ՈՎ ՀԱՍԵԼ Է ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ, ՓՐԿՎԵԼ Է
Ես հիացած եմ մեր զինվորների քաջությամբ
Ապրիլի 19-ի տվյալով՝ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը ընդունել է 49 վիրավոր, այս պահին ծայրահեղ ծանր է միայն մեկի, իսկ ծանր՝ 6-ի վիճակը:
Հոսպիտալի ամբողջ բուժանձնակազմը օր ու գիշեր եղել է հոսպիտալում ու ամենայն բարեխղճությամբ կատարել իր մասնագիտական պարտքը: Մեր բժշկական խմբերը փոխգործակցության շրջանակում մեկնել են Արցախ և վիրավոր զինվորներին բուժօգնություն են տրամադրել տեղում, որպեսզի չկորցնենք թանկ րոպեները:
Մենք համագործակցել ու համագործակցում ենք քաղաքացիական բուժհիմնարկների բժիշկների հետ և բոլոր հնարավոր ուժերով պայքարում ենք, որ մեր վիրավոր տղաներին ցուցաբերենք ամենաբարձր կարգի բուժօգնություն:
Ես հպարտ ու հիացած եմ մեր զինվորների կամքով ու քաջությամբ՝ ոչ մի տրտունջ, ոչ մի բողոք: Հերոսավայել տանում են ցավը, բոլորն էլ պատրաստ են կրկին մեկնելու զորամաս: Այսպիսի տղաների համար բժիշկը սեփական կյանքն էլ չի խնայի:
Ես հիացած եմ մեր ժողովրդի զինվորասիրությամբ: Հոսպիտալի մուտքը միշտ մարդաշատ է, մարդիկ հետաքրքրվում են զինվորների առողջությամբ, նվերներ են բերում:
Արամ Ասատուրյան
ՊՆ Կենտրոնական կլինիկական
զինվորական հոսպիտալի պետ
Նոր սերունդը հայրերին չի զիջում
Ես ապշած եմ նրանց մայրերի ոգու ուժից: Չեն ընկճվում, չեն կոտրվում, սարի պես կանգնած են իրենց որդիների թիկունքին:
Արցախյան պատերազմում վիրավորված, ձեռք ու ոտք կորցրած իմ նախկին հիվանդների հետ շրջում էինք հիվանդասենյակներով ու ոգևորում մեր զինվորներին: Ես պիտի ասեմ, որ նոր սերունդը ոչ միայն չի զիջում Արցախն ազատագրած հերոսներին, այլ՝ է՛լ ավելի խիզախ է ու աննկուն: Նրանք քաջագործություններ են արել առաջնագծում և նույն խիզախությամբ դիմակայում են ցավին:
Մենք բոլոր ճակատներում ենք հաղթելու, որովհետև խիզախ զինվորներ ունենք, հայրենասեր ու հերոս մայրեր:
Լևոն Ժամագործյան
ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ
Թուրքին չպիտի թողնես գլուխը բարձրացնի
22 տարի առաջ այս օրերին ես նույնպես հոսպիտալում էի. վիրավորվել էի Արցախը թուրքերից ազատագրելիս: Հիմա իմ որդին է վիրավորվել մեր հաղթանակը պաշտպանելիս: Արսենս վիրավորվել է ծնոտից: Վիրահատել են: Արդեն կարողանում է խոսել: Թողնեմ՝ հենց հիմա էլ սահման կգնա: Ես հպարտ եմ: Թուրքին չպիտի թողնես գլուխը բարձրացնի: Անընդհատ պիտի խփես, թե չէ՝ ինքը կխփի:
Գագիկ Մարգարյան
զինվորի հայր
Ցավի ու հպարտության անմոռանալի օրեր
Իմ բոլոր հիվանդներն անցել են առաջնային վիրաբուժական մշակում կայազորային հոսպիտալներում, մեզ մոտ իրականացվում են մասնագիտական վիրահատություններ:
Այս խիզախությունը, սերը, համախմբվածությունը, նվիրումը միմյանց ու հայրենիքի հանդեպ դեռ երկար ժամանակ կսնի մեր ոգին:
Կարեն Սևտերտերյան
ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական
հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ
Ինչի՞ս վրա ժպտամ. ես՝ այստեղ, տղերքը՝ սահմանին
Բժիշկներից բան չեմ հասկանում: Որ իրենց լսես՝ ոչ մի անվնաս օրգան չունեմ: Բա որ լյարդս, թոքս, որովայնս վնասված են, ոնց կարողացա էդքան ճանապարհ անցնել վիրավոր վիճակում: Շունչս էր կտրվում, հիմա արդեն լավ եմ: Ինչի՞ս վրա ժպտամ. ես՝ այստեղ, տղերքը՝ սահմանին: Լուր էլ չունեմ: Թե կարողանաք, ասեք՝ տղե՛րք, ձեր ցավը տանեմ, դրանց ցույց տվեք հայի ուժը:
Վահան Սարգսյան
շարքային
Զորակցում էին սփյուռքահայ մեր գործընկերները
Ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում բնակվող մեր հայ գործընկերները զանգում էին մեզ, առաջարկում իրենց օգնությունը: Ասում էին՝ եթե պետք է, անմիջապես կգանք, եթե ինչ-որ բան է անհրաժեշտ, կուղարկենք: Այս միասնականությունը, այս սերը սեփական բանակի ու զինվորի հանդեպ բոլորիս ուժ տվեց….
Մենք անում ենք անհնարինը, որպեսզի ոչ միայն փրկենք մեր վիրավոր զինվորների կյանքը, այլև շարք վերադարձնենք նրանց:
Սևակ Շահբազյան
ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական
հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ
Հիմա սահմանում իմ տեղը բաց է
Բժիշկներից մի բան եմ խնդրում՝ ծնոտս տեղը դնեն, գնամ-կանգնեմ իմ տեղը: Ամեն մեկս մեր տեղն ունենք սահմանին՝ ամեն հայ տղամարդ: Ու եթե դու սահմանին չես, ուրեմն քո տեղը բաց է: Իմ տեղը բաց է հիմա: Պիտի գնամ: Եթե դու չգնաս, թուրքն է գալու: Թուրքի ճանապարհը պիտի փակես… Հայրս էլ 90-ականներին է կռվել:
Արսեն Մարգարյան
շարքային
Պատրաստեց Գ. ՊՈՂՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն