Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶՈՀՎԵՑԻՐ, ԴՈՒ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵՑԻՐ»



«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶՈՀՎԵՑԻՐ, ԴՈՒ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵՑԻՐ»Գարունն ամեն տարվա պես իր թեւերն էր փռել լեռնային Շատին գյուղի վրա ու ամեն տարվա պես կարոտով նրան էր սպասում:

Գյուղ բերող ճանապարհն էլ ամեն տարվա պես, «աչքը ջուր կտրած», նրան էր սպասում:

Եվ կորստյան ցավից այդպես էլ չապաքինված` հարազատներն ու մերձավորները ամեն տարվա պես սպասում էին հավատով, որ նա անպայման տուն կվերադառնա:

 

Գարունը, հայրենի գյուղի ճանապարհը, Լեւոն հայրն ու Կիմա մայրը, եղբայրը՝ Ժորան, քույրը՝ Վարդուհին, հարազատներն ու մերձավորները այդպես էլ մինչ օրս չեն հավատում, որ իրենց զինվոր որդին զոհվել է ազատամարտում: Հավատում են, որ նա, այնուամենայնիվ, դեռևս քսաներկու տարի առաջ կռվից վերադարձել է հաղթանակած` իր անունը պսակած մարտական փառքով: Վկան` «Արիության համար» մեդալը,  «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանը, վկան` կենդանի մնացած մարտական ընկերների անկեղծ հիացումով խոստովանությունը.

-Յուրիկը անձնազոհության խորհրդանիշ էր…

Բարձրահունչ, բայց սրտահույզ խոստովանություն: Ու հիմա նա` հայրենիքի անձնազոհ զինվորը, իր սրբազան պարտքը կատարած, խաղաղ նիրհում է հայրենի գյուղի գերեզմանոցում. շիրմաքարին երկու թվեր են` 1972-1994 և անուն-ազգանուն` Յուրիկ Լևոնի Խանոյան: Միջանկյալ գծիկն ամփոփում է նրա կարճ, բայց իմաստախոս կենսագրության էջերը:

Աշնանն էր ծնվել, բայց գարնանային ապրիլի 25-ի օրը վերջինը եղավ նրա կյանքում: Ցերեկային թեժ մարտերից հետո զարմանալի խաղաղ գիշեր էր իջել դաշտի վրա: Աստղերն էլ պարզ երկնքում կայծկլտում էին` ասես անհամբեր սպասելով, թե ինչ տեղի կունենա լուսաբացին: Մարտիկներից ամեն մեկը փորձում էր յուրովի «վայելել» այդ պահերը. ոմանք ծխում էին, մեկ-երկուսը զենքերն էին մաքրում, մյուսները լուռ սգում էին ցերեկային մարտում զոհված ընկերների կորուստը: Իսկ Յուրիկը, ավտոմատը մի կողմ դրած, մտքերի ծովն էր ընկել: Մտովի իր հայրենի գյուղում էր, որտեղ նրա վերադարձին էին սպասում հարազատները, նշանած աղջիկը: Հարազատ դպրոցը, դասընկերներին, ուսուցիչներին էր գուցե հիշում, բոլոր նրանց, ովքեր վերադարձի հավատով ճանապարհել էին իրեն: Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի սովխոզ-տեխնիկումում սովորելու տարիներն էր մտաբերում, երբ բժշկական մասնագիտությամբ կարճատև աշխատանքից հետո մեկնեց Արցախ` մասնակցելու հանուն հայրենյաց մղվող ազատամարտին: Այնտեղ կենաց-մահու կռիվներ էին մղվում: 1993թ.-ին` սեպտեմբերյան մի մարտում վիրավորվեց. Կուբաթլիի մերձակայքում էր: Վիրակապվելուց անմիջապես հետո դիմեց հրամանատարին.

-Թույլ տվեք շարք վերադառնալ:

-Երբ լիովին կկազդուրվես, կվերադառնաս,- առարկեց հրամանատարը:

Համառությունը հաղթեց, և նա միացավ ընկերներին: Երկար ժամանակ գնդակը «չէր գտնում» խիզախ զինվորին, որ նաև զինվորական բժշկի օգնական էր, բայց…

…Խաղաղ գիշերվա լռությունը խախտվեց վաղ առավոտյան: Ադրբեջանցի հրոսակներն անակնկալ գրոհ ձեռնարկեցին` փորձելով գրավել Ֆիզուլիի շրջանի Մերդինլի գյուղի մերձակա հենակետը: Մարտն անզիջում էր` երկուստեք ծանր կորուստներով: Յուրայի ջոկատը անընդմեջ կրակի տակ էր հայտնվել: Կողքին վիրավորներ էին, հարկավոր էր նրանց դուրս բերել ապահով վայր: Չէ՞ որ նա որպես զինվոր էր մասնակցում մարտերին և անհրաժեշտության դեպքում մասնագիտության բերումով օգնում վիրավորներին: Վայրկենապես որոշում կայացրեց և ծանր վիրավոր մարտընկերոջը շալակած տարավ մոտակա քարակույտի ետևը: Հետո` երկրորդ վիրավորին, երրորդին… Հետո թշնամու գնդակը «գտավ» քաջարի զինվորին… Եվ նա փակեց աչքերը` ափի մեջ սեղմած դաշտային ծաղիկներ:

Հիմա նորից գարուն է Եղեգնաձորի Շատին գյուղում: Ծաղկած ծառերը խոնարհվել են հերոսի շիրմաքարին: Գարունը, հայրենի գյուղի ճանապարհը, հարազատներն ու մերձավորները հավատում են, որ նա դեռ քսաներկու տարի առաջ, այնուամենայնիվ, ազատամարտից «վերադարձել» է հաղթանակած` իր անունը փառքով պսակած: Հավատում են, որովհետև համոզված են, որ հայրենիքի համար զոհվածներն անմահ են, քանզի, ինչպես բանաստեղծն է ասել՝ «Հանուն հայրենյաց զոհվեցի՛ր, դու հավերժ ապրեցիր»:

Վարդգես  ԽԱՆՈՅԱՆ

 

Հ.Գ. -Յուրիկ Խանոյանը Արցախյան ազատամարտում Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղի միակ զոհն է, և զարմանալի է, որ մինչ օրս ոչինչ չի անվանակոչվել հերոսի անունով` ո՛չ այն դպրոցը, որտեղ նա սովորել է և ո՛չ էլ  դասասենյակներից մեկը…

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


04/05/2016