Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ



Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՄարտական պատրաստականություն

Շաբաթվա ընթացքում ամեն օր մարտկոցում ճշտվել է մարտական հաշվարկը` ընթերցվել երեկոյան անվանականչին: Ստուգվել է անձնակազմի պարտականությունների իմացությունը տագնապի ազդարարման դեպքում:

Մարտական պատրաստություն

Համաձայն մարտական պատրաստության պլանի՝ անցկացվել են դասացուցակով նախատեսված բոլոր պարապմունքները՝

Ըստ առարկաների պարապել ենք`

– Մարտական պատրաստությունից՝ Թեմա 3. «Հաշվարկը հարձակվելիս»: Պարապմունքներն անցկացվել են հաշվարկների կազմով: Հիմնականում բոլոր հաշվարկների հրամանատարներն իրենց ենթակա անձնակազմին ուսուցանել են ճիշտ, եւ հաշվարկների համարները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Հաշվարկների հրամանատարները, սակայն, անելիքներ դեռեւս շատ ունեն ճիշտ եւ արդյունավետ պարապմունքներ կազմակերպելու համար, որի հիմնական պատճառը փորձի պակասն է:

Պարապմունքների արդյունքներով՝ լավագույն հաշվարկը համարվում է` 1 ԿԴ 3-րդ հաշվարկը, հրամանատար` սերժանտ Պոդոսյան, քանի որ միայն սերժանտ Պոդոսյանն է մեթոդապես ճիշտ կազմակերպել պարապմունքները:

Համեմատաբար թույլ կողմերով ներկայացվում է 2 ԿԴ 3-րդ հաշվարկը, հրամանատար` կրտսեր սերժանտ Բաղդասարյան: Կրտսեր սերժանտ Բաղդասարյանը, պարապմունքների սկզբնական շրջանում գտնվելով բուժկետում, ուստիեւ ուսուցման մասնագիտական առումով ետ է մնացել մյուսներից:

Այժմ ԿԴ-ի մասնագիտական եւ տեխնիկական պարապմունքների մասին զեկույցի համար խոսքը տրվում է լեյտենանտ Բարխուդարյանին:

– Մասնագիտական պարապմունքներից անցկացվել է. Թեմա 1. «Հաշվարկի համարների աշխատանքը եւ տեղավորումը»: Պարապմունքների ժամանակ անձնակազմին՝ բացատրվել է մասնագետների տեղավորումը հրանոթի մոտ: Ուսուցանվել է նաեւ N2 «Մարտի» եւ N13 «Ավարտ» նորմացույցների կատարումը: Հաշվարկի անձնակազմին՝ ըստ իրենց պաշտոնների մանրամասն բացատրվել են` «Մարտի» եւ «Ավարտ» նորմացույցները կատարելու ժամանակ կատարելիք իրենց գործողությունները, դասակների անձնակազմերը թեման յուրացրել են, սակայն վերջին զորակոչի զինծառայողների որոշ մասը ետ է մնում նորմացույցների պահանջներից:

Պարապմունքների արդյունքով՝ լավագույն հաշվարկ է ճանաչվում` 1 ԿԴ 2-րդ հաշվարկը, հրամանատար` սերժանտ Մելքոնյան, քանի որ շաբաթվա ընթացքում միայն 2-րդ հաշվարկում է նկատվել դրական առաջխաղացումը:

Համեմատաբար թույլ ցուցանիշներ ունի 1 ԿԴ 1-ին հաշվարկը, հրամանատար` սերժանտ Շահվերդյան:

– Տեխնիկական պատրաստությունից՝ Թեմա 1. «Հրանոթի կառուցվածքը»: Պարապմունքի ժամանակ անձնակազմին մանրամասն ուսուցանվել է հրանոթի կառուցվածքը եւ ՄՏԲ-ն, որպեսզի վերջին զորակոչի զինծառայողները հնարավորինս հեշտ յուրացնեն տվյալ թեման:

Պարապմունքների ժամանակ վարորդներին բացատրվել է մեքենաների կառուցվածքը, շահագործման կարգը, անվտանգության պահանջները…

Դասակի եւ ջոկերի պարոնայք հրամանատարներ, առավել մեծ ուշադրություն դարձրեք թերացող զինծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը:

Զորքերի ծառայությունը շաբաթվա ընթացքում կազմակերպվել է համաձայն սահմանված ղեկավար փաստաթղթերի (ԶՈՒ Համազորային կանոնադրություններ, ԶՈՒ ԶԾ եւ ԶԾԱԱ մեթոդական ձեռնարկ, ԶԾ ուղեցույց) եւ վերադաս հրամանատարության հրամանների ու կարգադրությունների:

Շաբաթվա ընթացքում ըստ վերակարգի գրաֆիկի՝ անձնակազմն ընդգրկվել է ներքին վերակարգում:

Թե՛ հերթապահները եւ թե՛ օրապահները իրենց պարտականությունները կատարել են բարեխղճորեն` համաձայն ԶՈՒ ՆԾԿ պահանջների, սակայն որոշ փոխարինող օրապահներ անվստահ են կատարել հերթապահի պարտականությունները: Նկատվում է որոշակի կաշկանդվածություն ավագ պետերին զեկուցելու ժամանակ:

Ոչ բոլոր հերթապահներն են կարողանում ճիշտ գրառումներ կատարել զենքի եւ զինամթերքի բացթողման գրքերում: Օրինակ՝ կրտսեր սերժանտ Շահվերդյանը, մարտի 5-ին լինելով մարկոցի հերթապահ, զենքի եւ զինամթերքի բացթողման գիրքը լրացրել է ջնջումներով եւ առանց ինքնաձիգի տեսակը նշելու:

Շաբաթվա արդյունքներով՝ մարտկոցի լավագույն հերթապահ է համարվում 2 ԿԴ 1-ին հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Թաթոսյանը:

Մարտի 4-ին մարտկոցն ստանձնել է ներքին պահակային ծառայությունը: Պահակային ծառայությունն անցել է առանց արտակարգ դեպք ու պատահարի: Համաձայն ստուգումների վերաբերյալ արված գրառումների եւ պահակապետերի զեկույցների՝ պահակախումբը ծառայությունը կատարել է ԶՈՒ ԿուՊԾԿ պահանջներին համապատասխան: Սակայն զորամասի վերահսկիչ խմբի տված «Հարձակում պահակատան վրա» ներմուծականով, շարքային Բադիկյանը եւ շարքային Գրիգորյանը գործել են անվստահ:

Պահակային ծառայությունից աչքի է ընկել շարքային Թովմասյանը, որի համար հայտարարվում է «Շնորհակալություն»:

Լեյտենանտ Բարխուդարյանին` մինչ հաջորդ պահակային ծառայության ստանձնումը` անցկացնել լրացուցիչ պարապմունք մարտական պատրաստականությունից եւ հատուկ ուշադրություն դարձնել շարքային Բադիկյանի ու շարքային Գրիգորյանի վարժվածությանը:

Ընթացիկ շաբաթում մարտկոցում արտակարգ պատահար չի գրանցվել: Սակայն տեղ են գտել կարգապահական խախտումներ, որոնց հետեւանքով մարտկոցի կարգապահության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ ընկել է: Այսպես, օրինակ` շարքային Բաբայանը մարտի 1-ին առանց թույլտվության բացակայել է մարտկոցի տարածքից, որի հետեւանքով հաջորդ պարապմունքին ներկայացել է 25 րոպե ուշացումով: Շարքային Բաբայանին նման արարքի համար հայտարարվել է «Նկատողություն»: Մարտի 1-ին շարքային Սայադյանը երեկոյան անվանականչի ժամանակ շարքում կանգնած է եղել թափթփված վիճակով, դրանով իսկ խախտելով ինչպես հագուստի կրման կարգը, այնպես էլ կարգապահության կանոնները: Քանի որ նմանատիպ պահվածքի համար շարքային Սայադյանը նախկինում ստացել էր «Նկատողություն» եւ հետեւություն չի արել, այս անգամ նրան հայտարարվել է «Խիստ նկատողություն»:

Շաբաթվա ընթացքում մարտկոցի կարգապահությունը գնահատվում է «բավարար»:

 

Զորքերի բարելավում

Զորանոցում մեծ ուշադրություն է դարձվել անկողնային պարագաների մաքրությանը, կողապահարանների համալրվածությանը եւ դասավորվածությանը` նկատի ունենալով համայցի ժամանակ զորամասի հրամանատարի արած դիտողությունները: Շաբաթական բաղնիքը կազմակերպվել է ըստ գրաֆիկի:

Զորամասի հրամանատարի 2016թ. հրամանի պահանջներով՝ զորամասում անցկացվել են ջոկերի ներդաշնակման ստուգողական պարապմունքներ: Պարապմունքների արդյունքներով՝ նշվում է`

-լավագույն դասակ` ՄԿԴ,

-լավագույն հաշվարկ` 1 ԿԴ 3-րդ հաշվարկ` հրամանատար, սերժանտ Պոդոսյան,

-լավագույն հաշվարկի հրամանատար` 1 ԿԴ 3-րդ հաշվարկի հրամանատար, սերժանտ Պոդոսյան,

-լավագույն նշանառու` 1 ԿԴ 2-րդ հաշվարկի նշանառու, շարքային Գաբոյան,

-լավագույն հաշվարկի համար` 2 ԿԴ 1-ին հաշվարկի համար, շարքային Հարությունյան:

Հաջորդ շաբաթվա կարեւոր խնդիրներն են.

-կատարելագործել ենթակա անձնակազմի հմտությունները եւ ունակությունները՝ համաձայն ճամբարային հավաքների պլանի, ուշադրություն դարձնել նրանց դաշտային վարժվածության եւ մարտավարական խնդիրների ճիշտ կատարմանը,

-դասակի հրամանատարին` հետեւել անձնակազմի դիմացկունության եւ ուժային որակների բարձրացմանը, սպորտային միջոցառումների ժամանակ N2 եւ N5 վարժություններից կազմակերպել ստուգարքներ,

-մարտկոցի անձնակազմին՝ խիստ կերպով պահպանել եւ իրականացնել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները, խստագույնս պահպանել տեխնիկայի եւ սպառազինության հետ վարվելու անվանգության կանոնները, մշտապես կարգապահություն պահպանել ինչպես շարքում, այնպես էլ առօրյա ծառայության ընթացքում:

Ավարտելով նյութը, համոզմունք ունենալով, որ այն ոչ ավելի, ոչ պակաս մեթոդական օգնություն էր ընթերցողին, մաղթում եմ անվտանգ զինվորական ծառայություն, կրկին հիշեցնելով, որ պահակային ծառայության կատարումը համարվում է մարտական առաջադրանք եւ անձնակազմից պահանջում է ճշտորեն պահպանել ԿուՊԾ Կանոնագրքի բոլոր դրույթները, ցուցաբերել բարձր զգոնություն, աննկուն վճռականություն եւ նախաձեռնություն: 

Գ. Մխիթարյան

բաժնի պետ

գնդապետ

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Ազգային բանակ


04/05/2016