Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՏԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ…»



Նարե Մկրտչյանը ֆիլմի հերոսուհիներից մեկի՝ ցեղասպանությունը վերապրած 107-ամյա կնոջ հետ:

Նարե Մկրտչյանը ֆիլմի հերոսուհիներից մեկի՝ ցեղասպանությունը վերապրած 107-ամյա կնոջ հետ:

Անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հազարավորների հետ միասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ծառուղով, հաղթահարելով շատ ու շատ հակոտնյա զգացումներ, հորդ անձրևի տակ առանց անձրևանոցի լուռ քայլում էր Մայա անունով թրքուհին…

Ծնունդով հայաստանցի Նարե Մկրտչյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Տան մյուս կողմը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան կայացավ այս տարվա ապրիլի 21-ին` ԱՄՆ-ի Գլենդել  քաղաքի MGN Five Star Cinema-ում: 104 տեղանոց դահլիճը չբավարարեց. ֆիլմը դիտել ցանկացողների համար բացվեցին նաև 2-րդ և 3-րդ դահլիճները: Տպավորությունը մեծ էր: Հանդիսատեսը չէր հեռանում դահլիճից, չէին դադարում հարցուպատասխանները: Մինչ այդ, ֆիլմն արդեն իսկ դրական արձագանքների էր արժանացել ամերիկյան կինոյի հայտնի շրջանակներում, հեղինակավոր պարբերականների կողմից:

Նախնական կրթությունն ստանալով  Երևանում և 15 տարեկանում մեկնելով   Լոս Անջելես՝ Նարեն  ավարտել  է  համաշխարհային կինոյի լավագույն դարբնոցներից մեկը՝  հայտնի USC School of Cinematic Arts-ը:  Բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր է: Նրա  վերջին՝  «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի պրոդյուսերն է օսկարակիր  Ռոբ Ֆրիդը:

Ֆիլմը պատմում է հայ ռեժիսորի և թուրք կնոջ` Մայայի ճամփորդության մասին՝ Ստամբուլից դեպի Հայաստան: Նրանց միավորողը ցեղասպանությունն է, որի ճակատագրական ազդեցությունը խորապես կրել են երկուսն էլ:

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախորդած օրերին  Թուրքիայում (որտեղ ցեղասպանություն եզրույթը արգելք է, և որի մասին խոսելն անգամ վտանգավոր է) ու շարունակվել Երևանում` ապրիլի 23-ին և 24-ին:

Նարե Մկրտչյանի հերոսուհին իր ողջ գիտակցական կյանքն ապրել է որպես թրքուհի, մինչև այն պահը, երբ իմացել է, որ իր տատիկի մայրը՝ Նուրիեն, հայուհի է: Վերջինս թաքցրել է իր ինքնությունը, բայց չի կարողացել թաքցնել աչքերի խոր թախիծն ու դառնությունը: «Այն, ինչ պատմել են ինձ, նման էր հեքիաթի, թե ինչպես է պապիկիս հայրը տեսել նրան՝ փոքրիկ աղջկան, կծկված թփերի մեջ… թուրք զինվորականին հմայել են մթի մեջ շողարձակող աղջկա գեղեցիկ աչքերը… տարել է նրան իր հետ, ամուսնացել, փոխվել են նրա հավատը, ազգությունը, անունը… «Ուղղակի ես այլեւս չեմ հավատում հեքիաթներին», -եզրափակում է Մայան:

Ֆիլմի հերոսուհին՝ թրքուհի Մայան

Ֆիլմի հերոսուհին՝ թրքուհի Մայան

Մայայի մեջ երկու հզոր ուժ միշտ պայքարի մեջ են եղել: Կռիվը հոգում՝ նա իր մեջ համարձակություն էր գտել Նարեի առաջարկով Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին գնալ Երևան, բարձրանալ Ծիծեռնակաբերդ: Ֆիլմը, որում կենտրոնական կերպարներն են ցեղասպանության երկու շառավիղները՝ ռեժիսոր Նարե Մկրտչյանն ու թրքուհի Մայան, ցույց է տալիս, թե ինչպես է ցեղասպանությունն ազդում մարդու ինքնության, հոգեկերտվածքի, ընկալումների վրա անգամ 100 տարի անց: Ֆիլմում Մայան ասում է. «Արդյոք այն, որ իմ մեջ հայկական արյուն կա, նշանակություն ունի՞: Այո՛, իհարկե, ունի: Բայց ինչպես դա բացատրել… Զգում ես, որ քո մեջ ինչ-որ բան այն չէ: Որ դու թշնամիներ ունես քո սեփական արյան, մարմնի, հոգու մեջ»: Այնուհետև նա պատմում է, որ երբ ինքը 6 տարեկան էր, և իրենց ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում էր, Ալեքս Սարոյան անունով մի հայ մարդ պատսպարել է իրենց իր տանը: Նա պատմել է Անատոլիայում կատարված դեպքերի մասին, բայց ոչ երբեք ուղղակիորեն: Դա նման կլիներ փոքրիկ թուրք երեխայի «ուղեղը լվանալուն»:

Ֆիլմում չափազանց հուզիչ է այն պահը, երբ մինչև Հայաստան գնալը, Նարեն և Մայան այցելում են Մայայի մորը: Նա ցույց է տալիս հին լուսանկարը, որի կենտրոնում Նուրիեն է: Մայան մորը հարցնում է. «Չե՞ս վախենում ինձ համար, որ գնալու եմ Հայաստան»: Նա պատասխանում է` «Ո՛չ, ինչ ես ասում, ես երջանիկ եմ, որ դու գնում ես, դա իմ հայուհի տատիկի  հիշատակի համար է…»: Իսկ ֆիլմի ռեժիսորի նույն հարցին՝ Մայան այսպես է պատասխանում. «Այո՛, վախենում եմ: Ես վախենում եմ, որ մարդիկ կմտածեն` ես թուրք եմ: Ինձ թվում է՝ օդանավակայանում բոլորը ինձ են նայում: Բայց հույս ունեմ, որ նրանք, իմանալով իմ պատմությունը, կհասկանան ինձ»:

Իրեն թրքուհի համարող Մայան չի հավատում, որ կատարվածը ծրագրված ցեղասպանություն է եղել: Ինչպե՞ս կարող է մարդը իր նմանի նկատմամբ այդ աստիճան դաժան լինել: Եղածը որակում է որպես մասնակի սպանություններ, ջարդ, տեղահանություն, բայց ոչ ամբողջ մի ազգի ոչնչացման ծրագիր:  Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհին Մայան ասում է. «…Երբ քայլում էի անձրևի տակ, զգացի, որ մրսում եմ ու թրջվում, բայց անմիջապես մտածեցի, թե  մարդիկ ինչքան են  տանջվել  տեղահանվելիս… Ես հիմա գիտեմ, թե ինչու է ամեն տարի ապրիլի 24-ին Երևանում անձրև գալիս. դա  Աստծու պարգևն  է,  որպեսզի հպարտ մարդիկ կարողանան թաքցնել արցունքները…»:

Ֆիլմի ցուցադրությունը MGN Five Star Cinema-ում շարունակվելու է մինչև ապրիլի 28-ը:

Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե Ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնին, և հավանաբար ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա ամռանը:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Հոգևոր-մշակութային


04/05/2016