ԴՈՒ ԻՄ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՍ…
Հպարտ եմ, որ այս դժվար օրերին բանակում որդի ունեմ: Ես ինձ լիարժեք հայ ու քաղաքացի եմ զգում եւ շնորհակալ եմ իմ որդուն, որ այդ հպարտության իրավունքը տվել է ինձ: Եվ ես հիմա ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայն խոսելու իմ հայրենիքի մասին, բարձրաձայն գովերգելու մեր ազգը, քանի որ անմասն չեմ նրան պաշտպանելու գործից:
Իմ սիրելի՛ որդի. իմ սիրելի՛ Ամիր, ինչպես բոլոր ծնողները, մենք էլ ենք օր ու գիշեր քո մասին մտածում եւ Աստծուց խնդրում, աղոթում, որ դու եւ մեր բոլոր զինվորները առողջ լինեն, փորձանքից հեռու: Իմ հայրական օրհնանքն եմ հղում քեզ, որ քո ազգի համար այս դժվարին ժամանակներում դու կրկնապատկված եռանդով ծառայես, կրկնապատիկ զգոն ու աչալուրջ լինես, ընկերներիդ սիրես եղբոր պես եւ հասկանաս, որ դուք միայն իրարով եք ուժեղ ու անպարտ:
Հպարտությամբ շնորհավորում եմ քո 20-ամյակը եւ ամուր գրկում ու համբուրում եմ: Հիմա տարեդարձների ժամանակ չէ: Կգան ավելի հանգիստ ժամանակներ, շատ ծնունդներ կտոնես ու կհիշես այս մեկը, որ համընկավ պատերազմի հետ: Եվ դա կլինի ամենաանմոռացը:
Հպարտ եմ քեզնով, իմ զինվոր տղա, եւ մաղթում եմ քեզ խաղաղություն:
Քո հայր՝ Ալբերտ Գեւորգյան
Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Ազգային բանակ