ՌԻԳԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ մայիսի 18-ին Ռիգայի գետտոյի եւ Հոլոքոստի թանգարանի տարածքում բացվել է մշտական գործող թանգարանային ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Ցուցադրությունն իրականացվել է Ռիգայի գետտոյի, Հանդուրժողականության բալթյան միջազգային կենտրոնի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բալթյան երկրներում ներկայացուցչության, Լատվիայի հայկական համայնքի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով:
Ցուցադրության դիզայներական նախագիծն իրականացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դիզայներական խումբը: Այս աշխատանքների իրագործմանն աջակցել է Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, գործարար Մխիթար Մխիթարյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին ցուցադրության կազմակերպման համար իբրեւ նվիրատվություն տրամադրել են բնօրինակ ցուցանմուշներ:
Ցուցադրության բացմանը ներկա էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «Շամիր» ընկերության ղեկավար րաբբի Մենախեմ Բարկախանը, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թեմի առաջնորդ, գերաշնորհ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Բալթյան երկրներում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Խասաբօղլյանը, հյուպատոս Վահե Առաքելյանը, Լատվիայի խորհրդարանի եւ Ռիգայի ավագանու, կառավարության անդամներ, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Լեհաստանի հայ համայնքների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով ելույթ է ունեցել Լատվիայում Իսրայելի դեսպանը եւ Ավետարանական Լյութերական եկեղեցու հովվապետ Յանիս Վանագսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Ռիգայի գետտոյի թանգարանին է հանձնել Ֆրանց Վերֆելի մեդալ, իսկ բարերար Մխիթար Մխիթարյանին Հայկ Դեմոյանը պարգեւատրել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով:
Միջոցառումը ուշագրավ էր նաեւ մշակութային ծրագրով. երաժշտական կատարումներով հանդես եկան օպերային երգչուհի Լիլիթ Եդիգարյանը, ալտիստ Մաքսիմ Նովիկովը, ջութակահար Գրիգոր Սարգսյանը: Դուդուկի անզուգական կատարումով հանդես եկավ Գեւորգ Կարապետյանը: Ներկաներին նվիրեցին Քրիս Բոհջալյանի հեղինակած «Ավազե ամրոցի աղջիկը» գրքի լատվիերեն թարգմանությունը, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Հայոց եկեղեցու պատմությունը», Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այլ հուշանվերներ:
Բ. Մ.
Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Հոգևոր-մշակութային