Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՄԵՏԱՔՍՅԱ ԷՋԸ



Սրբազան հայաստանի հարությունը

 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՄԵՏԱՔՍՅԱ ԷՋԸ«ԱՌԱՎՈՏ»

Երկուշաբթի, 26 հունվարի 1920թ. N 52

Տպարան «Փարոս», Թեհրան

 

Հայաստանի Առաջին Հանրապետության՝ ազատ, անկախ Հայաստանի մասին պատմող մի նվիրական մասունք. Թեհրանում լույս տեսած «Առավոտ» օրաթերթի 1920թ. հունվարի 26-ի N 52 առանձին համարը՝ տպագրված… մետաքսե կտորի վրա։ Դաշնակից Պետությունների Վեհաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ ավետիսը Պարսկաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ իշխան Հովսեփ Արղությանին է պաշտոնապես հայտնել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան պ. Քոքսը։ Հիրավի, մետաքսե կտորի վրա գրվելիք ավետիս։ Թերթի առաջին էջի երկայնքով շեղակի խոշոր, կարմիր գլխատառերով գրված է. «ԿԵՑՑԵ՛ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։

Համոզված, որ Թեհրանի «Առավոտ» թերթի առանձնահամարում տպագրված Ազդը մեր ժողովրդի նորագույն պատմության փառահեղ էջերից մեկի՝ անկախ պետականության վերակերտմանը վերաբերող ևս մի նվիրական վավերաթուղթ է, ներկայացնում ենք թերթի Ազդը ամբողջովին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

 

ԱԶԴ

 

Սրանով պատիվ և երջանկություն ունեմ հայտարարելու, որ իմ ստացած պաշտոնական տեղեկությունների հիման վրա Հայաստանի կառավարությունը արդեն ճանաչված է Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից։

Հայաստանի այն նահանգների մասին, որոնք գտնվում են Տաճկաստանի նախկին սահ… (թերթի այս հատվածը անընթեռնելի է) կարգադրություն կլինի տաճկական հարցի լուծման ժամանակ։

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Պարսկաստանում՝

ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ

 

Ամսի 24-ին երեկոյան 8.30-ին Ն.Մ.Մ. Բրիտանական դեսպան Ն.Գ.Ս.Պ. Քոքս նամակով ավետում է Հայաստանի դեսպան իշխան Հովսեփ Արղությանին Հայաստանի անկախության հաստատումը Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից և հայտնում իր շնորհավորությունները։

Երեկ՝ ամսի 25-ին, երեկոյան ժամը 4-ին Ն.Մ.Մ. Բրիտանական դեսպան Ն.Գ.Ս.Պ. Քոքս՝ փոխայցելության գալով Հայաստանի դեսպանատուն, անձամբ շնորհավորեց Հայաստանի անկախության հաստատումը Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից, հույս հայտնելով, որ երիտասարդ Հայաստանը պիտի ունենա փայլուն ապագա։

Հրաժեշտի ժամանակ Ն.Մ.Մ. Բրիտանական դեսպանը կրկին շնորհավորելով Հայաստանի անկախությունը, իր ուրախությունը հայտնեց, որ իրեն վիճակվեց այս մեծ ավետիսը տալու հաճույքը Հայաստանի Անդրանիկ ներկայացուցչին։ Հայաստանի դեսպան իշխան Հովսեփ Արղությանը հայտնելով իր ջերմ շնորհակալությունները՝ ավելացրեց, որ իրեն պատիվ կհամարի այդ մասին հաղորդել իր Կառավարությանը և շեշտեց, որ նա երբեք չի մոռանա, որ Հայաստանի անկախության պաշտոնական հաստատման ավետիսը իրեն տալիս է ներկայացուցիչն այն Մ. Բրիտանիայի, որն այնքան ջանք է գործադրել Հայաստանի անկախության իրականացման գործում։

Մարդկության և պատմության ամենասրբազան դատի լուծումը, ճշմարտության և մարդկայնության ամենամեծ հաղթանակներից ամենափայլունը, պայքարի, արյան, մարտիրոսության, միլիոնավոր զոհերի, անթիվ հերոսների ծնունդը, մեր դարավոր երազների և անուրջների իրականացումը, մարտիրոս և սրբազան Հայաստանի հարությունը՝ շնորհավորում ենք Հայ ժողովրդին, Հայաստանի խիզախ կառավարությանը և պարսկահայ ժողովրդին։

Հանգիստ և խաղաղություն Ձեզ, ամենամեծ դատի միլիոնավոր մարտիրոսներ և հերոսներ, հանգիստ և խաղաղություն Ձեզ, որովհետև ԴՈՒՔ ՀԱՂԹԵՑԻՔ։

Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Պատմության էջերից


01/06/2016