Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐՎԵՍՏԸ



Նրա ասեղնագործությունների աշխարհը  Հայաստան աշխարհն է՝ իր պատմական անցյալով ու ներկայով, իր կյանքի տխուր և ուրախ ելևէջներով, հայ ժողովրդի մարտունակ, հերոսական ու միասնական կամքի ուժով

 

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐՎԵՍՏԸՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Հայրապետյանի գեղարվեստն ինքնատիպ է և՛ ձևով, և՛ բովանդակությամբ:

Ձև ասելով` պետք է հասկանալ ազգային ասեղնագործության տեսակները, որոնք հնուց ի վեր ուղեկցել են հայ ժողովրդին` Վանի, Սվազի, Մարաշի, Այնթապի, Ուրֆայի և այլ տեղավայրերի ասեղնագործական դպրոցների ավանդները, որոնք Հայոց ցեղասպանության թոհ ու բոհի հետ ոչնչացան, անհետացան մեր բազմադարյա մշակութային այլ արժեքների հետ: Եվ, ահա, արվեստագետ Արմինեն նոր շունչ, նոր հոգի ու վերածնունդ է տվել մեր այդ երբեմնի ավանդներին, որոնք գրեթե մոռացության էին մատնված: Նա իր ծով համբերությամբ և աչքի լույսով, ասեղի կամ հելունի ծայրով ձև ու կերպ է հաղորդել բազմաթիվ անկրկնելի ստեղծագործությունների, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ, բայց բոլորը միասին հայկական են, ազգային ու ժողովրդական:

Եթե բովանդակությամբ բնորոշենք Արմինեի ստեղծագործական աշխարհը, ապա այն բոլորովին նորույթ է՝ եզակի, և, իրոք, ինքնատիպ: Քանի որ արվեստագետն ընթացել է չտրորված ճանապարհով` իր արվեստը հարստացնելով սեփական հոգու և մտքի աներևակայելի հայտնագործություններով: Նա իր համեստ թվացող ձեռագործներին նոր բովանդակություն, նոր որակ, նոր իմաստ ու նոր նպատակաուղղվածություն է հաղորդել: Այստեղ արդեն Արմինե-ստեղծագործողը մեզ ներկայանում է ի վերուստ իրեն շնորհված բացառիկ կարողություններով, եւ նրանից առաջ ոչ ոքի մտքով անգամ չի անցել, թե ասեղնագործությանը կարելի է խոսեցնել, երգեցնել և նույնիսկ փիլիսոփայական բարձր գաղափարներ արտահայտել տալ: Սա արդեն գյուտի արժեք ունի:

Հեղինակը հավատում է հայ ժողովրդի անպարտելի ուժին: Իզուր չէ, որ գրքի կազմի վրա Արարատի ստորոտին` Վանա ծովում է թռչնազարդ ու հեքիաթային «Տունդարձի բանալին», որը մեր ազգային էպոսի Փոքր Մհերի պես սպասում է իր ժամանակին, քանզի հեղինակը հավատում է Բարու ուժին. «Հաղթողը կյանքն է և ժողովրդի միասնության ոգին»:

Հայ ժողովրդի երբեմնի տարածքային ու հոգեգիտակցական կուռ-միասնական ամբողջականության գաղափարն է հելունագործել արվեստագիտուհին իր «Կենաց ծառ» ստեղծագործության մեջ: Այն, ըստ հեղինակի, «ամուսնացող զույգի, ընտանիքի, տոհմի, ազգի հավերժության»  գաղափարն է արտահայտում: Հորիզոնական, բազմակի օղակաձև կտրվածքով այն, իրոք, հայրենի հողից ծնունդ և սնունդ առած հաստաբուն մայր-կոճղի հնությունն է վկայում` իր բազում տերևիկներով խորհրդանշելով ընտանիքի, տոհմի, ազգի շարունակականության գաղափարը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐՎԵՍՏԸԱյնինչ նուրբ ու եթերային, տարատեսակ խաղարկումներով հելունագործված ժանյակային «Կռունկ» ստեղծագործությունը գրավիչ է և հրապուրիչ, ինչպես օտար աշխարհներով  օղակավորված, հետզհետե տարածվող ու ընդլայնվող բազմօղակ հյուսկեն-սկավառակը` մեր մոլորակն է իր տարբեր երկրներով, որոնք, ինչ խոսք,  ապաստան են տվել ցեղասպանությունից մազապուրծ, աշխարհով մեկ սփռված արևմտահայությանը, սակայն ժանյակային նուրբ պարագծերի կենտրոնում սեղմված, միայնակ ու տխուր կռունկը, թվում է՝ չի ուրախանում տարաբնույթ երկրների այլազան-այլալեզու  խառնամբոխի աղմուկի մեջ, այլ նրա հոգում լուռ մխում է կոմիտասյան աղոթք դարձած հարցադրումը. «Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս»: Սա, իրոք, գեղարվեստական խտացումն է սփյուռքում ապրող մեր հայրենակիցների արտաքուստ ուրախ ու երջանիկ թվացող, թեթև ու անհոգ կյանքը նախընտրած,  սակայն «հոգու սով» ապրող հավաքականությանը…

