ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի թիվ 105 ավագ դպրոցում ձևավորված ավանդույթի համաձայն՝ տնօրինության, աշակերտական խորհրդի, երկրապահ կամավորական աշակերտների հետ համատեղ մայրության և գեղեցկության միամսյակի առիթով կազմակերպվեց հրաձգության մրցույթ օդամղիչ հրացաններից, որին ակտիվորեն մասնակցեցին հինգ տասնյակից ավելի աշակերտուհիներ:
Մինչ հրաձգությունը, իմ կողմից անցկացվեց անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ համապատասխան հրահանգավորում: Մրցույթն անցավ մեծ հետաքրքրությամբ: Անտարբեր աշակերտ չկար: «Մարտադաշտ» էին մտել աղջիկները: Խանդավառված էին բոլորը՝ ուսուցիչները, աշակերտները և իհարկե` մասնակիցները: Հրաձգության ավարտից հետո մասնակցուհիները բարձր տրամադրությամբ տուն մեկնեցին՝ անհամբեր սպասելով արդյունքներին, որոնք պետք է հայտարարվեին հաջորդը օրը:
Արդյունքները ավելի քան բավարար էին: Մասնակիցներից յուրաքանչյուրը բարձր միավոր էր հավաքել: Հաղթող ճանաչվեցին ամենադիպուկները:
1-ին մրցանակային տեղը գրավեց 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Մանուկյանը: Նա նոր է ավարտել ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սերժանտական դասընթացները: Ունի կրտսեր սերժանտի կոչում:
2-րդ տեղը գրավեց նրա համադասարանցի Վարդուհի Օրդակյանը, իսկ երրորդ տեղը գրավեցին 10-րդ դասարանցի Լաուրա Փարսադանյանը և 12-րդ դասարանցի Լիլիթ Դավթյանը:
Հաղթողներին շնորհավորեց և տնօրինության պատվոգրերով պարգևատրեց դպրոցի տնօրեն Ա. Սողոյանը` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ և, ինչու չէ, ռազմահայրենասիրական գործում:
Մրցույթի ընթացքում օգնեցին և իրենց տեսական փորձն ու գիտելիքները փոխանցեցին ԵԿՄ պատանի երկրապահները՝ դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանի աշակերտներ, կրտսեր սերժանտներ Արթուր Ավդալյանը և Վարդան Դավթյանը:
Մրցությունը մեկ անգամ ևս հնարավորություն տվեց բացահայտելու գեղեցիկ սեռի կարողությունները, սերը զինվորական գործի նկատմամբ, հայրենիքի պաշտպանության գործին նվիրվածությունը: Համոզվեցինք, որ մեր աղջիկները անհրաժեշտության դեպքում թե՛ հոգեբանորեն և թե՛ ֆիզիկական որակներով լիովին պատրաստ են իրենց զինվոր ավագ եղբայրների կողքին կանգնելու և հայրենիքի պաշտպանության գործում նրանցից ետ չմնալու:
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Երևանի թիվ 105 ավագ դպրոցի
զինղեկ, փոխգնդապետ
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Բանակ և հասարակություն