ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում տեսակապի միջոցով մասնակցել է նաև ԼՂՀ ՊԲ ղեկավար կազմը:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց զինծառայողների բարոյակամային հատկանիշների ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքի արդյունքները, և հենց այդ հատկանիշների համակցման արդյունքում է, որ հայ զինվորը արժանի հակահարված հասցրեց հակառակորդին:
Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը: Անդրադառնալով զինված ուժերի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը միտված միջոցառումներին, արձանագրված որոշակի բացթողումների շտկման ուղղությամբ իրականացված հստակ քայլերին՝ նա բարձր է գնահատել գաղափարադաստիարակչական, իրավական պատրաստության, զինծառայողների իրավակարգի ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների արդյունավետությունը:
Զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Անդրադառնալով հայրենասիրական միջոցառումներին և տեղեկատվական գործողություններին՝ Վարդան Ավետիսյանը խոսել է քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում պետական, մասնավոր և բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների մասին, հանդես է եկել կամավորականների և ազատամարտիկների միավորումների հետ համագործակցության առավել սերտացման առաջարկով:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն իր հերթին խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է զորքերի մարտական պատրաստության վիճակի մասին` ընդգծելով, որ պատշաճ կարգով անցկացվել են մարտական պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները:
Քննարկվող թեմաների և զեկույցների շուրջ իրենց տեսակետները, առաջարկություններն ու գնահատականներն են ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ընդհանուր առմամբ, բարձր գնահատելով քառօրյա պատերազմի ընթացքում արձանագրված հաջողությունները` մատնանշվել են շտկման կարիք ունեցող խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հորդորել է այսուհետ ևս ճշգրիտ, սպառիչ և օպերատիվ կերպով հասարակությանը հասանելի դարձնել զինված ուժերի հաջողությունների և դրանց հիմքում կանգնած զինվորների, սպայական ու ենթասպայական կազմի և հրամանատարության մասին ամբողջական տեղեկատվությունը:
Խորագիր՝ Նորություններ