ՄԵՐ ԶՐԿԱՆՔՆԵՐԸ ԱՆԻՄԱՍՏ ՉԵՆ
Հայ օգնության միության Դավթաշենի «Էդիկ Մելքումյան» մասնաճյուղի ատենապետուհին` Սուսաննա Թովմասյանը, նախորդ անգամ մարտ ամսին էր եկել խմբագրություն: Հրավիրատոմս էր բերել ու խանդավառված պատմում էր.
-Արցախյան պատերազմում զոհված դավթաշենցիների այրիներին ենք հրավիրել: Թող հասկանան, որ իրենց չենք մոռացել, որ իրենց զոհողությունները գնահատում ենք ու երախտապարտ ենք: Կգան-կհավաքվեն հերոս հրամանատար Սամվել Գեւորգյանի անունը կրող դպրոցի դահլիճում: Մեծարանքի խոսքեր կլսեն՝ ասմունք, համերգ, հայրենասիրական ոգեշունչ երգեր: Հետո ամեն մեկը մի-մի ծաղկեփունջ կստանա կանանց տոնի առթիվ, նվեր` արծաթյա Աստվածաշունչ, հրեշտակ, շղթա ու դրամական աջակցություն: ԵԿՄ Դավթաշենի մասնաճյուղը իր մեդալները կհանձնի պարգեւատրվածներին: Մեծ բան չէ. բայց կուրախացնի զոհվածների այրիներին:
Երբ տունդարձի ճանապարհին ծանոթները, հարեւանները հարցնեն, կիմանան, որ հայրենիքի համար զոհվածները, քանի տարի էլ անցնի, օրհնանքով են հիշվելու ու մեծարվելու են: Թող երիտասարդները տեսնեն, հատկապես` երիտասարդները: Վաղը նրանք են պաշտպանելու հայրենիքը, նրանք են զենք վերցնելու:
…Վաղը սպասվածից ավելի շուտ եկավ: Օրեր անց քաջերի երիտասարդ սերունդը ավագներից ոչ պակաս ինքնանվիրումով ետ մղեց մեր հողը մտած թշնամու հարձակումը:
Տիկին Սուսաննան, որը ազատամարտիկի կին է եւ, ինչպես ինքն է ասում, սիրտը չի կտրվում Արցախից, կրկին իմ աշխատասենյակում է:
-Արցախ էի գնացել,- ասում է, ու աչքերը արցունքոտվում են:
-Ոչ մի ուժ չի կարող ծնկի բերել մեզ, ոչ մի զենք, ոչ մի ատոմային ռումբ չի կարող համեմատվել հայրենիքի հանդեպ մեր սիրո ուժի հետ: Ոչինչ չի կարող կտրել մեր կապը հայրենի հողից: Բառերով պատմելու բան չէ: Արցախցին ամուր կանգնած է իր հողին, ու ամբողջ Հայաստանը նրա կողքին:
Երեւանում ով իմանում էր, որ Արցախ ենք գնալու, ուզում էր ինչ-որ բան ուղարկել իր վտանգված հայրենակիցներին: Մենք Իրաքի հայ համայնքի ՀՄԸՄ-ի նվիրաբերած ֆինանսական միջոցներով գնեցինք առաջին անհրաժեշտության իրեր ու տարանք Արցախ` վառելիք, սնունդ, հագուստ: Հոգաչափ շնորհակալ եմ Իրաքի ՀՄԸՄ-ին, որի աջակցությունն ավելի շատ կարեւորվում է սփյուռք-հայրենիք միասնականության գաղափարով եւ մեկ անգամ եւս փաստում, որ փոքրիկ Արցախի կողքին մեծ աշխարհն է ու համայն աշխարհի հայությունը: Գուցե հենց դա է պատճառը, որ արցախցիներն այդքան հերոսական ու քաջ են: Այդքան աննկուն են ու անընկճելի:
Իմ ամուսինը, փեսան Արցախյան պատերազմի կամավորականներ են, ու իմ ուրախությանը չափ չկա, որ հայկական բանակի այսօրվա զինվորը` մեր պատանիները, ավագների պես սիրում են հարազատ հողը ու քաջությամբ չեն զիջում մեր հայդուկներին ու ֆիդայիներին:
Տիկին Սուսաննան պատմում է, հոգին դատարկում ու դռների մոտ հրաժեշտ տալիս ասում է` եթե երիտասարդ սերունդն արժանավոր չլիներ, մեր բոլոր զրկանքները, կարուստները անիմաստ կկորչեին:
Ազատամարտիկի կինը գնում է, իսկ ես զգում եմ, որ չեմ կարող ապրումներս չհանձնել թղթին:
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Բանակ և հասարակություն