Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌ՝ ՀԵՐՈՍԻ ՊԱՏՎԻՆ



ԾԱՌ՝ ՀԵՐՈՍԻ ՊԱՏՎԻՆԵղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում միջոցառում էր՝ նվիրված 2015թ. դեկտեմբերի 11-ին Արցախում զոհված երիտասարդ սպա Վարդան Վարդանյանի հիշատակին:

Մարտի 26-ին Վարդանը կդառնար 22 տարեկան, սակայն հայրենիքի պաշտպանության ժամանակ անարգ թշնամու դավադիր գնդակից կտրվեց նոր ծառայության անցած երիտասարդ սպայի կյանքի թելը:

Վարդանը 2010 թ. ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» բաժինը: 2014թ. լեյտենանտի կոչումով ծառայության է անցել ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում` որպես դասակի հրամանատար:

Դպրոցի դահլիճում կազմակերպված ցերեկույթին ներկա էին Վարդանի ծնողները, հարազատները, ուսուցիչներ, աշակերտներ, զորամասից զինվորականներ, Վայոց ձորի մարզպետարանի կրթության և սպորտի վարչության աշխատակիցներ, ինչպես նաև մարզի այլ դպրոցներից ժամանած ուսուցիչներ և աշակերտներ: Միջոցառումը բացման խոսքով ներկայացրեց դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը:

ԾԱՌ՝ ՀԵՐՈՍԻ ՊԱՏՎԻՆՄիջոցառման ժամանակ դպրոցի սաների կողմից հնչեցին հայրենասիրական երգեր, թատերական ներկայացումներ:

Դպրոցի տնօրենի հրամանով այն դասասենյակը, որտեղ սովորել է Վարդան Վարդանյանը, անվանակոչվեց նրա անունով:

Վարդան Վարդանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ «Արիության մեդալով»՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար:

Դպրոցի դիմացի այգում 2012թ.-ին հիմնադրված անվանական ծառուղում 5-րդ «բ» դասարանի աշակերտները տնկեցին Վարդան Վարդանյանի անվան ծառ, որի շուրջ հավաքված երեխաները երդվեցին հայրենիքին ծառայել այնպես, ինչպես իրենց ավագ ընկեր Վարդան Վարդանյանը:

Սերյոժա ԳԱՍՊԱՐՅԱՆ

ք. Եղեգնաձոր

Խորագիր՝ #15 (1135) 27.04.2016 - 03.05.2016, Բանակ և հասարակություն


27/04/2016