Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԼԻԲԻԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ



ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները քվեարկել են 2012թ. համար ռազմական հատկացումների օրենքում փոփոխություն կատարելու օգտին, որով նախատեսվում է սահմանափակել որոշ ծախսեր: Փոփոխված օրենքը ԱՄՆ նախագահին արգելում է առանց կոնգրեսի թույլտվության զորքերն ավելի քան 2 ամիս տևողությամբ մարտական գործողությունների ուղարկել: Փաստորեն, սահմանափակումը վերաբերում է նաև Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, տվյալ դեպքում 60 օրը լրացել է դեռ մայիսի 20-ին:

Մինչդեռ նախագահ Օբաման զեկույց է ներկայացրել Կոնգրես, որում նշված է` նախագահը լիբիական օպերացիան անցկացնում է օրինական հիմքերով և իրավունք ունի շարունակելու այն առանց օրենսդիրների թույլտվության: Բացի դրանից, իր տեսակետը նա հիմնավորում է այն բանով, որ օդային հարվածները դեռ պատերազմ չեն, ինչի համար պետք է ունենալ Կոնգրեսի թույլտվությունը. Լիբիայի տարածքում ոչ մի ամերիկյան զինվոր չկա, իսկ օդուժը միայն սահմանափակ, օժանդակ դեր է կատարում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ներկայացուցիչների պալատի որոշ անդամներ արդեն դատական հայց են նախապատրաստել Բարաք Օբամայի դեմ` պահանջելով Լիբիայում ամերիկյան զորքի մարտական գործողությունները ճանաչել անօրինական:

Խորագիր՝ Նորություններ


16/06/2011