ԳՐԱԴԱՐԱՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ
Զինծառայողների եւ նրանց հարազատների նվիրատվությունների շնորհիվ գնդապետ Ռ. Շահգելդյանի հրամանատարությամբ գործող զորամասում ստեղծվել է մի բացառիկ գրադարան: Ինչպես նշում է գրադարանավարուհի Գոհար Գալստյանը՝ գրքերի ֆոնդը համալրվել է տարիների ընթացքում. բացի զինվորական ծառայությանը վերաբերող գրքերից ու ձեռնարկներից, այն հարուստ է պատմագրական եւ հայագիտական, բնական եւ ճշգրիտ գիտություններին վերաբերող գրականությամբ: Մեծ թիվ է կազմում նաեւ գեղարվեստական գրականությունը: Հատկապես շատ են հայ եւ օտարազգի դասական գրողների ստեղծագործությունները: Գրացանկում են, մասնավորապես՝ Հին Հռոմի եւ Արեւելքի պատմությանը, հնագիտությանը, մշակույթին, ֆիզիկային եւ մաթեմատիկային վերաբերող աշխատություններ, բառարաններ:
-Գրքերը մեր զինվորներն են նվիրաբերել, նրանց հարազատները, զորացրված մեր ընկերները: Որոշ գրքեր նույնիսկ դժվարությամբ կգտնեք հայտնի գրադարաններում: Բնականաբար, դա մեծացնում է պատասխանատվությունը, գրքերի հանդեպ հոգածությունը: Գրքերը տրվում են միայն զորամասի անձնակազմին: Հատկապես հետաքրքրությունը շատ մեծ է մասնագիտական գրականության հանդեպ,- նշում է գրադարանավարուհին:
Զորամասային գրադարանի բոլոր գրքերը հաշվարկված են, համարակալված: Զինծառայողների համար բացված են համապատասխան գրքույկներ: Գրադարանը զբաղեցնում է զորանոցի սենյակներից մեկը, բայց ստեղծված են գրքերի պահպանության բոլոր պայմանները:
Այս գրադարանում զինվորականները մասնագիտական գրականությունից զատ մեծ սիրով ընթերցում են նաեւ արկածային, դեդեկտիվ եւ գիտաֆանտաստիկ ժանրի գրքեր: Հայ դասականներից մեծ պահանջարկ ունեն հատկապես Չարենցի, Սեւակի, Շիրազի ստեղծագործությունները: Մեծ պահանջարկ ունի նաեւ ռուսալեզու գրականությունը:
-Փաստացի, գրադարանը մեր զինվորների եւ սպաների համար ինքնակրթությամբ զբաղվելու հնարավորություն է: Եվ ոչ միայն ինքնակրթությամբ: Այս գրքերը շատերին կօգնեն լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու նաեւ զինվորական մասնագիտության մեջ, – ասում է տիկին Գալստյանը:
Ի դեպ, գրադարանում հայերենի դասընթացներ են կազմակերպվում արտասահմանից ծառայության եկած այն երիտասարդների համար, որոնք հայերենին վատ են տիրապետում:
– Դասերն անցկացվում են շաբաթական երկու անգամ: Հայերենի դասընթացին մասնակցում են հիմնականում Ռուսաստանից եկած մեր տղաները,- նշում է գրադարանավարուհին:
Զինվորները ստեղծել են նաեւ ռադիոհանգույց, որը հանգստյան օրերին զինվորներին ճաշակով երաժշտություն է մատուցում եւ հետաքրքիր, հանրամատչելի տեղեկատվություն հաղորդում: Լույս է տեսնում նաեւ զորամասի թերթը:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Ազգային բանակ