ՊԱՅԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒՉԻԿԸ
Ինչպես հայտնի է` Ադրբեջանի նախահարձակումը ԼՂՀ- ի դեմ, պատերազմի նոր էսկալացիան եւ ադրբեջանական բանակի կողմից պատերազմական հանցագործությունները դարձել են համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր թեմաները: Նկատվում են լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրություն եւ չդադարող հոսք հակամարտության գոտի, հատկապես` Արցախ: Մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ լրագրողների բնականոն աշխատանքի համար: Հարյուրից ավելի լրագրողներ օպերատիվ տեղեկատվություն էին տարածում ռազմաճակատից ու հակառակորդի հրթիռահրետանային հարձակմանը ենթարկված բնակավայրերից:
Արտասահմանցի լրագրողների երկու խումբ մերձճակատային Մատաղիս գյուղն ուղեկցելու առիթը նաեւ հնարավորություն ընձեռեց անմիջապես տեղում ծանոթանալու հակառակորդի հարձակման հետեւանքներին, դիրքեր մեկնող զինվորների մարտական ոգուն եւ հրետակոծություններից տուժած բնակիչների հոգսերին:
Ճանապարհին չնկատվեց որեւէ կասկածելի բան, որը կարող էր խաթարել Կիչան, Չլդրան, Դրմբոն եւ այլ բնակավայրերի բնականոն կյանքը: Իսկ Կիչանի ճանապարհին անհոգ ճեմող երեք աղջնակներն ասես տեղյակ էլ չէին կրկին անհանգիստ ռազմաճակատից:
Ադրբեջանի հերթական նախահարձակումն ընդհատել է Մատաղիս տանող ճանապարհի հողահարդարման ու ասֆալտապատման աշխատանքները: Երբեմնի բանուկ ճանապարհին հազվադեպ էին փոխադրամիջոցներ հանդիպում: Մատաղիսում նախորդ օրերի հրետակոծության հետքերը ամենուր էին՝ դպրոցի շենքում, տների, ժողովրդատնտեսական նշանակության օբյեկտների մոտակայքում: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի անունը կրող դպրոցը դարձել էր ադրբեջանցի ռազմական հանցագործների թիրախը: Բարեբախտաբար, հրթիռակոծության պահին դպրոցում աշակերտներ չեն եղել, սակայն «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ արկերի մնացորդները եւ պայթյունների հարվածային ալիքներից ջարդուփշուր եղած ապակիների տխուր խճանկարը կամ ծռմռված թիթեղների ու ավերված շինությունների մռայլ պատկերը հարուցում են տեսնողի ցավն ու ցասումը: Հայ եւ արտասահմանցի լրագրողները տեսան, որ հրթիռակոծվել է նաեւ դպրոցը: Այստեղ համապատասխան աշխատանքներ էր կատարում ԼՂՀ դատախազության քննչական խումբը: Ինչպես արդեն հայտարարվել է` ԼՂՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի նախահարձակման՝ Արցախի Հանրապետության հանդեպ ռազմական հանցագործությունների փաստերով: Դրանց իրավական գնահատական տալը շատ կարեւոր է միջազգային իրավունքի շրջանակներում Ադրբեջանի հանցագործ վարչակազմին պատասխանատվության ենթարկելու համար:
Դիրքեր մեկնող զինվորներից իմացանք, որ ռազմաճակատում գտնվող իրենց զինակիցների մարտական ոգին բարձր է, եւ պատրաստ են այսուհետ եւս թշնամուն արժանի հակահարված հասցնել:
Իսկ բնակիչների հետ հանդիպումը հուսադրող էր: Ամենակարեւորը` խուճապ չկար, ոմանք հրետակոծությունից փրկված տան իրերն են ժամանակավոր տեղափոխում ապահով տեղ, բայց կրկին վերադառնալու եւ օջախը շենացնելու հաստատակամությամբ: Տարիքն առած մի գյուղացի, որ չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ «Գրադի» հրթիռը մխրճվել է իր տան մեջ, ավերել ամեն ինչ, հիմա մնալու տեղ չունի, բայց հույս ունի, որ կստանա անհրաժեշտ օժանդակություն եւ երրորդ անգամ կշենացնի իր տունը…
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները ստահոդ լուրեր են տարածել, թե իբր Մատաղիսը գրավված է: Այնինչ, իրականությունը միանգամայն այլ է: Ադրբեջանական հերթական կեղծ քարոզչության փուչիկը պայթեց հենց տեղում, երբ արտասահմանյան հեղինակավոր լրագրողներն անձամբ համոզվեցին, որ ադրբեջանցիները ստում են: Կեղծիքներով ուղեկցվող «պատմաշինարարությամբ» մեր թշնամիները վաղուց են անցել բանականության սահմանները, աղավաղել են հակամարտության իրական պատկերը, իսկ հիմա նենգափոխումները ուղղել են տեղեկատվական դաշտ` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու մոլուցքով:
Համոզված ենք, որ հեռու չէ նաեւ այդ կեղծ կազմավորման` Ադրբեջանի հատուցման պահը, ինչն, անկասկած, երկարատեւ խաղաղություն կբերեր մեր բազմաչարչար տարածաշրջանին:
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում