ՍԱՇԱՆ ՊԻՏԻ ՏՈՒՆ ՀԱՍՆԵՐ…
Զինվորը մարտադաշտից հանել է զոհված ընկերոջը: Ընդամենը: Ընդամե՞նը: Պատերազմում ավելի մեծ սխրանք կա՞: Չգիտեմ: Ինձ համար սխրանքներից մեծագույնն է՝ մարտադաշտում չթողնել ընկերոջը: Ահա զինվորի գլխավոր պարտքը:
Իր սխրանքի համար ժամկետային զինծառայող, սերժանտ ՏԻԳՐԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:
-Բարեւ, Տիգրա՛ն,- սեղմում եմ մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ձեռքը:- Զրուցե՞նք:
Նա հայացքը փախցնում է, ուրիշ կողմ է նայում:
-Պիտի պատմե՞մ…
-Հա՛: Ինչո՞ւ վտանգեցիր կյանքդ: Գիտեի՛ք, որ զոհված է:
…Մեր ընկերը, մեր Սաշան պիտի տուն հասներ…
Ինձ չի նայում. շուրջն է նայում:
-Վաշտի հրամանատարը եկավ դիրք: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի՝ փոխգնդապետ Հայրապետյանի հետ առանձնացավ: Կես ժամ զրուցեցին: Մենք սպասում էինք: Հետո ավագ լեյտենանտ Նալբանդյանը հարցրեց` «Ո՞վ կգա ինձ հետ»: Մի քայլ առաջացա` «Ե՛ս»:
-Գիտակցո՞ւմ էիր վտանգը:
-Այդ մասին չէի մտածում: Վիրավոր հրամանատարը գնում էր իր զինվորի ետևից, ես էլ՝ իմ ընկերոջ:
Շփոթված եմ. Տիգրանը նկատում է:
-Այդ օրերին բոլորս էլ ամեն ինչի պատրաստ էինք: Պարզապես ես առաջինը «Ես» ասացի…
-Տեղանքը նշանառության տակ չէ՞ր,- հռետորական հարց եմ տալիս:
-Բաց ճանապարհով հասանք դիտարկվող տարածք, տանկի համար փորված փոսում երկուսով պատսպարվեցինք: Հարմար պահի հասանք զիգզագ ճանապարհին: Մեր ընկերն այնտեղ էր: Սաշան «Ուտյոսով» երկար կրակ էր վարել հակառակորդի ուղղությամբ… Չէր հասցրել լիցքավորել գնդացիրը… Գիտեինք, որ զոհվել է, բայց ես ու հրամանատարս, միևնույն է, գնում էինք նրան փրկելու: Զինվորը պետք է համոզված լինի, որ իր ետեւից գալու են, որ ինքը մենակ չի մնա…
Տիգրանը հանում է գլխարկը: Երկինք է նայում: Ես էլ եմ նայում՝ պարզ, պայծառ երկինք էր:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հարավարևելյան ուղղություն
Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում