Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎՐՈՎԸ ՄԱՏՆԱՆՇԵՑ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ



ԼԱՎՐՈՎԸ ՄԱՏՆԱՆՇԵՑ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸԱպրիլի 22-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան եւ նրա հայտարարությունները նոր հանգրվան դարձան Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով պաշտոնական Մոսկվան կրկին վերահաստատեց միայն խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծման հեռանկարները, ինչը փաստացի Բաքվի կողմից իրականացրած ապրիլյան արկածախնդրության դատապարտումն էր:

 

Այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդեց այն մոտեցումը, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 1994-95 թվականներին ստորագրված անժամկետ զինադադարի պայմանագրի պահանջներին, եւ որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։  Այս դիրքորոշման հետ համաձայն են թե՛ Երեւանը, թե՛ Ստեփանակերտը, թե՛ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները: Հիշեցնելով, որ պայմանագիրը կնքվել է երեք կողմերի միջեւ՝ Արցախ, Ադրբեջան, Հայաստան, Ս.Լավրովը նաեւ փաստեց, որ Ադրբեջանն իր վերջին գործողություններով ցուցադրում է անհամաչափություն. ինքը պատերազմում է Արցախի դեմ՝ դրանով իսկ ապացուցելով, որ կա հակամարտության երկու հիմնական կողմ՝ Ադրբեջանը եւ Արցախը, իսկ Հայաստանը ներգրավված է որպես շահագրգիռ կողմ:

Ըստ այդմ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատեց, որ հարցի լուծման միակ խանգարող հանգամանքը Ադրբեջանն է, որը հրաժարվել է Կազանում 2011 թվականին առաջարկված ճանապարհային քարտեզից: Այդ փաստաթուղթը ոչ թե պատրաստի կարգավորման տարբերակներ է առաջարկում, այլ սահմանում  է կողմերի ընդհանուր մոտեցումները` որպես բանակցությունների օրակարգ:  Եվ այս դեպքում Մոսկվան անհրաժեշտ է համարում բանակցություններին նաեւ Ստեփանակերտի վերադարձը:

Պաշտոնական Մոսկվան  նաեւ կարեւորեց հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչը բազմիցս առաջարկում էր հայկական կողմը: Սա նույնպես շատ կարեւոր է հրադադարը պահպանելու համար, քանի որ խախտումների դեպքում վերջինիս միջոցով ճշտվում է՝ ով է խախտել, երբ է խախտել զինադադարի ռեժիմը:

Այցի շրջանակներում նաեւ պարզ դարձավ, որ հողերի հանձնման, Արցախի «շտապ» կապիտուլյացիայի, խաղաղապահներին վերաբերող մեդիա աղբյուրների հրապարակումները չեն հաստատվում: Ավելին՝ պատերազմը Ռուսաստանին ձեռնտու չէ, ինչպես նաեւ ստատուս քվոյի փոփոխումը։

Ընդհանուր առմամբ՝ Ս.Լավրովի այցը շատ կարեւոր էր երկու իմաստով. առաջինը, որ քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, հստակեցվել են ռազմավարական դաշնակիցների, գործընկերների համագործակցության շրջանակները, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Եվ երկրորդ՝ քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, եւ այստեղ Ս.Լավրովը մի շարք կարեւորագույն մեսիջներ է հղել, որը կարելի է համարել ոչ միայն Մոսկվայի, այլեւ եռանախագահության հավաքական առաջարկները եւ տեսլականը:

Լավրովի հայտարարություններն արդեն գտել են իրենց արձագանքը Բաքվում: Ադրբեջանական վերնախավը կրկին հանդես եկավ իր ապակառուցողական կեցվածքով, ռազմատենչ հայտարարություններով եւ սպառնալիքներով: Միաժամանակ Բաքվի համար պարզ դարձավ, որ կարգավորման գործընթացում ինքն այլեւս չի կարող դիմել շանտաժի, եւ որ համանախագահներից գոնե Ռուսաստանը տրամադրված  է վճռական:

Պարզ է դառնում, որ Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունը տապալվեց ոչ միայն ռազմական, այլ նաեւ՝ աշխարհաքաղաքական առումով: Եթե նախկինում  Բաքուն դեռ փորձում էր անտեսել Ստեփանակերտին, ապա քառօրյա պատերազմի ժամանակ պարտություն կրելով հենց Արցախից՝ Ադրբեջանն արդեն ստիպված կլինի հաշտվել բանակցությունների սեղանին արցախյան կողմի վերադառնալու փաստի հետ: Պատերազմը նաեւ վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե անմիջական մասնակիցն է, այլ արցախահայության անվտանգության երաշխավորը, ինչը զրոյացրեց ադրբեջանական դիվանագիտության միջազգային տարբեր հարթակներում հակահայկական տրամադրությունների ազդեցությունը:  Բնական է, որ ադրբեջանական ցանկացած հաջորդ նման արկածախնդրություն կարող է զայրացնել ռուսաստանյան վերնախավին: Ավելին՝  արտգործնախարար Ս. Ս. Լարովը ակնարկեց, որ Մոսկվան թույլ չի տա հիմնախնդրի կարգավորման հարցում թուրքական միջամտությունը, ուստի Անկարայի որեւէ ցուցում Բաքվին Կրեմլը չի հանդուրժի:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Ռազմաքաղաքական


27/04/2016