ՍԱ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը Արկադի Տեր-Թադևոսյանի անունն է կրում, իսկ իններորդցիների «դասակը»` նահատակ զինվոր Արմեն Հովհաննիսյանի: Երկուսն էլ այստեղ են: Լեգենդար Կոմանդոսը դահլիճում է, «Հիշատակի և խոնարհումի» դասին մասնակցող հյուրերի, աշակերտների, Արմենի ծնողների կողքին: Արմենը բեմում է. զինվորական համազգեստով, ժպտուն ու վերսլաց հայացքը` ներկաներին: Դասակը մտնում է դահլիճ, մեկական ծաղիկ նվիրում հերոսին, խոնարհվում, ու հետո սկսում են խոսել: Հերթով պատմում են Արմենի կենսագրությունը, «վերհիշում են» այն ճակատագրական օրվա բոլոր մանրամասները, երբ թշնամու հատուկջոկատայինների դիվերսիոն խումբը մտավ մեր հողը, ու ջոկի հրամանատար, սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, իր վրա վերցնելով կրակն եւ հակառակորդին դիմակայելու պատասխանատվությունը, փրկեց ծառայակից ընկերների կյանքը ու ընկավ հերոսի մահով` կռվելով մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը:
Ես նայում եմ աշակերտների դեմքերին: Հայացքս սահում է մեկից մյուսին: Որքան կամք, վճռականություն, ցավ ու ցասում կա նրանց աչքերում, ամրություն ու հպարտություն: Ականջիս հատուկենտ բառեր են հասնում` սխրանք, փառք, պատգամ, երդում… Արմենի նկարի մոտ կանգնած կապուտաչյա աղջկա այտերը թաց են: Անմոռուկ հագած մի նրբիրան գեղուհի պարում է: Չեմ չափազանցում` երբեք այսպիսի պար չեմ տեսել: Սա պար չէ, մե՛րթ մարտադաշտ ելած ռազմիկ է, մե՛րթ հաղթանակած մարտիկ, մե՛րթ իր հողին կանգնած նահատակ, մե՛րթ զավակի մահը ողբացող հայրենիք, մե՛րթ սիրտը կրծքավանդակից պոկող ու մորը նվիրող զինվոր:
Կոմանդոսը հենց կողքիս է նստած: Աննկատ շրջվում եմ ու նայում Արցախի հերոսին: Մի՞թե աղջկա պարը կարող է արտասվելու աստիճան հուզել նրան:
Հետո մի աշակերտ է բեմ բարձրանում: Հաշմանդամ է, փորձում են օգնել, բայց չի թողնում, ինքնուրույն հասնում է բեմ, հրաժարվում է նաև աթոռից ու սկսում է երգել: Կանգնած է երգում: Ձայնի մեջ այնքան ապրում կա:
-Նա երբեք զինվոր չի դառնա,- ականջիս շշնջում է Արմենի մայրը` տիկին Մարինեն,- ու սա նրա «ճակատամարտն է» հանուն հայրենիքի, նրա բաժին կռիվը:
Շշնջում է ականջիս. «Այս սերունդը չի պարտվի, Արմենիս հայրենիքն օտարին չի տա»:
Իսկ երբ Արմեն Հովհաննիսյանի անվան դասակի անձնակազմը մոտենում է Կոմանդոսին, շնորհավորում նրա ծննդյան օրն ու երդվում անառիկ պահել Հայաստան հայրենիքը, գեներալը բեմ է բարձրանում, խոսում է հուզված, խանդավառ, հախուռն…
-Ինչ կուզես՝ դարձիր, ով կուզես՝ եղիր, բայց հայրենիքդ կյանքի գնով պաշտպանել՝ պարտավոր ես:
Խոսում են նաև միջոցառման կազմակերպիչները` դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Գասպարյանը, ռազմագիտության ուսուցիչ, փոխգնդապետ Պերճ Գևորգյանը, դասղեկ Արեգնազան Մկրտչյանը, ԵԿՄ ներկայացուցիչ Նիկոլայ Պողոսյանը: Նրանք գիտեն, որ վաղվա Հայաստանը կերտվում է այսօր, դպրոցական դասասենյակներում, դահլիճներում, ու վստահ եմ, որ խիզախ, հպարտ ու հայրենասեր սերունդ է բարձրանում: Եվ երբ հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսացած Արմեն Հովհաննիսյանի մայրն է բեմ բարձրանում, դահլիճը քարանում է: Տիկին Մարինեն` սևազգեստ ու հպարտ, զուսպ ու անարցունք, քաջ ու ամուր…
-Իմ տղան կապրի, քանի դեռ հայը հերոսացնում է հայրենիքի համար նահատակվածին ու փառքով է պսակում նրա անունը: Իմ տղան կապրի, քանի դեռ նրա գործը շարունակողներ ունի: Իմ տղան կապրի, քանի դեռ հայոց սերունդները պատրաստ են կյանքը զոհաբերել նրա պաշտպանած հայրենիքի փրկության համար…
Զոհված զինվորի մոր ձայնը ասես ձուլվում է արյանդ, հոսում սրտիդ միջով: Ես հայացքով ընդգրկում եմ ամբողջ դահլիճը:
Սա մե՛նք ենք:
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Բանակ և հասարակություն