Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



1918 թ. մայիսի 16-ից 22-ը Արագածի հարավարևմտյան լանջում գտնվող Սառնաղբյուր գյուղի մերձակայքում տեղի ունեցած հաղթական ճակատամարտի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից, ապահովվել է Բաշ Ապարանի թիկունքն ու հաղթանակը թուրքերի դեմ:

 

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ…1918 թվականի մայիս, Անդրկովկասյան Սեյմի նախագահ Գեգեչկորին թուրքերին է հանձնել Արդահանը, Արդվինը, Սարիղամիշը, ընկել է Կարսը: Թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլը և շարժվում են դեպի Երևան ու Թիֆլիս: Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ոչնչացումով չբավարարված` թուրքերը որոշում են ոչնչացնել նաև Արևելյան Հայաստանի հայությանը: Բոլշևիկյան Ռուսաստանը Կովկասյան ճակատից հանել է զորքերը՝ թուրքերի հետ կնքելով Բրեստի հաշտության պայմանագիրը: Անտանտ դաշինքի երկրները որևէ աջակցություն ցույց տալ չեն կարող, վրաց մենշևիկները Վրաստանը հանձնել են գերմանացիներին ու Հայաստանը միայնակ թողել թուրքերի դեմ, Կովկասի թաթարները պատրաստվում են աղ ու հացով դիմավորել ավագ եղբորը: Հայ ժողովուրդը միայնակ է մնացել դարավոր ոսոխի դեմ: Ռուսական զորքի մնացորդներն անկանոն նահանջում են: Դեպի Երևան ու Թիֆիլիս տանող ճանապարհները լիքն են գաղթականներով, խուճապ է և բարոյալքում:

Հայ Ազգային Խորհուրդն Արամ Մանուկյանի գլխավորությամբ փորձում է կայունացնել իրավիճակը և կանխել Երևանի գրավումը:

Այսպիսին էր իրավիճակը 1918 թվականի մայիսին:

1918 թ. մայիսի 15-ի երեկոյան թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Տաճկահայաստանից շատ փախստականների, ինչպես նաև Ալեքսանդրապոլի շրջանին հարող գյուղերի ազգաբնակչության համար կոտորածից փրկվելու միակ ելքը Արագածի լանջով դեպի Էջմիածին ու Երևան անցնելն էր: Արագածի հարավարևմտյան լանջով հիմնական ճանապարհն անցնում էր Սոգյութլիով (ներկայումս Սառնաղբյուր): Ահա այստեղ էլ 1918 թ. մայիսի 16-ից 22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ, որի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից՝ ապահովվել Բաշ Ապարանի թիկունքն ու հաղթանակը թուրքերի դեմ:

