Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ԱՆՎԵՀԵՐ ԴՈՒՍՏՐԸ



Էլմիրա Աղայանի բնակարանը թանգարան է հիշեցնում՝ ազատամարտի օրերի մասունքներով սրբագործված։ Շուրջ 20 տարվա վաղեմության լուսանկարները, մարտական պարգեւներն ու նամակները, պատվոգրերն ու շնորհակալագրերը պատերազմի վետերանի ռազմաճակատային կյանքն են ամբողջացնում՝ հպարտության զգացումով համակելով նրան։
Պահեստազորի գնդապետ է Էլմիրա Աղայանը։ Ապրում է Ստեփանակերտում։ Այնտեղ է ծնվել, բազմազավակ ընտանիքում։
16 տարեկան էր, երբ մահացավ մայրը։ 3 ամիս անց կորցրեց նաեւ հորը։ Ընտանիքի հոգսն ընկավ աղջկա ուսերին. ավագներն ամուսնացել, թողել գնացել էին։ Տանը իրենից փոքր երեք երեխա կար։ Էլմիրան խնամում էր նրանց, իր հոգու ջերմությունն ու գորովը տալիս, անում էր ամեն ինչ, որ նրանք չզգան որբության դառնությունը, որ շարունակվի կյանքը նրանց խինդ ու ծիծաղով լեցուն հայրական օջախում։
Էլմիրան երբեք չէր մտածել այն մասին, որ հարկ կլինի զինվորական դառնալու։ Սակայն հափշտակությամբ էր լսում Հայրենական պատերազմի վետերան Սերգեյ պապի պատմությունները Ուկրաինայի, Բելառուսի ազատագրական մարտերի մասին, թե ինչպես էին մեր զինվորները գնդակների սուլոցի տակ նետվում գրոհի, կրծքով պաշտպանում հայրենիքը։ Սերգեյ պապի պատմածները ոգեւորում էին նրան, հոգին թեւ էր առնում այդ պահերին։
♦♦♦
Էլմիրան ավարտեց Երեւանի տնտեսագիտական համալսարանը, ապա՝ Մոսկվայի Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Երբ սկսվեց պատերազմը, առանց վարանելու ընդգրկվեց Ստեփանակերտում դեռեւս նոր կազմավորված կամավորական գումարտակի շարքերը, որի հրամանատարն էր Սամվել Բաբայանը։ Ռազմադաշտային պատրաստություն անցավ։ Տիրապետեց զենքին, ձեռք բերեց լավ հրաձիգի անուն։
Էլմիրան հասկանում էր, որ անխուսափելի է կռիվը։ Կրակակետի վերածված Մալիբեյլի գյուղն ազատագրելու ժամանակ ինքն արդեն զգացել էր պատերազմի հոտը, տեսել, թե ինչպես էին ադրբեջանցի հրոսակները վայնասուն բարձրացնելով խուճապահար փախչում՝ չդիմանալով տղաների հուժկու գրոհներին։ Տեսել էր գումարտակի առաջին վիրավորներին ու քաջի մահով ընկածներին, ապրել մարտական ընկերների կորստի ցավը։ Տեսել ու վարժվել էր ամեն ինչի, յուրացրել այն ամենը, ինչով պետք է օժտված լինի խիզախ ու անվեհեր զինվորը։
♦♦♦
Գումարտակի հրամանատարը վստահում էր Էլմիրային։ Վստահություն, որ ձեռք էր բերել մարտական առաջադրանքը մինչեւ վերջ կատարելու պատրաստակամությամբ։
-Ամեն անգամ, երբ պատրաստվում էի մեկնել առաջավոր գիծ, ընկերներս հորդորում էին զգույշ լինել։ Ես, իհարկե, հասկանում էի նրանց։ Բայց… եթե եկել ես կռվելու հանուն հայրենիքի, պիտի մտածես ոչ թե սեփական կյանքդ պահպանելու, այլ հակառակորդին ոչնչացնելու, նրան ավելի շատ կորուստ պատճառելու մասին,- հավատացած ասում է Էլմիրան։
Արցախյան ռազմաճակատներում կռվում էին նաեւ Էլմիրայի հարազատ եղբայրը՝ Արկադին, եղբոր ու քրոջ որդիները՝ Գագիկը, Կարոն, Արարատը, Սամվելը՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ (հետմահու)։ Ազատամարտի տարիներին Աղայանները ողջ գերդաստանով էին պաշտպանում հայրենիքը։
