Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՅՐ ԳՆԴԱԿԸ



ԿՈՒՅՐ ԳՆԴԱԿԸՃակատամարտը նոր էր վերջացել: Կրակոցները դադարել էին, սակայն Մոխրաթաղում դեռ ծխում էին այրված տների տանիքները ու դեռ երկար պիտի ծխային բացված խոր վերքերի պես, մինչեւ սպիանալը… Ջոկատը դուրս էր գալիս գյուղից հոգնած ու տանջահար:

Չնայած տարած հաղթանակին` բոլորի դեմքին իջել էր խոր մի թախիծ, եւ խոսքեր չկային այն փարատելու: Հաղթանակը բոլորինս էր, սակայն մեր զոհված ընկերոջ բացակայությունը հսկա, ծանր քարի պես ընկած էր մեր ճանապարհին… Զոհվել էր Մանչը` մի անվախ մարտիկ, որ ճակատամարտերից մեկում, դեպքերի բերումով, մարտի էր բռնվել իր վրա սլացող տանկի  դեմ եւ իր խելամիտ, ճարպիկ գործողությունների շնորհիվ ոչ միայն ողջ էր մնացել, այլեւ ոչնչացրել էր հրասայլը: Ականատեսները պատմում էին, որ Մանչը նետվում է մի փոսի մեջ. տանկը գալիս կանգնում է փոսի վրա եւ սկսում է պտույտներ գործել՝ թրթուրների տակ առնելով Մանչին:

Եվ երբ թշնամին ենթադրելով, որ իր սեւ գործն արել է,  հեռանում է հռնդյունով,  մեր ընկերը հողի տակից  դուրս է գալիս եւ հակատանկային նռնակով պայթեցնում  է հրասայլը՝ անձնակազմի հետ միասին:

…Բոլորս ցավում էինք, որ նա էն աշխարհից դուրս էր պրծել, գետնի տակից  հարություն էր առել եւ ահա ընկել էր թշնամու պատահական, կույր գնդակից: Այս փաստը ավելի էր մեծացնում կորստի ցավը:

ՌՈԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ազատամարտիկ

Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Պատմության էջերից


20/04/2016