«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2016»-ի ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԵՐԳՉՈՒՀԻՆ
«Արեցինք լավագույնը՝ Հայաստանի անունը բարձր պահելու համար»։
ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրեց երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով: Նա հայտնվեց լավագույն տասնյակում և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Love Wave երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերինը՝ Իվետա Մուկուչյանը և Ստեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն են ու զգացմունքները:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ Իվետան Հայաստանի դրոշի հետ մեկտեղ ցուցադրել է նաև Արցախի դրոշը: Իր քայլը նա այսպես է մեկնաբանել. «Եկեք չմոռանանք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը և այն միշտ պահում եմ իմ սրտում և մտքում: Ուզում եմ ամբողջ աշխարհին տարածել, որ ես միայն խաղաղություն եմ ցանկանում իմ երկրի սահմաններում: Ահա թե ինչու եմ ներկայացնում այս երգը: Դրա միջոցով ցանկանում եմ սիրո ալիքը տարածել ամենուրեք: Ես ծնվել եմ Գերմանիայում, բայց ես հայ եմ և միայն խաղաղություն եմ ցանկանում աշխարհի և Հայաստանի համար»:
Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovisions Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում ՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին: Ըստ կայքում հրապարակված տվյալների՝ Իվետա Մուկուչյանն ստացել է ձայների գերակշիռ մեծամասնությունը և «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի ամենագեղեցիկ երգչուհի տիտղոսը:
Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին գրառել է. «Շատ գնահատում եմ մարդկանց վերաբերմունքը, ջերմությունը, սերը, խոսքերը, որ ամեն օր լսում եմ: Մարտական հագուստի պես այդ խոսքերը ինձ հետ կրելու եմ բեմում»:
Ապրիլի սկզբին ղարաբաղյան ճակատում լարվածության աճից հետո Իվետան չեղյալ հայտարարեց իր համերգներից մի քանիսը: Երգչուհու խոսքով, այդպիսով նա ուզում էր մրցույթի մասնակից 42 պետությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: Դա բողոքի ձայն բարձրացնելու նրա միջոցն էր:
Մրցույթն իսկապես լավ առիթ էր Հայաստանի անունը հնչեցնելու ավելի քան 40 երկրներում, շուրջ 200 մլն հեռուստադիտողների շրջանում:
Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Հոգևոր-մշակութային