ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Դավիթ Տոնոյան. «ԵԱՀԿ–ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն»:
Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Թոմաս Լենկին ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիսարեւմտյան ուղղությամբ դիտարկում անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի արձակած կրակոցից նույն վայրում սպանվել է ՊԲ զինծառայող: Վերոնշյալ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն, և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը: Շեշտվել է նաեւ, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի տարածված այն տեղեկատվությանը, թե, իբր, հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ: Վերոնշյալ ապա տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը մեկ անգամ ևս փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ արատավոր քարոզչության տարածումը կանխելու համար:
Խորագիր՝ Նորություններ