ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՆՋԵՅ ԿԱՍՊՐՇԻԿԻ ՀԵՏ
Հայկական կողմը հավատարիմ է Վիեննայում ՀՀ և ԱՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին
Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը, ՊԲ հրամանատարի հավաստմամբ, նաև ԼՂՀ պաշտպանության բանակը, անվերապահորեն սատարում են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը, դրանց իրականացման մոնիտորինգի առաքելության ընդլայնմանը, առաջնագծում և պետական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը:
Խորագիր՝ Նորություններ