Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՀԱՅ ՏՂԱՆ 100 ԹՈՒՐՔ ԱՐԺԵ



ՄԵԿ ՀԱՅ ՏՂԱՆ 100 ԹՈՒՐՔ ԱՐԺԵԱյսօր մայիսի 21-ն է: Երկու օրից` մայիսի 23-ին, քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի 3 տանկերը խոցելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված գյումրեցի զինվոր Ռաֆայել Հովհաննիսյանը կտոնի իր ծննդյան 20-ամյա տարեդարձը:

Ես իմ նվերը այսօր եմ պատրաստում: Միասին ենք պատրաստում` ես ու Ռաֆայելի ծնողները:

-Պիտի փոքրիկ դիմանկար անեմ` Ռաֆայելի դիմանկարը, ու նվիրեմ  մեր զինվորին,- ասում եմ Ռաֆայելի հորը,- Դուք պիտի օգնեք, որ բոլոր գույները իրենց տեղում լինեն:

Իբր պատկերավոր եմ ասում ու ինձնից գոհ նայում եմ հերոս ծնած գյումրեցի վարորդ Գևորգ Հովհաննիսյանին ու նրա բուժքույր կնոջը` Անահիտին:

-Ռաֆայելը գեղարվեստի բաժինն է ավարտել, նկարիչ է, ասեիր` ինքը միանգամից նկարեր, տար քեզ,- կատակում է Գևորգը գյումրեցուն հատուկ սրամտությամբ:

-Լավ էլ կնկարեր,- դժգոհում է Անահիտը,- չասե՞ց` որ իմանայի՝ էսքան աղմուկ պիտի բարձրանա, էսքան լրագրողներ պիտի գան ու հարցախեղդ անեն, էդ տանկերը չէի «զարգե»:

-Ես հարցախեղդ չեմ արել,- արդարանում եմ: Հետո բացում եմ նոթատետրս ու կարդում:

-Ռաֆայելը կապույտ աչքեր ունի, հասակը 1 մետր 84 սմ է, իսկական, սիրուն զինվոր է:

-Ո՞նց ես, զինվո՛ր,- հարցնում եմ:

-Շատ լավ:

-Շատ հպա՞րտ…

Ծիծաղում է, չի պատասխանում:

-Ո՞նց խփեցիր էդ տանկերը:

-Ո՞նց են խփում, սովորական…

-Չէի՞ր վախենում:

-Ես թո՞ւրք եմ, որ վախենամ:

-Զորակոչ է, ի՞նչ փոխանցեմ զինվորացող տղաներին:

-Ասեք` մի հայ տղան 100 թուրք արժե»:

-Էդ ամբողջը, որ կարդացիր, էդտե՞ղ է գրված,- Գևորգը դեմքին ապշանք նկարած՝ նայում է խզբզածիս,- աշխարհում քեզնից բացի ուրիշ մեկը «կրնա կարդալ գրածդ»…

-Հա, մեր օպերատոր Կարինեն,- իբր ծաղրը չեմ հասկանում:

-Զինվորական գաղտնագի՞ր է,- բացատրում է կնոջը:

Անահիտը լարվել է ու աչքով-ունքով ինչ-որ բան է հասկացնում ամուսնուն: Հետո դառնում է ինձ.

-Հո չեք նեղանում: Գյումրեցին, որ կատակ չանի, չի ապրի…

Ո՜նց եմ սիրում այսպիսի հայկական ընտանիք:  Վարորդ ամուսինը կոկիկ հագնված է, խնամված: Անբռնազբոս է, հումորով, ինքնավստահ, կտրուկ: Բուժքույր կինը մեղմ, գեղեցիկ, զգայուն, նրբաճաշակ կապուտաչյա գեղեցկուհի է: Երեք երեխա ունեն` երկու աղջիկ և մեկ հերոս զինվոր: Կինը խոսում է միայն այն ժամանակ, երբ ամուսինը լռում է: Մնացած ժամանակ համակ ուշադրություն ու ապրում դարձած լսում է ամուսնուն: Ու զգացմունքները մերթ ժպիտ են դառնում դեմքին, մերթ արցունք, մերթ կարոտ, մերթ հպարտություն…

-Ռաֆայելը ծնված օրվանից տարբերվել է իր հասակակիցներից` շատ ինքնամփոփ էր, համարյա չէր խոսում, չէր շփվում, խաղաղ էր, խելոք: Հիմա էլ նույնն է: Ժամերով խաղում էր մեն մենակ: Չեմ հիշում մի դեպք, որ Ռաֆայելը չարություն աներ: Աշխատասեր էր, կազմակերպված, բայց շատ անհամարձակ էր…

Ես չեմ հավատում ականջներիս:

-Երեք տանկ խոցած մեր զինվորին ե՞ք ասում` անհամարձակ,- նեղսրտում եմ: Հայացքով օգնության եմ կանչում Անահիտին` էս ի՞նչ է ասում:

-Առանց քրոջ մանկապարտեզ չէր գնում: Դպրոցում միշտ դասերը սովորում էր, բայց մինչև չհարցնեին, չէր պատասխանում: Շատ քիչ ընկերներ ուներ: Նա իր աշխարհում էր ապրում, ոչ մեկի հետ չէր կիսվում: Պարտաճանաչ սովորում էր դասերը: Ծաղիկներ, ընտանիք ու խաչեր էր նկարում:

-Ինքնամփոփն ու անհամարձակը տարբեր բաներ են,- ասում եմ ես: Գևորգը ժպտում է մեղավոր:

-Լավ, թող ինքնամփոփ լինի, ես` ներողություն:

-Ձեր որդին ի՞նչ է սովորել Ձեզնից, կամ Դուք ի՞նչ եք սովորեցրել նրան,- հարցնում եմ զինվորի հորը:

-Հա՛, փաստորեն ներողությունն էլ չփրկեց,- ասում է Գևորգը: Ու ծիծաղում է բարձրաձայն:

-Հիմի պիտի ինձ գովեմ, որ էդպես է:

-Գովեք…

-Տղաս ինձնից աշխատասիրություն է սովորել, ճշտախոսություն, հարգանք մեծերի հանդեպ ու հայրենասիրություն: Ես միշտ պատրաստ եմ եղել յուրաքանչյուր գործ անելու, որ ընտանիքը հոգս չունենա: Չեմ բողոքել պետությունից, չեմ նվնվացել, աշխատել եմ առավոտից իրիկուն: Երբ տղաս զորամասից զանգել է, հեռախոսը առաջինը պապիկ-տատիկներին եմ փոխանցել, որ մեծի հարգը իմանա: Ես Գերմանիայում լավ աշխատանք ունեի: Կարող էի մնալ, հարստանալ, անհոգ ապրել, բայց վերադարձա Գյումրի` իմ երկսենյականոց տնակը, որովհետև մարդը պիտի իր հողի վրա ապրի: Բեկոր Աշոտն ասում էր՝ «Ամեն հայ պիտի զգա, որ առանց իրեն Հայաստանը կփլվի»: Ես եմ սովորեցրել իմ տղային, հազար անգամ ասել եմ`  հենց կռիվ լինի, առաջինը ես եմ զենք վերցնելու: Լուռ լսում էր, չէիր հասկանա` ինչ էր մտածում: Բայց ծառայության ընթացքում ոչ մի անգամ բողոք կամ տրտունջ չլսեցինք Ռաֆայելից: Շուտով ծառայությունը կավարտի, բայց մենք տղայիս զորամասը չենք տեսել, չի թողել, որ գնանք, արգելել է: Երբ ուզում էինք որևէ բան ուղարկել, ասում էր` պետք չի, էստեղ ոչ մի բանի պակաս չունենք:

Թոքաբորբով հիվանդացել, հոսպիտալ էր ընկել, բայց մեզ չէր ասել: Մայրական խնամք էին տվել, տուն եկավ, նոր իմացանք, որ հիվանդ է եղել:

Ապրիլի 2-ին զանգեց, ասաց` ամեն ինչ լավ է, հեռախոսն անջատում եմ, էլ չզանգեք: Մեր տղան Թալիշում էր. հեռուստացույցից, ինտերնետից իմանում էինք, որ Թալիշում պատերազմ է, զինվորներ են զոհվում… ու սպասում էինք, թե երբ պիտի զանգի:

Ամսի 4-ին վերջապես կարողացանք մի քանի վայրկյանով ձայնը լսել` ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք: Էսքանը, ասաց ու անջատեց: Ոչինչ չպատմեց:

Մի քանի օր անց մեր հարևանը վազելով եկավ, թե` Ռաֆայելին Արցախի նախագահը շքանշան տվեց, շուտ հեռուստացույցը միացրեք, մինչև միացրինք, հաղորդումն ավարտվեց: Ինտերնետում փնտրեցինք ու իմացանք, որ Ռաֆայելը երեք տանկ է խփել ու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

…Մենք երկար ենք զրուցում: Ռաֆայելի ծնողները զանազան դեպքեր, դրվագներ են պատմում մեր զինվորի մանկությունից: Ես եմ խնդրում, որ պատմեն:

-Պատմի՛, ինչ կհիշես, պատմի՛,- ոգևորում է Գևորգը կնոջը,- ինքը պիտի դիմանկար  նկարի…

Հետո նայում է թղթերիս ու ավելացնում.

-Ինչխ էլ լավ կնկարես…

Վերջում ճշտում եմ.

-Փաստորեն երկրաշարժից հետո տնակ եք ստացել ու մինչև այսօր երկսենյականոց տնակում եք ապրում հինգ հոգով:

-Ամոթ է, էդ մասին չգրես,- ասում է հերոս զինվորի հայրը,- կխնդրեմ, էդ մասին չգրես, Ռաֆոս կնեղանա:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/05/2016