Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՍՏԱԿԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ



Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ Т-90С տանկը: Տանկն արտադրվել է 2015թ. դեկտեմբերին և կհամալրի ՀՀ զինված ուժերի սպառազինությունը:

 

-Մեր տանկիստնե՞րն են գալիս…

-Այո՛, նրանք են:

-Շատ ապրեն, մեր երկրի պատիվը բարձր պահեցին, ես իրանց ցավը տանեմ…

Պատառիկներ քաղաքացիների զրույցից

 

ՎԱՍՏԱԿԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ ՏԵՂ ՀԱՍԱՎԴեռ թարմ են տպավորություններն այն օրերի, երբ ազգովի նշում էինք մեր տանկիստների հաղթանակը «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում: Ոգևորությունն իրոք անսահման էր: Ամենուրեք նրանց մասին էին խոսում: Հատկապես հուզիչ էր օգոստոսյան այն  օրը, երբ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում դիմավորում էին միջազգային մրցույթից ժամանող մեր տանկիստներին: Նրանք վերադառնում էին հարուստ ավարով՝ փոխչեմպիոնի կոչում, տարբեր պետությունների հիացական գնահատականներ, ահռելի փորձ և նորագույն Т-90С ռուսական տանկի հավաստագիր: Հարազատներ, զինվորականներ, պատահական մարդիկ, օդանավակայանի աշխատակիցներ, այլ չվերթներով իրենց հարազատներին դիմավորողներ, բոլորը շնորհավորում էին միմյանց՝ հպարտությամբ լցված մեր զինված ուժերի յուրաքանչյուր զինվորի ու սպայի նկատմամբ:

Նրանք արժանի էին հաղթանակի, արժանի էին նաև գովասանքի, անսպառ ուշադրության և գնահատանքի: Արժանի էին ոչ միայն նորագույն տեսակի տանկ շահելու, այլեւ առավելապես այն բանի համար, որ պարզ, միևնույն ժամանակ, հզոր ուղերձներ էին հղել իրենց հաղթանակով: Նախ՝ մեր թիմը միակն էր, որ համալրված էր պարտադիր ժամկետային զինծառայողներով, հիմնականում՝ դեռ քսան տարին չբոլորած երիտասարդ տղաներով: Նրանք մրցեցին առավելապես պայմանագրային զինծառայողներից կազմված մյուս թիմերի հետ, որոնք ներկայացնում էին ռազմական առումով շատ հզոր պետություններ: Եվ մերոնք հաղթեցին: Մերոնք ի ցույց դրեցին մեր բանակի հզորությունը, մարտական պատրաստության արդյունավետությունը: Տղաները ապացուցեցին, որ ռազմական ունակությունները մեր արյան մեջ են, և պատահական չէ հայկական բանակի՝ որպես տարածաշրջանի ուժեղագույն բանակներից մեկի համբավը: Թե՛ մասնակիցները, թե՛ ավելի քան քսան պետությունների դիտորդները փաստեցին այդ իրողությունը:

Այս հաղթանակը կարևոր էր մեր հասարակության համար: Շարքային քաղաքացին հաստատ իրեն ավելի վստահ և պաշտպանված կզգա, ավելի կվստահի զինված ուժերին, քանի որ իր երկրի զինվորը մարտականին մոտ իրադրությունում հավասարը հավասարի պես մրցում է ֆինանսական ահռելի հնարավորություններ ունեցող պետության զինվորականների հետ և հաղթում է:

Ինչևէ, Т-90С տանկն արդեն Հայաստանում է: Հնարավոր է, այն կիրառվի որպես ուսումնական բազա: Մասնագետները կկարողանան մանրամասն ուսումնասիրել տվյալ տեխնիկան, հայտնաբերել ուժեղ և թույլ կողմերը, մարտական հնարավորությունները և հակապայքարի համապատասխան մեթոդներ կիրառել: Թեև ապրիլի սկզբին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները կարողացան խոցել ադրբեջանական նմանատիպ շատ տանկեր, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունը կօգնի առավել արդյունավետ պայքարելու դրանց դեմ:

Ուրախ և հպարտ ենք ազգովի, բայց, միևնույն է, ոչինչ չի կարող թերևս համեմատվել այս տանկը նվաճած մեր տղաների ոգևորության հետ: Նրանց տքնաջան աշխատանքի արդյունքը պետք  է գալու հենց այս դժվարին պահին…

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Ազգային բանակ


04/05/2016