Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ



-Փառասիրությունը մե՞ղք է.

Առանց երկմտելու կարող ենք ասել, որ՝ այո՛, փառասիրությունը մեղք է` այն էլ` մահացու, քանի որ զավակն է հպարտության, իսկ հպարտությունը՝ գլուխը բոլոր մեղքերի, որոնք մարդուն տանում են հավիտենական կործանման: Փառասիրությունից ծնվում են փողասիրությունը եւ ցանկասիրությունը: Մեղքի այս երկու ծառերից էլ ճյուղավորվում են սնափառությունը, նախանձը, ատելությունը, բարկությունը, որոնք էլ իրենց հերթին ծնում են անհամար կրքեր: Փառասեր մարդը չի կարող երջանիկ ապրել, որովհետեւ նա անհանգստանում է միայն իր փառքի համար եւ արհամարհում է մյուսներին: Այստեղ տեղին է հիշել Աստվածաշնչան իմաստուններից մեկի խոսքը. «Մարդու ամբարտավանության սկիզբը Տիրոջից հեռանալն է, քանզի նրա սիրտն Արարչից խոտորվեց» (Սիրաք Ժ 14): Փառասերը հաճախ չափից ավելի է խոսում իր արած գործերի կամ իրեն պատահած դեպքերի մասին` մտածելով, թե այդ կերպ պատվի կարժանանա: Այդպիսի մարդը, փառք ու պատիվ ստանալու մոլուցքով բռնված, ջանում է ամենքի առաջ հրապարակ հանել այն ամենը, ինչ արել է հասարակության օգտի համար: Եվ երբ բոլորի գովեստին է արժանանում, ավելի է քաջապնդվում օգտակար գործերի համար, որպեսզի իր համբավն ավելի տարածվի, եւ ինքը փառաբանվի: Սակայն իրականում փառասերը ծառայում է միեւնույն կուռքին` հպարտությանը, իսկ դրանից ավելի մեծ մեղք չկա, քանի որ հպարտը չի կամենում եւ չի հանդուրժում որեւէ մեկի` իրենից բարձր լինելը, ինչպես սատանան, երբ լուսապայծառ հրեշտակ էր:

-Ասվում է՝ փառքն Աստծունն է: Մի՞թե մարդ չի կարող փառքի հասնել եւ փառաբանվել:

Այո՛, միանշանակ այդպես է՝ փառքն Աստծունն է: Սակայն մարդ նույնպես կարող է փառքի հասնել եւ փառաբանվել, ինչպես սրբերը, որոնք փառքի հասան եւ փառաբանվեցին քրիստոնեական ճշմարիտ հավատքի մեջ հաստատուն մնալու ճանապարհին եւ կրեցին բազմաթիվ զրկանքներ ու չարչարանքներ՝ փառաբանելով Աստծուն: Ուրեմն՝ իրական եւ մնայում փառքը Աստծուց է, որը մարդուն տրվում է այս աշխարհի փառքից հրաժարվելու համար։

-Փառասերը կարո՞ղ է փառք տալ Աստծուն:

Ո՛չ, չի կարող, քանի որ փառասերի աստված հենց իր փառասիրությունն է: Մարդկանց մեծամասնությունը իրենց գործած բարիքը վերագրում են իրենց զորությանը, կարողությանը, բայց ոչ երբեք՝ Աստծուն, որովհետեւ մոռանում են այն պարգեւները, որ Աստված էր շնորհել` բարիք գործելու համար:

-Ինչպե՞ս փառաբանել Աստծուն.

Ամեն առավոտ, երբ մարդ արթնանում է քնից, առաջին խոսքը միշտ պետք է ուղղի Աստծուն` ասելով. «Փառք քեզ, Տեր Աստված, որ արժանացրիր ինձ այս գեղեցիկ օրվա տեսությանը»: Ինչպես ասում է սաղմոսերգուն՝ «Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, յաղագս ամենայնի փառք քեզ»: Այսինքն՝ ամեն ինչի համար փառք է տալիս Աստծուն՝ բոլոր պարգեւների համար, քանզի այս աշխարհը եւ ամեն ինչ Արարիչ Աստծո ստեղծածն է:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Աստված փառաբանվում է նաեւ ժամերգությունների ընթացքում:

Աստված ընդունում է փառաբանությունը, աղոթքը, եթե այն ցուցադրաբար չի արվում՝ մարդկանցից փառք ստանալու նպատակով։ Աստված չի նայում շաղակրատ լեզվին, այլ ընդունում է մաքուր սրտից բխած փառաբանությունը, աղոթքը, խնդրանքը: Նախ պետք է խնդրել Աստծո արքայությունը, եւ այն ամենը, ինչ որ խնդրում ենք, կտրվի մեզ:

ՄՀԵՐ սարկավագ ԵՍԱՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Հոգևոր-մշակութային


22/06/2011