ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Զինվորական ծառայության անվտանգության ապահովման տեսանկյունից կանդրադառնանք պահակային ծառայության կազմակերպմանը՝ ներկայացնելով ընդամենը մի քանի դիտարկում, որոնցով առաջնորդվելու դեպքում կնվազեն պահակային ծառայության ԶԾԱ ռիսկերը:
Ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը հրահանգավորում է պահակային անձնակազմին, ճշտում դաստիարակչական աշխատանքի պլանը և տալիս (բաժանում) մարտական թերթիկների բլանկները: Պարապմունքների վերջում ղեկավարը տեղանքի մանրակերտի և դիդակտիկ նյութերի օգտագործմամբ, հարցման միջոցով համոզվում է, որ անձնակազմը յուրացրել է կանոնագրքի համապատասխան դրույթները, ժամապահների ցերեկային և գիշերային երթուղիները, հրդեհաշիջման, կապի, ազդանշանային միջոցներից օգտվելու կանոնները, պահպանվող օբյեկտների տեղակայման վայրերը, դրանց անվանումները, ինչ կնիքներով (դրոշմներով) են դրանք կնքվում, և քանիսն են դրանք յուրաքանչյուր օբյեկտում, զենքի կիրառման, պահակակետում հրդեհի ծագման, օրինախախտին ձերբակալելիս ժամապահի գործողությունների պահեստային խմբի և հերթապահ ստորաբաժանման հետ փոխգործողությունների, ինչպես նաև պահակապետի հետ կապ պահպանելու կարգը:
Նախապատրաստման երրորդ փուլն անցկացվում է պահակային ավանում, պահակային ծառայության անցնելու օրը` օրվա կարգացուցակով նշված ժամերին:
Պահակային ծառայության անցնելու օրը զորամասի շտաբի պետը պահակախմբի և հերթապահ ստորաբաժանման փոխգործողությունները կազմակերպելու համար սահմանված ժամին անձամբ հրահանգավորում է պահակապետին և հերթապահ ստորաբաժանման հրամանատարին, դիտարկում է պահակակետերի տեղեկագիրը և հաստատում մարտական հաշվարկը:
Հերթապահ բժիշկը (բուժակը) պահակախմբի բուժզննում է կատարում. սկզբում զորամասի բուժկետում` պահակախմբերի անձնակազմի բուժզննման հաշվառված մատյանում կատարելով համապատասխան գրանցում, իսկ հետո օրվա վերակարգի փոխարինման ժամանակ` նշում կատարելով պահակակետերի տեղեկագրում:
Պահակային ավանում ստորաբաժանման հրամանատարը պահակային անձնակազմի հետ անցկացնում է զենքով կատարվող գործողություններ, այդ թվում նաև այն լիցքավորելիս և լիցքաթափելիս անվտանգության պահանջների կատարում, հրդեհի մարման, օրինախախտին ձերբակալելու, պահակակետն ընդունելու և հանձնելու ժամանակ ժամապահների գործողությունների, ինչպես նաև ձեռնամարտի վարժաձևերի գործնական պարապմունքներ` զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետի (հրահանգչի) ղեկավարությամբ: Որպես պարապմունքների ղեկավարներ, ուսումնական տեղերում ստորաբաժանման հրամանատարն ընդգրկում է ստորաբաժանման սպաներին և պահակապետին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում (զորամասի հրամանատարի որոշմամբ) զորատեսակների և ծառայությունների պետերին:
Պահակախումբն իր ենթակայությամբ ընդունելուց հետո պահակապետը վաշտի (գումարտակի) հրամանատարին զեկուցում է պահակախմբի պատրաստականության մասին. պահակախումբը զորամասից նշանակվելու դեպքում ստորաբաժանման հրամանատարի` պահակախմբի (պահակության) կազմակերպման ու նախապատրաստման պարտականություններն ստանձնում է զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը: Պահակախմբի ծառայության կազմակերպման և տեսական ու գործնական նախապատրաստությունը վերահսկում է զորամասի վարչության սպան, օրվա վերակարգի փոխարինման ժամանակ պահակային անձնակազմին հիշեցնում են ժամապահի անձեռնմխելիության, զենքի կիրառման կարգի և ծառայության անվտանգության պահանջների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԿուՊԾ կանոնագրքի դրույթները:
Պահակախմբի հերթափոխից հետո ստորաբաժանում գալուն պես պահակապետը շարում է անձնակազմը և ստորաբաժանման հրամանատարին զեկուցում մարտական խնդրի կատարման մասին. «Պարո՛ն կապիտան, պահակախումբը լրիվ կազմով ներկայացել է, ծառայության ընթացքում պատահարներ չեն եղել (պատահել է այս-այս): Պահակապետ` լեյտենանտ Մկրտչյան»:
Ընդունելով պահակապետի զեկույցը` վաշտի (մարտկոցի) հրամանատարը ծանոթանում է պահակակետերի տեղեկագրում գրանցված բոլոր դիտողություններին: Հաջորդ օրն այն վաշտի (մարտկոցի), որից նշանակված էր պահակախումբը, ամբողջ անձնակազմի հետ անցկացվող պարապմունքի (վարժանքների, տեղեկատվության) ժամերին վերլուծում է կատարված ծառայությունը և պահակակետերի տեղեկագիրը մարտական հաշվարկի հետ ուղարկում գումարտակի (դիվիզիոնի) շտաբ` նշելով դիտողությունների վերաբերյալ ձեռնարկված միջոցները: Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը (շտաբի պետը) ուսումնասիրում է պահակախմբի ծառայության արդյունքները, գրառում է կատարում պահակակետերի տեղեկագրում ձեռնարկված միջոցների վերաբերյալ և հանձնում այն զորամասի շտաբ: Զորամասի շտաբի պետը երեք օրվա ընթացքում ծանոթանում է պահակակետերի տեղեկագրին և թերությունների առկայության դեպքում պատրաստում առաջարկություններ՝ դրանք վերացնելու համար, զորամասի հրամանատարին է ներկայացնում պահակակետի տեղեկագիրը և իր առաջարկությունները` ծանոթանալու և որոշում ընդունելու համար:
Պահակապետերի և նրանց օգնականների նախապատրաստումը կատարվում է 2-3-օրյա հավաքների ընթացքում, ուսումնական փուլից առաջ` ստուգարքների ընդունմամբ և ծառայության թույլատրելու հրամանի արձակմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս` մարտական խնդրի կատարման առանձնահատկությունների, պարտականությունների ուսուցմանը նվիրված պարապմունքների ընթացքում:
Հրամանատարները և շտաբներն ամիսը մեկ անցկացնում են հերթապահ ուժերի և միջոցների` պահպանվող օբյեկտների վրա հնարավոր հարձակումների ետմղման պարապմունքներ ու վարժանքներ` պահակախմբերի համագործակցությամբ: Պահակախմբի և հերթապահ ստորաբաժանման հետ պարապմունքի համար պատրաստվում է պլան-համառոտագիր: Պահակախմբում նշանակված յուրաքանչյուր զինծառայողի պարբերաբար հայտնվում է զգոնության կորստի հետևանքով կատարված խախտումների, ժամապահի պարտականությունների նկատմամբ քմահաճ վերաբերմունքի պատճառով քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ժամապահների վրա հարձակման և մահվան փաստերի մասին:
Գ. ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԿուՊԾ բաժնի պետ
գնդապետ
Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Ազգային բանակ