Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱԶԵՆԵՐԻ ՈԳԵՂԵՆ ԹՌԻՉՔԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՌՈՒԲԵՆԻ

Ծնվել է 1965թ. հունիսի 15-ին, Երեւանում: 1972թ. ավարտել է Երեւանի Կամոյի անվան թիվ 76 դպրոցը: 1973թ. ընդունվել է Վոլչանսկի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը: 1979թ. աշխատանքի է անցել ԴՕՍԱԱՖ-ի ավիացիայի «Էրեբունի» օդանավակայանում` որպես «Ան-2» ինքնաթիռի հրամանատար: 1980թ. ավարտել է ուղղաթիռային վերապատրաստման դասընթացները: Մինչեւ 1985թ. աշխատել է որպես ուղղաթիռի 2-րդ օդաչու, 1985թ.-ից նշանակվել է ուղղաթիռի հրամանատար, 1989թ.` օղակի հրամանատար, 1991թ.` էսկադրիլիայի հրամանատար, 1998թ.` որպես օդաչու-տեսուչ, 1999թ. աշխատում է ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ հետախուզական վարչության ավագ լիազոր: Աշխատել է ՀՀ-ում եւ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում: 1989թ. պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով փրկարարական աշխատանքների համար: Որպես Արցախյան պատերազմի մասնակից` 1992թ. պարգեւատրվել է անվանական զենքով, 1994թ.` ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, 2002թ.` ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, 2006թ.` «Հատուկ գունդ» մեդալով:

Ստեփանի մարտական ուղին սկսվեց 1988թ. օգոստոսից, երբ առաջին անգամ ուղղաթիռով զենք տարավ Լեռնային Ղարաբաղ եւ չհասած Ստեփանակերտ` վայրէջք կատարեց անտառի բացատում, որտեղ ազատամարտիկները սպասում էին նրան, եւ դա այն դեպքում, երբ խորհրդային զորքերի ներկայացուցիչները մանրազնին ստուգում էին ուղղաթիռներով տեղափոխված բեռները: Այդ օրվանից Ստեփանի համար սկսվեց կյանքի նոր շրջան։ Նա այդպես մտավ Հայոց համազգային շարժման մեջ, պայքարեց, հազարավոր թռիչքներ կատարեց, հազարավոր մարդկանց կյանք փրկեց` ամեն մի թռիչքի ու ապահով վայրէջքի համար միմիայն ապավինելով Աստծուն: Պատերազմում զոհված ամեն մի ընկերոջ ողբերգությունը իրենն էր համարում եւ ինչպես էր տառապում, նույնիսկ ժամանակը չի ամոքել նրա վիշտը: Որպես ուղղաթիռի ավագ օդաչու Ստեփանը ողջ պատերազմի ընթացքում բազմիցս ցուցադրել է խիզախության ամենաբարձր հատկանիշները, հաճախ վտանգելով իր կյանքը։

ՄԵՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ՄԱԹԵՎՈՍԻ

Ծնվել է 1961թ. փետրվարի 9-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում: Սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Ավարտելուց հետո ընդունվել է Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային ուսումնարանը: Ավարտել է Ռիգայի ավիացիոն համալսարանը: 1988թ. մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարին, պարգեւատրվել է ՀՀ «Արիության համար», ԼՂՀ «Արիության համար» մեդալներով եւ անվանական զենքով, 2002թ.` ԼՂՀ-ի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, 2006թ. «Հատուկ գունդ» մեդալով:

1990թ. դառնալով ուղղաթիռի հրամանատար` Ռաֆիկը օր օրի կատարելագործում էր իր գիտելիքները, վտանգի դեպքում խուճապի չէր մատնվում, անմիջապես կողմնորոշվում էր եւ արագ խուսափում վտանգից: Անցնելով Արցախյան ողջ թոհուբոհով` բազմիցս վտանգել է իր կյանքը, համդիպել մահվանը եւ խույս տվել նրանից:

Ռաֆիկը շատ զգայուն ու սիրող հոգի ունի: Մինչ օրս էլ հուզմունքով ու արտասվալից աչքերով է պատմում զոհված ընկերների մասին: Մինչ օրս աչքի առաջ է Ջամբուլադ Մուրադյանի ուղղաթիռի կորուստը, երբ երկու ուղղաթիռները` իրենը եւ Ջամբուլադինը վերադառնում էին Շահումյանից: Ռաֆիկի ուղղաթիռը թռչում էր առջեւից: Նկատելով դեպի իրանց սուրացող հրթիռները, անմիջապես կողմնորոշվելով` խույս տվեց, փրկեց անձնակազմը, իսկ նրա ետեւից եկող Ջամբուլադի ուղղաթիռին մեկ հրթիռ հարվածեց…Ի՞նչ կզգար նա, երբ այրվում էր ուղղաթիռը, նրա մեջ գտնվողները, իսկ նա ոչնչով չէր կարող օգնել:

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

Ծնվել է 1964թ., Երեւանում: 1971-1981թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի թիվ 87 միջնակարգ դպրոցը: 1982թ. ընդունվել է Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարան: 1985թ. ավարտել է ուսումնարանը, ստացել ուղղաթիռի օդաչուի մասնագիտություն եւ վերադառնալով Հայաստան` աշխատանքի է անցել Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում` որպես ուղղաթիռի երկրորդ օդաչու: 1992թ. նշանակվել է հրամանատար: Որպես Արցախյան պատերազմի մասնակից` պարգեւատրվել է 1996թ. «Արիության համար» մեդալով, 2001թ.` ԼՂՀ-ի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Սկսվեց Արցախյան ազգային- ազատագրական պայքարը, Սամվելը անձնակազմերի հետ սկսեց թռչել Հայաստանի սահմանամերձ շրջանները, ապա` Լեռնային Ղարաբաղ, Շահումյան: Նա Արցախում, Շահումյանում ականատես եղավ թուրքերի կատարած վայրագություններին: Թռչելով Շահումյան եւ Արցախ` տեղափոխում էր սնունդ, պարեն, դեղորայք, զենք, զինամթերք, այնտեղից դուրս բերում վիրավորներին, անօգնական բնակչությանը, զոհված ազատամարտիկների դիակները: Արցախյան հերոսամարտի տարիներին ընկերները, ծանոթ-բարեկամները նրա մեջ տեսան մեծ հայրենասերի, ով պատրաստ էր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի:

Եվ այսպես, Սամվելը մինչեւ պատերազմի հաղթական ավարտն իր անձնակազմով թռավ թշնամու կրակակետերի վրայով` արցախահայությանը եւ Արցախի համար մարտնչող ազատամարտիկներին հասցնելով այն ամենը, ինչ անհրաժեշտ էր:

Օդաչուները փառքով կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Իսկ մենք իրավունք չունենք եւ չպետք է մոռանանք օդաչուներին, չպետք է մոռանանք, թե ինչ արեցին Արցախյան հերոսամարտի տարիներին, քանի որ նրանք ամբողջությամբ նվիրվեցին թշնամու ոտքերի տակ վառվող արցախյան հողը ազատագրելու պայքարին: Նրանք պարտվել չէին ուզում եւ հաղթեցին` լավ գիտակցելով, որ հաղթանակի վեհությունը չափվում է նրա դժվարության աստիճանով:

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Ճակատագրեր


22/06/2011