«ՈՐՈՆՈՒՄ-2016»
Տաջիկստանում սկսվել են «Որոնում- 2016» ՀԱՊԿ երկրների ռազմական հետախուզության զորավարժությունները:
Հետախուզական ուժերի առաջին համատեղ զորավարժության բացման արարողությունը տեղի ունեցավ Տաջիկստանի ԶՈՒ «Մագոբ» հրաձգարանում: Բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից, բացման արարողությանը մասնակցել են նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն:
«Շատ կարեւոր է, որ զորավարժություններին մասնակցող շատ երկրներ ներկայացրել են հետախուզության իրականացման իրենց տեխնիկական միջոցները, դրանք բոլորը կկիրառվեն, այդ միջոցներին կծանոթանան ՀԱՊԿ երկրների զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները, ինչը թույլ կտա միասնականացնելու դրանց կիրառումը: Կարեւոր է ավելացնել դրանց կիրառման արդյունավետությունը` գլխավոր խնդիրները լուծելու համար», – հայտարարել է Բորդյուժան:
Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի կազմի զինվորական, հատուկ, ռադիոէլեկտրոնային, օդային եւ հետախուզական այլ տեսակի ստորաբաժանումները: Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցելու են 1,5 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ բանակային, օպերատիվ-մարտավարական եւ ռազմա-տրանսպորտային ավիացիայի ստորաբաժանումները:
Զորավարժությունների ընթացքում զորքերի զորամիավորումների հետախուզական ստորաբաժանումները սարերում հետախուզության անցկացման, հետախուզական տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության եւ փոխանակման փորձ ձեռք կբերեն, ինչպես նաեւ ձեռք կբերեն հատուկ գործողության ընթացքում անծանոթ տեղանքում կարեւոր օբյեկտների գրավման եւ ոչնչացման գործողությունների փորձ:
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Ռազմաքաղաքական