարտում է 1980թ., ապա ընդունվում է աշխատանքի «Էրեբունի» օդանավակայանում: 1981թ. մեկնում է Վիբորգ եւ ընդունվում տեղի ավիատեխնիկական ուսումնարանը: 1985թ. ավարտելով ուսումը` վերադառնում է Հայաստան եւ նորից աշխատանքի անցնում «Էրեբունի» օդանավակայանում, այս անգամ որպես բորտմեխանիկ: 1989թ. պարգեւատրվում է «Աշխատանքային արիության համար» մեդալով: Զոհվել է 1993թ. ապրիլի 17-ին Շահումյանում, մարտական առաջադրանք կատարելու պահին: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Աճյունը հանգչում է Եռաբլուրում:
Արցախյան պատերազմն էլ ծնեց շատ հերոսներ, նրանցից շատերն ընկան անարգ թշնամու գնդակից, բայց ազատ ու պատվաբեր ապրելու նրանց փայլը դեռ կլուսավորի բազմաթիվ սերունդների ճանապարհը: Իոսիֆը վաղ հասակից զրկվել էր հորից, հայրական գուրգուրանք չէր տեսել, բայց դրա փոխարեն հրաշալի մայր ուներ, որ ոչինչ չէր խնայում միակ զավակի համար: Ինչպես Իոսիֆն էր հաճախ կրկնում, այն, ինչին հասել էր, պարտական է մորը, որը որդու համար, առաջին հերթին, կաթի հետ ներարկել էր լավը, բարին, ազնվությունն ու հավատարմությունը:
Սկսած 1989թ.՝ Իոսիֆը Արցախ էր թռչում տարբեր անձնակազմերի հետ: Նա հաճախ կրկնում էր.« Եթե իմ ընկերներին մի բան պատահի, ու ես իրենց հետ չլինեմ, ես ինձ չեմ ների»: Այդպես եղավ եւ 1993թ. ապրիլի 17-ին` այդ չարաբաստիկ օրը: Գյուլիստանի երկնքում զոհվեց Իոսիֆը իր մարտական ընկերների հետ միասին` հերթական մարտական առաջադրանքը կատարելիս` չբոլորած կյանքի 30-րդ գարունը:
ՎԱՆՑՅԱՆ ՍԵՅՐԱՆ ԼՈՐԵՆՑԻ
Ծնվել է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում` բանվորի ընտանիքում, 1951թ. մայիսի 2-ին: 1957-1967թթ. ընդունվել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտը, որն ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ ավարտել է 1974թ.: 1974թ. աշխատել է հայկական քաղաքացիական ավիացիայի համակարգում` տարբեր պաշտոններում` Կենտրոնական օդային հաղորդակցության գործակալությունում` հերթափոխի պետ, Երեւանի երկրորդ ավիաձեռնարկության հրամանատարի տեղակալ, արտադրության գծով, «Էրեբունի» օդանավակայանի փոխադրումների ծառայության պետ, 1988թ. գործուղվել է Լենինգրադի բարձրագույն հրամանատարական կադրերի դասընթացներում սովորելու: 1990թ. ավարտել է ակադեմիան` կարմիր դիպլոմով` ստանալով «Օդային տրանսպորտում արտադրության կազմակերպիչ» որակավորում: Աշխատանքը շարունակել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայում, որպես «Հատուկ ավիաուղիներ» ավիաընկերության տնօրեն: 2001թ. դեկտեմբերի 18-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: 2002թ. ԼՂՀ նախագահի հրամանով պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Սեյրան Վանցյանի նախնիները գաղթել են Էրզրումից 1829թ. եւ մշտական բնակություն հաստատել Ջավախքում, որը նրանց հետագա սերունդների համար պետք է դառնար ծննդավայր: Սեյրանը շատ վաղուց է դուրս եկել ծննդավայրից եւ երկար տարիներ ապրում է Երեւանում, բայց կապված է իր հայրենի Ջավախքին, նրա հող ու ջրին, որի ճակատագիրը անհանգստացնում է նրան եւ որի մասին սիրով ու հպարտությամբ է պատմում:
Սեյրանը միջահասակ է, թիկնեղ, ժպտերես, բնավորությամբ աշխույժ է, կենսախինդ: Կյանքում գործնական ու նպատակասլաց, մարդասեր ու բարի եւ անսահման ծնողասեր, նրա նշանաբանն է. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն»: Այդպես է վարվել նա իր ողջ գիտակցական կյանքում: Այդ ամենից բացի` նա մի հատկություն էլ ունի, որ Արցախյան պատերազմի տարիներին շատ պետք եկավ: Դա նրա կազմակերպչական ջիղն է, որը կարելի է նաեւ տաղանդ համարել: Նա կազմակերպում էր բեռները ուղղաթիռներով եւ ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ առաքելու գործը: Հաճախ տղաների հետ ինքն էլ էր թռչում Արցախ, իր ներկայությամբ բարոյապես սատարում, ոգեւորում տղաներին: Նա, լինելով շատ հայրենասեր, գրկաբաց էր ընդունում այն մարդկանց, որոնք հայրենիքի համար լավ գործ էին անում: Անուրանալի է Վանցյան-մարդու եւ Վանցյան-ղեկավարի կատարած հայրենանվեր գործը պատերազմի տարիներին: Սեյրանի առաջարկությամբ ու ջանքերով ստեղծվեց «Արարատ» բարեգործական ընկերությունը, որը պետք է հոգար պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած օդաչուների ընտանիքների կարիքները: Այն մինչ օրս էլ գործում է եւ կատարում իր առաքելությունը: Նա հսկայական աշխատանք կատարեց նաեւ ավիացիոն վառելանյութ հայթայթելու գործում: Այս հարցում նրան օգնել են իր հայրենակիցները` Հենզել Կարապետի Մկոյանը, Արտյուշա Համբարձումի Գրիգորյանը, Խաչիկ Դավթի Եփրիկյանը եւ Համլետ Շուխբեկյանը: Նրանք ինչ-ինչ ճանապարհներով Ադրբեջանից նավթ էին գնում, հասցնում Թբիլիսի, այնտեղից ցիստեռներով ուղարկում Երեւան` «Էրեբունի» օդանավակայան: Նման պահերին Սեյրանի ուրախությունը սահման չուներ: Վանցյանը թեեւ այսօր ավիացիայում չի աշխատում, բայց դեռ այնքան իմաստություն, ուժ ու եռանդ ունի, որ կարող է սարեր շուռ տալ…
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են:
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են…
Պ. Սեւակ
Շարունակելի
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
լեյտենանտ