ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմաարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:
Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին միտված քայլերը և այդ ուղղությամբ մշտական հետևողականությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ կատարած շրջայցը այդ համատեքստում է:
Այցի ընթացքում ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրատեսակների նմուշներին, դրանց պատրաստման, նորոգման ու արդիականացման աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների թողարկած նոր արտադրատեսակները, առաջիկա ծրագրերն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:
Դիտարկելով ընթացող աշխատանքները և կարևորելով զինված ուժերի կարողությունների առավել բարձրացման համատեքստում ռազմաարդյունաբերական համալիրի հետագա զարգացման գործընթացը՝ պաշտպանության նախարարը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: