Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆԵԼ ԿՅԱՆՔԸ



Բժշկագիտության դոկտոր, բուժծառայության փոխգնդապետ Աշոտ Զոհրաբյանը ծնվել է Երեւանում։ Երբ մեկ տարեկան էր, հայրը՝ Մոսկվայի գյուղակադեմիայի շրջանավարտ Սուրեն Զոհրաբյանը գործուղվում է Ղազախստան՝ մասնակցելու տեղի գյուղատնտեսության զարգացման աշխատանքներին։ Աշոտ Զոհրաբյանը տարրական կրթությունը ստանում է Կարագանդա քաղաքի ինտերնատում։ Այնուհետեւ Զոհրաբյանների ընտանիքը վերադառնում է Երեւան։ Աշոտ Զոհրաբյանը ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը։ Աշխատանքի է նշանակվել Չարենցավանի հիվանդանոցում, որտեղ աշխատել է 16 տարի՝ հասնելով հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնին։ 1993-ին Աշոտ Զոհրաբյանը գործուղվել է Իրան։ 1995-ին վերադառնալով հայրենիք՝ ծառայության է անցել զինված ուժերում՝ որպես գլխավոր վիրաբույժ։ 2007-ից ՊՆ կենտրոնական հոսպիտալի բուժմասի պետն է։ Աշոտ Զոհրաբյանը պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Սուր վիրաբուժական հիվանդությունների ախտորոշման ավտոմատացված համակարգը» թեմայով, դոկտորական թեզը՝ «Հրազենային վիրավորումների թարախային բարդությունների բիոպրոֆիլակտիկան» թեմայով։ Աշոտ Զոհրաբյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ։ Նա մեկ գյուտի հեղինակ է (կապված թրթուրների աճեցման հետ)։ Վերջերս լույս տեսավ Աշոտ Զոհրաբյանի «Թրթուրաբուժությունը Հայաստանի Հանրապետությունում» գիրքը։

Մանկությունս անցել է Ղազախստանի անծայրածիր տափաստանում հիմնված փոքրիկ ավանում, որտեղ հավաքվել էին Խորհրդային Միության տարբեր ծայրերից աքսորված ընտանիքներ։ Ավան ասվածը միմյանց հատվող երկու շատ երկար փողոց էր՝ շրջապատված տներով։ Մոտակա շենը հասնելու համար հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ պիտի կտրեիր ուղղաթիռով։ Իմ մանկությունն ավարտվեց յոթ տարեկանում, երբ ծնողներս ինձ տարան Կարագանդա քաղաքի ինտերնատ (մեր ավանում դպրոց չկար)։ Ու իմ կյանքը միանգամից փոխվեց։ Ինտերնատում զինվորական ռեժիմ էր (նույնիսկ ավելի խիստ)։ Մենք էինք լվանում մեր հագուստը, մենք էինք կարում մեր կոճակները, պատռված շորերը։ Ինտերնատի վարքականոնը մեր կյանքի օրենքն էր։ Ամեն ինչ սահմանված էր, օրվա յուրաքանչյուր րոպեն՝ կանոնակարգված։ Ոչինչ չէր ներվում, ոչ մի վրիպում չէր մնում աննկատ։ Մեր ամեն մի քայլը հսկվում էր ուշիուշով։ Յուրաքանչյուր թերացում պատժվում էր՝ սկսած անկյուն կանգնելուց մինչեւ հացից զրկվելը։ Բայց ամեն ինչ օրինականության սահմանում էր, ու արդարության սկզբունքը երբեք չէր խախտվում։ Ինտերնատում ապրած տարիները ահռելի հետք թողեցին իմ մտածելակերպի ու բնավորության վրա։ Ես դարձա պատասխանատու, ինքնուրույն, համառ, դիմացկուն։ Երբ Հայաստան եկանք, ինտերնատի դաստիարակությունը շարունակվեց տանը։ Հայրս ռազմական ուսումնարան էր ավարտել, մասնակցել էր Հայրենական Մեծ պատերազմին։ Զինվորականի էություն ուներ՝ չոր, անզիջում, սկզբունքային։
…Հայաստանում հասակակիցներիս հետ լեզու չէի գտնում, որովհետեւ շատ տարբեր էի նրանցից։ Երբ մենք բակում կռվում էինք, նրանք վազում էին տուն ու գանգատվում ծնողներին։ Ես ապշում էի. իմ ծնողները տարին մեկ անգամ էին ինտերնատ գալիս ինձ տեսնելու։ Հիմա, երբ հիշում եմ այդ տարիները, հասկանում եմ, որ տղամարդ մեծացնելու ամենակարեւոր պայմանը նրա հոգին կոփելն է՝ սկսած մանկական տարիքից։ Փափկասուն կյանքը տղային դարձնում է թուլակազմ, վախկոտ, կամազուրկ, անկենսունակ, անպատասխանատու, դժվարացնում է նրա հետագա կյանքը։ Պայքարելու, մրցակցելու ոգին ինձ ուղեկցել է ամբողջ կյանքում։ Պատահական չէ, որ ուսանողական տարիներին ես ընդգրկվեցի ջրի գնդակի Հայաստանի հավաքականում։ Ես գնում էի այնտեղ, որտեղ պայքար կար, դժվարություն ու հաղթանակ։