1992-ին Էլմիրա Աղայանը նշանակվեց կենտրոնական պաշտպանական շրջանի մեջ ընդգրկված մոտոհրաձգային գնդի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։
Մարտական փառապանծ ուղի են անցել գնդի ստորաբաժանումների մարտիկները, մասնակցել Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների բնակավայրերի, Շուշիի ազատագրական մարտերին, ինչպես նաեւ Ֆիզուլու, Քելբաջարի, Կուբաթլուի, Հորադիզի համար մղված կռիվներին՝ փառքով պսակելով հայ զինվորի անունը։ Եվ նրանց հետ ռազմաճակատային դաժան ճամփաներով քայլել է նաեւ Էլմիրան՝ հայրենի հողի անվեհեր դուստրը։ Այդ աննկուն ոգու տեր կինը ոչ միայն զինվորներին ապահովում էր ռազմամթերքով, հանդերձանքով ու սննդամթերքով, այլեւ նրանց հետ նետվում էր գրոհի, քաջալերում, տոգորում էր հաղթանակի հավատով։
♦♦♦
Քելբաջարում թեժ մարտեր էին Օմարի լեռնանցքի համար, որոնց մասնակցում էին գնդի ստորաբաժանումները։ Հակառակորդը, անտեսելով կենդանի ուժի ու տեխնիկայի իր կորուստները, համառորեն դիմադրում էր։ Լեռան բարձունքից կրակի հեղեղ էր թափվում մեր դիրքերի վրա։ Գնդի հրամանատար Սամվել Կարապետյանը որոշեց 60 հոգանոց ջոկատով ձախ թեւից շրջանցել հակառակորդին ու անցնել թիկունքը, որից հետո գրոհով վերցնել բարձունքը… Բայց ինչպե՞ս ձեռք բերել գունաքողարկող խալաթներ, առանց որոնց չափազանց դժվար կլիներ հաղթահարել լեռնային ու ձյունածածկ տեղանքը, որն ադրբեջանցիները կրակի տակ էին պահում։ «Միայն Էլմիրան կարող է…»,- վստահություն կար հրամանատարի ձայնի մեջ։ Եվ հաջորդ օրը խալաթներով ու սննդամթերքով բեռնավորված «Ուրալը» Ստեփանակերտից սուրաց դեպի Օմար։ Մեքենայի խցիկում, վարորդի կողքին Էլմիրան էր։ Գնում էին գիշերը՝ անտառների միջով ձգվող, վտանգներով լի ճանապարհով։
Լույսը նոր էր բացվել, երբ Օմարի ստորոտ հասան։ Էլմիրան մեքենայի դիմապակու միջով նայեց առաջ, հայացքով «տնտղեց» ամեն բան։ Ու հանկարծ մեքենան ցնցվեց պայթյունից։ Լսվեցին կրակոցներ. գնդացիրներն էին։ Էլմիրան վարորդի հետ սեղմվել էր հողին, սպասում էր։ Գնդակները սվվալով թռչում էին նրանց գլխավերեւով։ Պարզվեց, որ ադրբեջանցիները բարձունքից նկատել էին մեքենան ու նշանի տակ առել։ Մի պահ ամեն ինչ հանդարտվեց։
-Դու ամբողջ թափով քշիր, ես քեզ կպաշտպանեմ։ Ինչ էլ լինի, ինչ էլ պատահի, բեռը պետք է տեղ հասցնել,- ասաց Էլմիրան վարորդին եւ արագ բարձրացավ տեղից, կրակային դիրք ընտրեց, ձեռքի գնդացիրը հարմարեցրեց ու հայացքը դարձրեց դեպի ձախ՝ պայթած արկի ծխով ծածկվող անտառակի կողմը, որտեղից սպառնում էր վտանգը։ Կարճ ժամանակ անց Էլմիրան նայեց ու տեսավ, որ «Ուրալը» ճանապարհի վերջին ոլորանն էր հաղթահարում եւ համոզվելով, որ այլեւս վտանգ չի սպառնում, հանգիստ շունչ քաշեց… Բեռը տեղ հասավ։ Տղաները գրավեցին բարձունքը։
♦♦♦
Անկեղծ ու անմիջական էր զրույցը Էլմիրայի հետ։ Շարունակում էր թեժ մարտերից, գնդի հրամանատարի մասին պատմել։ Չորս անգամ վիրավորվել է Սամվել Կարապետյանը, ծանր վիրահատություններ տարել, ապաքինվել, շարք վերադարձել ու շարունակել կենաց ու մահու կռիվը։ Այժմ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալն է Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։