Արվեստագիտուհի Արմինեն բամբակյա նուրբ  թելերով հելունագործել է նաև մի այլ ինքնատիպ՝ «Լավաշ» ստեղծագործությունը` փափկությամբ ու նրբությամբ ընդգծելով մեր ազգային հացի որակները: Սակայն Սասուն Պասկևիչյանի երաժշտությամբ հնչող և Եղիշե Չարենցի՝ «…ընկերների սուփրին գինի ու հաց ըլիմ մինչև էգուց» խորիմաստ արտահայտությունը մեզ փոխադրում է մի ուրիշ, մաքուր ու անբասիր աշխարհ, որը խորապես հայկական է, որտեղ հայ մարդն առանց  ընկերոջ սեղան չի նստել, իսկ «ընկեր» գրաբարում նշանակել է «ընդ կեր», այսինքն` միասին ուտող, պատառը միասին կիսող: Այս խորապես մարդասիրական իմաստն է դրված սույն նրբահյուս աշխատանքի հիմքում, որտեղ իսկական, անդավաճան ընկերը պատրաստ է «հաց ու գինի» դառնալ, այսինքն` սուրբ հաղորդության պես,  մատաղ լինել հավատարիմ, նվիրված ընկերոջը:

Եվ այդ մաքրամաքուր ու անդավաճան հարաբերությունների ոլորտում հայկական գույնզգույն տարազներով ասեղնագործված «Նաիրյան աղջիկների» հեզաճկուն պարն ենք տեսնում` դարավոր կենաց-ծառերի հովանու ներքո` գիրկընդխառնված չարենցյան խոսքերին ու սաթյանական առինքնող  հնչյուններին: Այդ համահունչ ներդաշնակությունը դյութում, վեհացնում է բոլորին…

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐՎԵՍՏԸԵթե «Քելե՛, լաո՜, քելե՛ էրթանք մըր Էրգիր» երգը հայ ժողովրդի հարյուրամյա փայփայած երազն է, որը հնչում է որպես հրամայական պատգամ սերունդներին` մեր բռնազավթված պապենական հողը վերստին ձեռք բերելու համար, ապա ծաղկազարդված քնարաձև ասեղնագործությունը նոր իմաստ է ստանում գեղագետ ու խորագետ Արմինեի փոքրիկ, բայց հզոր միջամտությամբ: Նա քնարի երգող յոթ լարերի հանգուցահիմքում տեղադրել է ազատ ու անկախ Հայաստանի ու Արցախի զույգ հանրապետությունների քարտեզային-հողագույն մանրանկարը` նոր  իմաստ ու բովանդակություն հաղորդելով աշխատանքին: Քանի որ հայրենազրկված հայության համար երկար տարիների բաղձալի երազն այլեւս իրականություն է դարձած շնորհիվ ազատագրված Արցախի, որը մեր ազգային պահանջատիրության առաջին հաղթական հանգրվանն է: Այն նվաճվել է հայության միասնական կամքի ուժով և մեր անձնուրաց հերոսների արյան գնով, որի միջազգային ճանաչումն ու Հայաստանին միավորումը օրակարգի հարց է…

Այսպիսով` բազմաշնորհ արվեստագետ Արմինե Հայրապետյանի ասեղնագործած և հելունագործած ինքնատիպ ստեղծագործական աշխարհը Հայաստանն է՝ իր պատմական անցյալով ու ներկայով, իր կյանքի տխուր և ուրախ ելևէջներով, հայ ժողովրդի մարտունակ և հերոսական միասնական կամքի ուժով:

Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» (Ե., 2015) գիրքը ճաշակով կազմել և հրատարակության է պատրաստել ՀՀ ՊՆ ԱՌՀԻ «Հայկական բանակ» ՌԳՀ-ի տեխնիկական բաժնի պետ, այժմ՝ պահեստի փոխգնդապետ Արմինե Նազարեթյանը:

ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ցեղասպանագետ

Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Հոգևոր-մշակութային


27/04/2016