***
Դպրոցում իմ ամենասիրելի առարկան ֆիզիկան էր, ես շատ լավ էի սովորում այդ առարկան, ցանկանում էի ավիակոնստրուկտոր դառնալ։ Բայց… հաղթեց մորս երազանքը։ Նա բժշկուհի էր ու ցանկանում էր, որ իր ավագ որդին բժիշկ դառնա։ Ես չկարողացա մերժել մորս։ Հիմա մտածում եմ, որ ամեն ինչ կանխորոշված էր։ Բժշկական ինստիտուտում սովորելու առաջին տարիներին մի տեսակ շփոթված էի, տեղս չէի գտնում։ Մտածում էի, որ երբեք չեմ կարողանա բժիշկ դառնալ։ Ամեն ինչ աստիճանաբար փոխվեց, երբ առաջին անգամ մտա հիվանդանոց, շփվեցի հիվանդների հետ։ Բժշկությունը մասնագիտություն լինելուց առաջ հոգեվիճակ է, հիվանդի ու բժշկի միջեւ առաջացող ներքին կապ, հաղորդակցում։ Եթե այդ կապը չի ստեղծվում, այդ հոգեվիճակը չի ձեւավորվում, ոչ մի գիտելիք մարդուն բժիշկ չի դարձնի։ Հինգերորդ կուրսում՝ մեկ տարի, ես աշխատեցի հիվանդանոցներից մեկի ընդունարանում։ Նստում էի ու սպասում հիվանդներին, որ լսեմ նրանց գանգատները ու ախտորոշեմ հիվանդությունը։ Հետո գալիս էր բժիշկը ու տալիս իր ախտորոշումը։ Սկզբնական շրջանում իմ ախտորոշումները սխալ էին լինում։ Ես հուսահատվում էի. ախտանիշները խաբուսիկ էին, գրեթե նույնը՝ միանգամայն տարբեր հիվանդությունների ժամանակ։ Բայց ես արդեն «վարակվել էի» բժշկելու անբուժելի «հիվանդությամբ» ու չնահանջեցի։ Երբ ավարտում էի վեցերորդ կուրսը, արդեն իմ եզրակացությունները համընկնում էի բժիշկների ախտորոշումներին։ Ու դա անասելի ուրախություն էր պատճառում ինձ։ Յոթերորդ կուրսում ես 50 վիրահատություն կատարեցի։
***
Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ հանուն ինչի՞ է այս տքնանքը, ներքին մղումը, ապրումները… Մասնագիտական պա՞րտք է, մարդու ցավը դարմանելու ցանկությո՞ւն… ինքնահաստատվելու ու սեփական հաղթանակներով ինքն իրեն կարեւորելու պահա՞նջ։ Գուցե ինձ հարկավոր են ապաքինված, մահվան ճիրաններից փրկված հիվանդների երախտագետ հայացքները, նրանց օրհնանքը (վերջերս վիրահատեցի իմ 10 հազարերորդ հիվանդին)։ Գուցե ես չեմ կարող ապրել առանց մահվան դեմ կռիվ տալու։ Գուցե սա իմ կոչումն է (ի վերուստ)՝ պաշտպանել կյանքը։ Չգիտեմ, հնարավոր է՝ այս բոլորը միասին։ Բայց ես երջանիկ եմ, որովհետեւ այսպես եմ իմաստավորել կյանքս՝ մարդկանց օգնելով։
***
Իմ ամենամեծ երազանքը, եթե կարելի է ասել, երաշխավորված բժշկությունն է։ Երբ բժիշկը բացառում է անակնկալները ու հաստատ գիտի, թե ինչ է սպասում հիվանդին։ Իրանում աշխատելու տարիներին ես առաջին անգամ շփվեցի առաջատար տեխնոլոգիաների հետ, առաջին անգամ տեսա վիրահատություն առանց արյան, սահմանափակ գործիքներով, ճշգրիտ, ծրագրավորված արդյունքով ու առանց հետվիրահատական բարդությունների։ Իրանում 2500 վիրահատություն կատարեցի։ Երբ վերադարձա հայրենիք, պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Բենիկ Հարությունյանը ինձ առաջարկեց ծառայել ազգային բանակում՝ որպես գլխավոր վիրաբույժ։ Այդ օրվանից (15 տարի) ես բանակում եմ։ Երջանիկ ու հպարտ եմ, որ ծառայել եմ բանակում ու զերծ եմ մնացել այն քաոսից, որի միջով անցան քաղաքացիական բուժհիմնարկները։ Բանակի բուժծառայությունը մի փոքրիկ կղզյակ է, որը պահպանեց բժշկության գլխավոր «իդեալոգիան»՝ անշահախնդիր օգնել հիվանդին, դարմանել մարդու ցավը, պահպանեց դեպի մարդն ուղղված բժշկության սկզբունքները։ Թող ինձ համարեն ժամանակավրեպ կամ անիրատես, բայց ես դեմ եմ վճարովի բժշկությանը, բիզնես-բժշկությանը, որը ոչնչացնում է մարդասիրության բոլոր նորմերը… Սերը չի կարելի վաճառել։ Չի կարելի հիվանդներին բաժանել վճարունակների ու անվճարունակների ու ցուցաբերել տարբերակված մոտեցում։ Իսկական բժիշկը նույնիսկ հիվանդ թշնամու հանդեպ չի կարող անտարբեր մնալ։
