ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Է
Մինչ պաշտպանության բանակի զինծառայողները հերոսաբար ետ էին մղում թշնամու նախահարձակումը, հայ սպաներն ու ռազմիկները անձնուրաց ու աննկուն պայքար էին մղում հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար, պետությունն իր հերթին հոգ էր տանում նրանց ընտանիքների անվտանգության մասին՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ոսոխի հեռահար հրետակոծություններից ու հնարավոր օդային հարձակումներից խաղաղ բնակչության պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Մասնավորապես՝ պատրաստության ամենաբարձր մակարդակի է բերվել քաղաքացիական պաշտպանության համակարգը, բնակչությանը պատսպարելու համար նախապատրաստվել են ռմբապաստարաններն ու շենքերի ներքնահարկերը: Հակաօդային պաշտպանության ուժերն ու համապատասխան այլ ծառայությունները շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնում վտանգը ժամանակին հայտնաբերելու եւ չեզոքացնելու, որոշ դեպքերում` կանխարգելելու համար: Մի խոսքով` արվել է հնարավոր ամեն ինչ, որ ռազմաճակատում մարտնչող հայ ռազմիկն ու սպան իրենց ընտանիքների անվտանգության համար չմտահոգվեն եւ իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնեն մարտական խնդիրները կատարելու եւ թշնամուն ետ շպրտելու վրա:
Արցախյան պատերազմի փորձը ցույց է տալիս, որ մարտնչող զինվորն ու սպան մարտական հրաշքներ են գործում, երբ թիկունքում զգում են իրենց ընտանիքների եւ մյուս հարազատների տաք շունչը, նրանց աջակցությամբ կյանքի կոչում նաեւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Այսպես էր 1992թ. հունվարի 26-ին՝ Քարինտակի հերոսական պաշտպանության օրը, երբ գյուղի փոքրաթիվ պաշտպանների կողքին մնալով` նրանց հարազատներն իրենց իսկ ներկայությամբ քաջալերել են վայրագ թշնամուն ամեն գնով հաղթելու յուրաքանչյուրի ձգտումը: Հանրահայտ է, թե մեր առասպելական հերոս Մոնթե Մելքոնյանն ինչքան էր կարեւորում ռազմիկների ընտանիքների ներկայությունը նրանց թիկունքում, որ հայրենիքի յուրաքանչյուր պաշտպան զգա, որ նախ եւ առաջ պաշտպանում է իր ընտանիքը եւ նահանջելու տեղ չունի: Հենց այս ճիշտ մոտեցման շնորհիվ է նաեւ, որ Մարտունին պաշտպանող ռազմիկները հրաշքներ էին գործում ռազմաճակատում թվով ու տեխնիկայով գերակշռող թշնամուն պարտության մատնելիս: Արցախաբնակ յուրաքանչյուր ընտանիք իր հերթին գիտակցել է, թե ինչ կարեւորություն ունի իր ներկայությունը մարտնչող ռազմիկի կողքին եւ մշտապես նպաստել է նրա մարտական ոգու ու հաղթանակի հասնելու վճռականության բազմապատկմանը:
Մեր ուժը մեր միասնության մեջ է: Մենք միասնաբար ենք մարտնչում անարգ ոսոխի դեմ եւ միահամուռ էլ հաղթելու ենք:
Հայ ռազմիկն ու սպան հաղթելու են, որովհետեւ նրանց թիկունքում իրենց ընտանիքներն են, մյուս հարազատները, որոնք հավատում են իրենց պաշտպանների աննկուն կամքին եւ փորձված զորությանը: Հավատում են եւ իրենց մշտական ներկայությամբ ոգեշնչում հայրենյաց պաշտպաններին` կերտելու նոր հաղթանակներ ոսոխի դեմ ծավալված մերօրյա Հայրենական պատերազմում:
Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Սոցիալ-իրավական