ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Արցախա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 14-15-ին, Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ գագաթնաժողովը, որն ամփոփվել է նավթագազախողովակաշարերի անվտանգության համատեղ ապահովման մասին եռակողմ հռչակագրով: Թեև այդ փաստաթուղթը հիմնականում առնչվում է տնտեսական ոլորտում համագործակցությանը, սակայն իրականում իր մեջ արտացոլում է Այսրկովկասում հստակեցվող բաժանարար գծերը, ինչպես նաև Հայաստանի համար մատնանշում նոր մարտահրավերները, մանավանդ, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև գործում է նաև ռազմական համագործակցության մասին հուշագիր:
Թուրքիայի ՊՆ նախարար Իսմեթ Յըլմազի, Վրաստանի ՊՆ նախարար Թինաթին Խիդաշելիի և նրանց ադրբեջանցի պաշտոնակցի՝ Զաքիր Հասանովի հանդիպման նախաձեռնությունն ադրբեջանական կողմինն էր: Նմանատիպ հանդիպում կայացել էր 2014թ.՝ Նախիջևանում, իսկ 2015թ. երեք երկրների ՊՆ նախարարները հանդիպել էին Ստամբուլում: Այս համաձայնագիրը, փաստացի, այլընտրանք է ապրիլի 8-ին Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների՝ էներգակիրների տարանցիկ փոխադրման մասին տնտեսական համաձայնագրին: Ուշագրավ է, որ եռակողմ հռչակագիրը ստորագրվել է ապրիլի 14-ին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, որը կարելի է համարել տարածաշրջանային նոր զարգացումների մասին ազդարարում: Թուրքական իշխող վերնախավը փորձում է գործածել Ռուսաստանի դեմ բոլոր հնարավոր խաղաքարտերը՝ արկածախնդրության մեջ ներառելով նաև Վրաստանին: Թերևս ակնհայտ է դառնում, որ Անկարան նման գործելաոճով մտադիր է լրջագույն մարտահրավեր նետել ոչ միայն Մոսկվային, այլ նաև իր արևմտյան գործընկերներին, մասնավորապես՝ Վաշինգտոնին՝ ցուցադրելով, թե վարում է բոլորից անկախ, տարածաշրջանային կարևոր դերակատարի քաղաքականություն:
Վերջին օրերին թուրքական լրատվամիջոցները ողողվել են հակաամերիկյան և հակաիսրայելական հրապարակումներով, մասնավորապես՝ քննարկվում է Մերձավոր Արևելքի վերաբաժանման աշխարհաքաղաքագետ Զբիգնև Բզեժինսկու առաջարկվող քարտեզը: Թուրքական մամուլը մեղադրում է Վաշինգտոնին և Թել Ավիվին՝ Թուրքիան մասնատելու ցանկությունների համար:
Բնական է, որ քրդական պետությունը պետք է ստեղծվի նախևառաջ հենց Թուրքիայի կազմում եղած քրդաբնակ տարածքների վրա, և դա նշանակում է, որ Անկարան այլևս Վաշինգտոնի համար նախկին հետաքրքրությունը չունի: Եվ հենց դա է դրդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ցուցադրելու Թուրքիայի կարևորությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ հարաբերություններում: Եվ եթե Եվրամիության հետ Անկարան կարող է առևտուր անել փախստականների թեմայի շահարկմամբ, ապա Միացյալ Նահանգների վրա թուրքական իշխող վերնախավը փորձում է ներազդել աշխարհաքաղաքական խոշոր այլ մրցակցի՝ Ռուսաստանի հետ անկանխատեսելի հարաբերություններ առաջ բերելու միջոցով: Սակայն ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո թուրքական վերնախավը հայտնվեց ցուգցվանգի մեջ: Մի կողմից՝ ռուս-թուրքական հարաբերությունները անհետադարձ սառել են, մյուս կողմից՝ ոչ ոք չգնահատեց այդ քայլը ՆԱՏՕ-ի իր գործընկերների շրջանում, դեռ՝ հակառակը: Ուստի Էրդողանը փորձում է հրահրել համաշխարհային խոշոր բախումներ, որպեսզի ցույց տա, թե շատ հարցերի բանալին դեռեւս Բարձր Դռան ձեռքում է (այդպես էին ժամանակին անվանում սուլթանական Թուրքիան):
Այդ հարցում Անկարան հենվում է իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի վրա, ռազմական և ֆինանսական մեծ ներհոսք անելով այնտեղ: Թուրքիան փորձում է իրավիճակը ապակայունացնել նախևառաջ ղարաբաղյան հիմնահարցի ապասառեցմամբ, և հենց այդ նպատակով դրդել է Բաքվին՝ գնալու ապրիլյան արկածախնդրության: Ապրիլի 14-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն ամփոփվել են թուրք-ադրբեջանական արկածախնդրության տապալման արդյունքները, այլև նշմարվել են թուրքական ներգործությամբ տարածաշրջանային նոր կոնֆլիկտների ապասառեցումն ու բորբոքումը: Անկարան պատրաստվում է Ռուսաստանի դեմ օգտագործել միանգամից երկու խոշոր խաղաքարտ՝ Ղրիմի և Նախիջևանի:
Եթե Արցախում թուրք-ադրբեջանական հրոսակի բլիցկրիգը խայտառակ տապալվեց, ապա Նախիջևանի շուրջ կարող են տեղի ունենալ արդեն բոլորովին այլ զարգացումներ: Նախ՝ Անկարան Մոսկվայի հետ միասին 1921 թվականից Նախիջևանի երաշխավորն է: Ըստ Մոսկվայի պայմանագրի` Թուրքիան զիջում էր Նախիջևանի այն ժամանակվա «ինքնավար տարածքը» Ադրբեջանական ՍՍՀ-ին (հոդված 3), իսկ դա նշանակում է, որ իրավասու է միջամտել որևէ վտանգի դեպքում, ընդհուպ զորքեր տեղակայելը, Ռուսաստանը, իր հերթին, երաշխավորում է, որ մարզը կմնա որպես Ադրբեջանի պրոտեկտորատ` առանց երրորդ երկրին փոխանցման իրավունքի: Եթե Անկարան զորք մտցնի` Ռուսաստանն ինքնաբերաբար կարող է կորցնել երաշխավորի իրավասությունները, և փաստացի Կարսի պայմանագիրը կարող է դառնալ անվավեր՝ թերևս Հայաստանի համար բացասական հետևանքներով:
Միաժամանակ՝ Նախիջևանի շուրջ զարգացումները կազդեն նաև Վրաստանի և Իրանի վրա: Նախիջևանի միջոցով Թուրքիան հարվածի տակ կպահի ստեղծվելիք «Քրդական պետության» թիկունքը: Ըստ այդմ՝ պատահականություն չէ իրավիճակի կտրուկ վատթարացումը հենց Հայաստանի և Նախիջևանի սահմանին, ադրբեջանական կողմից անօդաչու թռչող սարքերի գործածումը: Այսպիսով` «նախիջևանյան խաղաքարտի» գործադրումը կարող է հանգեցնել լրջագույն դիվանագիտական քաոսի, որը, թերևս, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, քանի որ իրավական առումով Անկարան ունի որոշ առավելություններ և գործելու ուղիներ:
Ըստ ամենայնի՝ Թուրքիայի գործող ղեկավարությունը փորձում է հնարավոր միջոցներով ցույց տալ, թե տարածաշրջանային խոշոր դերակատար է: Մինչդեռ քաղաքական նման եսասիրական մոտեցումը կարող է արագացնել թուրքական պետության մասնատումը, ուստի Էրդողանը իր կամակատարներով պատրաստվում է գնալ նոր արկածախնդրությունների:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավ.լեյտենանտ
Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Տարածաշրջան