Բանակի բուժծառայությունը կարճ ժամանակամիջոցում թռիչքային զարգացում ապրեց։ Նոր տեխնիկան, ժամանակակից սարքավորումները հնարավորություն տվեցին արմատական հեղաշրջում կատարել ռազմական բժշկության ասպարեզում, մոտենալ միջազգային չափանիշներին։
…Պաշտպանության համակարգում ծառայելը լրացուցիչ պարտավորություններ թելադրեց ինձ, բացեց պատասխանատվության նոր դաշտ՝ պարտավորություն ոչ միայն մարդու կյանքի, այլեւ հայրենիքի պաշտպանի կյանքի ու առողջության համար։ Պատասխանատվություն ոչ միայն առողջ անհատ, այլ առողջ բանակ ունենալու համար։ Մեծ հաշվով՝ ռազմական բժշկի աշխատանքը ծառայություն է մարդուն ու հայրենիքին։ Բանակը, իմ ընկալմամբ, նույնանում է պետության հետ։ Ու ես ինձ զգում եմ այդ հզոր կառույցի մի մասնիկը։
***
Պատահական չէ, որ իմ դոկտորական թեզը վերաբերում է հրազենային վիրավորումներից առաջացած թարախային վերքերի բուժմանը։ Նման վերքերը ունեն բարդանալու, փտախտի վերածվելու հատկություն, ինչն էլ կարող է դառնալ անդամահատման պատճառ։ Թրթուրաբուժությունը նոր, հեռանկարային մեթոդ է թարախային վերքերի բուժման մեջ։ Կանաչ ճանճի թրթուրները տեղակայվելով վերքի շրջանում, «գտնում են» մեռուկացած մասերը, սնվում են դրանցով, կատարում են ներարկում եւ նպաստում հյուսվածքների աճին։ Դրանք ունիվերսալ «մարմիններ են», որոնք հրաշքներ են գործում։ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը անձամբ ղեկավարեց նախապատրաստական աշխատանքները, մեծ աջակցություն ցույց տվեց գործին։ Եվս մի քանի վիրաբույժների (Արմենակ Սողոյանի, Արտակ Մարգարյանի, Արմեն Վարդանյանի) հետ մեկ տարի աշխատելուց հետո 2005-ին կատարեցինք առաջին փորձարկումը։ Արդյունքը գերազանց էր։ Այսօր թրթուրաբուժությամբ ապաքինվել են մոտ 150 հիվանդ։ Թրթուրաբուժությունը հրազենային վիրավորման առաջին պահից կիրառելու մեթոդը առաջինը ներդրվել է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս խուսափել հնարավոր բարդություններից եւ երաշխավորել դրական ելք։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում մշակվեց կանաչ ճանճի թրթուրների աճեցման նոր մեթոդ, ինչին իրավասու ատյանների կողմից շնորհվեց գյուտի կարգավիճակ։ Իմ գիրքը, որը վերաբերում է թրթուրաբուժությանը, մասնագիտական ուղեցույց կդառնա ցանկացողների համար։ Կասեմ առանց ավելորդ համեստության, մի ներքին ինքնաբավարարվածություն ունեմ, պարտքը կատարածի հանգստություն. թրթուրաբուժության մեթոդը, հատկապես պատերազմների ժամանակ, կփրկի հրազենից վիրավորված հարյուրավոր մարդկանց։
***
Շնորհավորում եմ բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ, որ նրանց բոլոր հիվանդները առողջանան։ Իսկ ինձ… ինքս ինձ եւս մի բան կմաղթեի. իմ բոլոր անձնական երազանքները կապված են որդուս հետ, ավելի ճիշտ՝ նրա ապագա զավակի, որը կօգնի վերադառնալ անցյալ, հնարավորություն կտա մեկ անգամ էլ անցնել այն ճանապարհը, որը կյանք է կոչվում, փոխանցել նրան կեցության իմ չափանիշները եւ նրա միջոցով իրականացնել իմ չիրականացած երազանքները։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (862) 1.12.2010 - 8.12.2010, Ազգային բանակ


08/12/2010