ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՏԵՂԵԿԱՆՔ
ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը և պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ, ըստ որի`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) դեպքում՝ նրա ընտանիքին տրամադրվում է երկու միլիոն դրամի չափով (2.000.000 դրամ),
բ) ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն դրամի չափով (1.000.000 դրամ) միանվագ ապահովագրական գումար:
Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
- «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման համաձայն՝ հուղարկավորման ծախսերի փոխհատուցման համար զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է 700.000 դրամ, իսկ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման համար` 1.400.000 դրամ:
Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին տրամադրվում է 1.400.000 դրամ փոխհատուցում` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:
«Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար նախատեսված գումարը չի վճարվում:
- «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30.2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի N 778 որոշման 13.1 կետի և ՀՀ պաշտպանության նախարարի 2014թ. հոկտեմբերի 27-ի N 1260 հրամանով սահմանված կարգով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել 100.000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն`
– զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության,
– տարերային աղետի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու,
– զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
– զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
- Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներով սահմանված կարգով:
- Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն:
- «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) օգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:
- «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի «ա)» կետի համաձայն` պետությունը երաշխավորում է զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն սահմանված կարգով՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ:
ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև ամենամսյա պարգևավճար նշանակվում է միայն զոհված (մահացած) զինծառայողի երեխաներին, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
– ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) երեխաներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը, իսկ յուրաքանչյուր երեխայի կենսաթոշակի չափը կազմում է 72.144 դրամ, որտեղ 36.144 դրամը կենսաթոշակն է, իսկ 36.000 դրամը ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված պարգևավճարն է,
– սպայական և ենթասպայական կազմի զինծառայողների յուրաքանչյուր անչափահաս երեխայի, ինչպես նաև առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի, մինչև 23 տարեկան լրանալը, կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում մահացած կերակրողի վերջին զինվորական ծառայության զբաղեցրած պաշտոնը և դրա համար սահմանված անձնական գործակիցը, ինչի արդյունքում կենսաթոշակի չափը, ներառյալ ամենամսյա պարգևավճարը, տատանվում է 75.000 դրամից մինչև 125.000 դրամ,
– զոհված (մահացած) պարտադիր ժամկետային զինծառայողների յուրաքանչյուր երեխային նշանակված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կազմում է 60.000 դրամ, որտեղ 24.000 դրամը կենսաթոշակն է, իսկ 36.000 դրամը պարգևավճարն է:
- «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34.1-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին նշանակվում է ամենամսյա պարգևավճար 30.000 դրամի չափով, որը համամասնորեն բաժանվում է ընտանիքի անդամների թվի վրա:
Զոհված զինծառայողների տարիքային կենսաթոշակի հասած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված այրիներին և ծնողներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող մարմինների կողմից` տարիքային աշխատանքային կամ հաշմանդամության կենսաթոշակի հետ միասին նշանակվում է նաև ամենամսյա պարգևավճար 31.000 դրամի չափով:
- Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34.1-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի պահանջների ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի N 302-Ն որոշմամբ սահմանված է`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու, Հայաստանի ազգային հերոս Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին տրվող պարգևավճարի չափը՝ 250.000 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին տրվող պարգևավճարի չափը՝ 150.000 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին տրվող պարգևավճարի չափը՝ 100.000 դրամ:
Վերը նշված ամենամսյա պարգևավճարը 2014 թվականի հունվարի 1-ից հետո նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով:
- Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «բ)» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները օգտվում են բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից: Բնակության վայր է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասը:
- «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-րդ կետի «բ)» ենթակետի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է:
- «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետի համաձայն՝ գույքահարկից ազատվում են` ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը:
ՀՀ ՊՆ ԶՍՊՎ
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Սոցիալ-իրավական