ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Օրերս ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, բ.գ.թ. Արամ Սաֆարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քաղաքագետը հանգամանալից խոսեց Ադրբեջանի նախահարձակ գործողությունների, ստեղծված լարված իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին: «Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի անկախացումից ի վեր հետևողական և համաձայնեցված ծրագրում են Հայաստանը թուլացնելու և մեկուսացնելու քաղաքականություն, ջանում են անել ամենը, որ մեր երկրում ստեղծվի քաոսի, խժդժության մթնոլորտ: Այն, որ 25 տարի դա նրանց չի հաջողվել, չի նշանակում, թե այդ երկու հավատակից պետությունները հրաժարվել են իրենց մտադրությունից: Նրանք իրենց դիվային ծրագրերը շարունակում են…»:
Ա. Սաֆարյանը նույն համատեքստում խոսեց նաև հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության կարևորության և ամրության մասին` միաժամանակ նշելով, որ պետք է նոր բարեկամներ և դաշնակիցներ գտնել: Այս ամենին զուգահեռ սակայն շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մեր արդար շահերի պաշտպանությունը մեր ու միայն մեր` հայերիս խնդիրն է. «Մենք պետք է ի վիճակի լինենք պահպանելու և պաշտպանելու ԼՂ մեր եղբայրների անվտանգությունն ու ազատությունը: Պետք է աշխարհին տեղեկացնենք, որ ժամանակին տեղի է ունեցել անարդարություն, և այդ անարդարությունն արյան գնով մենք վերացրել ենք: Պետք է մինչև վերջ դիմակայենք, դիմագրավենք, դիմադրենք. սա է մեր փրկության և զարգացման միակ ճանապարհը»:
Քաղաքագետը առանձնակի ակնածանքով խոսեց այս օրերին մեր զինվորների և սպաների սխրանքների, մեր ժողովրդի հավաքական ուժի մասին, ինչի շնորհիվ էլ թշնամու պլանները ձախողվեցին. «Հակառակորդը չկարողացավ ռազմական խորություն ապահովել ո՛չ հյուսիսում, ո՛չ հարավում: Պատերազմն ավարտվեց չորրորդ օրը, որովհետև Ադրբեջանը երկարաժամկետ պատերազմ մղելու ռեսուրս չունի…»:
Բանախոսը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: Պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի վետերանների խոսքում մտահոգություն կար առկա իրավիճակի, երկրի առջև ծառացած ներքին և արտաքին խնդիրների շուրջ:
Հանդիպման ավարտին ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը բոլոր վետերանների անունից իր բողոքն ու վրդովմունքը հայտնեց Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի երկայնքով լայնամասշտաբ հարձակումներ սանձազերծելու կապակցությամբ: Նա նշեց նաև, որ իրենք կոչ են արել ԱՊՀ վետերանական կազմակերպություններին` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ստիպելու Ադրբեջանին դադարեցնել արյունահեղությունը:
Պատերազմ տեսած մարդիկ լավ գիտեն խաղաղության գինը…
Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Բանակ և հասարակություն