-Մեր հրամանատարը ծանր ու դժվարին իրավիճակներում կարողանում էր ճիշտ եւ համարձակ որոշումներ ընդունել։ Մարտերի ժամանակ սառնարյուն էր, աներկյուղ ու աներեր։ Զինվորները, հետեւելով նրա օրինակին, կռվում էին անձնուրաց։ Նա արիության դասեր էր տալիս մեզ բոլորիս,- պատմում է Էլմիրան։
Մայրական սերն ու գորովանքը զինվորի հանդեպ միշտ էլ հատուկ են եղել Էլմիրային. «Բոլորն էլ իմ զավակներն են, իմ երկրի պաշտպանները»,- ասում է Էլմիրան, ու նորից ընկնում հուշերի գիրկը… Ծանր երթից հետո մարտիկները հանգստանում էին, կարգի բերում իրենց։ Զինվորներից մեկը՝ ամոթխածության շառագույնը դեմքին, մոտեցել է Էլմիրային ու ասել, որ հարսնացու ունի, որոշել է ամուսնանալ։ Էլմիրան մայրական քնքշանքով նայել է 22-ամյա Մհերին եւ ընդառաջել նրան, օգնել ամեն ինչով։ Ու հարսանիք է եղել գնդում։ Հայկական ավանդական դհոլ-զուռնայի զիլ ձայնից արձագանքել են հայրենի լեռները` Մհերի ու նրա մարտական ընկերների սխրագործության վկաները։ Հնչել է հայկական քոչարին, եւ կրակոտ աչքերով զինվորները շուրջպար են բռնել հայրենի լեռների հայացքի ներքո։ Պատերազմն ասես մի պահ հարյուրավոր մղոններ հեռացել էր մեր լեռնաշխարհից։ Հարսանիքին հրավիրված էին զինվորներ, զինվորների ծնողներ, որդեկորույս մայրեր, որոնցից մեկը մոտեցել է նորապսակներին ու խնդրել. «Եթե արու զավակ ունենաք, Անդրանիկիս անունով կոչեք»։ Էլմիրան չի մոռանում այդ օրը։
♦♦♦
Ըստ արժանվույն են գնահատվել Էլմիրա Աղայանի ծառայությունները։ Դեռեւս 1995թ. Վազգեն Սարգսյանը նրան պարգեւատրել է անվանական զենքով՝ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ։ Սպարապետին հիացրել են Էլմիրայի քաջությունն ու վճռականությունը, նրա կազմակերպչական տաղանդը։
ԼՂՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհակալագրում, որին Էլմիրան արժանացել է 2001թ., նշված է.
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով Արցախյան ազատագրական մարտերում փառքով պսակված պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման, նրա մարտունակության ամրապնդման դժվարին գործընթացում Ձեր անդուլ ու տքնաջան աշխատանքը, իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում Ձեզ՝ զորքերի մարտական պատրաստականության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Վստահ եմ, որ Դուք այսուհետ եւս Ձեր կյանքն անմնացորդ կնվիրաբերեք հայրենիքին ծառայելու պատվաբեր գործին»։
♦♦♦
…Օգոստոսի 4-ը գնդի ստեղծման օրն է, գունդ, որն Արցախյան պատերազմում 387 զոհ է տվել, եւ որը Էլմիրայի համար տասը տարի շարունակ կուռ ու համերաշխ ընտանիք է եղել։ Այդ օրը լուսավոր ու մեծ տոն է մարտական շքանշանների ասպետ, պաշտպանության բանակի առաջին կին գնդապետ Էլմիրա Աղայանի համար, տոն, որ միշտ իր հետ է՝ որպես կյանքը կենդանի լեգենդ, որպես անմնացորդ նվիրում։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Ճակատագրեր


15/06/2011