Կանխազգալով վտանգը` դեռ մայիսի 14-ի երեկոյան գյուղի Հովեի օդայում հավաքվում են տարիքավոր, կյանքի մեծ փորձ ու հեղինակություն ունեցող մարդիկ, նաև ռազմական գործից հասկացող, Առաջին աշխարհամարտին մասնակցած Աթաշի Եղիշը, Խչոյի Սերոբը, Մարտկա Կարապետը (պապիս պապը), Նհոյի Սարգիսը (ցարական բանակի սպա, Գեորգիևյան խաչի կրկնակի ասպետ), Հարութի Մարալովը, Կարոյի Տոնոն, Նհոյի Նահապետը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյի Թորոսը, Քոչոյի Հարութը, Նիկոյի Հովսեփը, Տեր Գևորգը (գյուղի քահանան),Դիլանի Հարութը և Էրզրումի, Երզնկայի, «Ալագյազ» գնդերից ու ջոկատներից մնացած սպաներ: Պահը ճակատագրական էր, սխալվելը` հավասարազոր մահվան: Անհրաժեշտ էր ամեն ինչ հաշվի առնել, ուշի ուշով լսել բոլորին, ապա նոր որոշում կայացնել: Ահա թե ինչու մինչև լուսաբաց բազմակողմանի ու մանրամասն քննարկվում էր ջարդից խուսափելու հարցը: Իհարկե և՛ գյուղի երիտասարդությունը (հատկապես պատերազմից վերադարձած մարդիկ), և՛ գաղթականներից շատերը զինված էին, թեպետ դա անբավարար էր թուրքերին դիմադրելու համար: Փախչել և պատսպարվել լեռներում նշանակում էր թշնամուն հանձնել ոչ միայն այս հողի բնակիչներին, այլև անթիվ-անհամար այն փախստականներին, որոնք ապաստան էին գտել այստեղ: Կռվով դեպի Երևան, Էջմիածին նահանջելը ևս կվտանգեր բոլորին, առաջին հերթին` ծերերին, կանանց և երեխաներին: Կարճ ժամանակում լրացուցիչ զենք հայթայթելն էլ գրեթե անհնար էր: Պետք էր ժամանակ շահել` թեկուզև մեկ-երկու օր: Թուրք ասկյարին պետք էր վախեցնել, որպեսզի մինչև սթափվելը դրանով իսկ նպատակին հասնելու հնարավորություն ընձեռվեր: Գործողությունները հնարավորինս պետք էր գաղտնի կատարել և շատ արագ: Հանպատրաստից ստեղծված ռազմական կոմիտեն որոշում է գյուղի դիմացի՝ Գունի կոչվող սարից մինչև Տաշխալայի (Քարաբերդ) սահմանը շուրջ 14 կմ երկարությամբ պաշտպանական դիրքեր ստեղծել, քանի որ ինքնապաշտպանության համար տեղանքը շատ հարմար էր, և առանց մեծ կորուստների թուրքերն այստեղով անցնելու հնարավորություն չէին ունենա: Որոշվում է առաջին մեկ-երկու օրը երիտասարդությանը գյուղից հանել սարերը, ծրագրվում է նաև գյուղ մտնող թուրքերի դիմավորումը, այնուհետև նրանց ոչնչացնելու տարբերակները: Հաստատվում է դիմադրության պլանն ու հատվածավորումը: Ինքնապաշտպանությունը պետք է տևեր այնքան ժամանակ, մինչև կապավորները լուր կբերեին տարհանվածների՝ Երևան և Էջմիածին հասնելու մասին: Թուրքերին հանկարծակիի բերելու համար որոշվում է գյուղում թողնել ևս քաջ և անվախ կանանց՝ տպավորություն ստեղծելով, թե զբաղվում են տնտեսությամբ: Այդպիսի պատրանք ստեղծելու նպատակով գյուղում է թողնվում նաև առանց այդ էլ սակավաթիվ անասունների մի մասը: 1918 թ. մայիսի 16-ին 13 ասկյարներից բաղկացած թուրքական մի ջոկատ՝ Ալի փաշայի գլխավորությամբ հին գերեզմանոցի կողմից հայտնվում է Սոգյութլիում (Սառնաղբյուր): Նախօրոք պայմանավորվածության համաձայն՝ գյուղացիներից Հենցու Տիգրանը, Բղդոյի Հարութը, Ասլանի Քերոբը դիմավորում են թուրքերին: Փաշային տեղավորում են Հովեի օթախում, իսկ ասկյարներին՝ Հովեի օդայում: Թուրքերին դիմավորելուց հետո դիմադրության կազմակերպիչներն անցնում են բուն ծրագրի իրականացմանը:

Ձախից աջ՝ Արտոյի Նիկոլ, Արտաշի Եղիշ, Նհոյի Սարգիս, Խչոյի Սերոբ, Վանեցի Նուբար

Ձախից աջ՝ Արտոյի Նիկոլ, Արտաշի Եղիշ, Նհոյի Սարգիս, Խչոյի Սերոբ, Վանեցի Նուբար

Հաջորդ գիշեր սարերից գյուղ են իջնում Հարութի Մարալովը, Նհոյի Սարգիսը, Մնեի Սմբատը: Հարութի Մարալովը սպանում է փաշային, մնացածները հարձակվում են ասկյարների վրա, կոտորում, երկու թուրքի կացնով սպանում է վանեցի Նուբարը՝ իր վրեժը առնելով գազանաբար սպանված ամուսնու համար: Ասկյարներից մեկին հաջողվում է փախչել և լուրը հասցնել Ալեքսանդրապոլ, որտեղ գտնվող թուրքական հրամանատարությունը 40 հեծյալներից կազմված խումբ է ուղարկում, որպեսզի սրի քաշեն անհնազանդներին և այրեն գյուղը: Սոգյութլիի զինված մարտիկները դիմադրում են թուրքերին և ոչնչացնում բոլորին, իսկ հեծյալ խմբի ղեկավարի կտրած գլուխը կապում են ձիու թամբին և ուղարկում Մարալիկ (Մոլագյոքչա): Սոգյութլիի դեպքի մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվում է Ալեքսանդրապոլին հարակից գյուղերում, որոնց բնակիչները թուրքերի հնարավոր վրեժխնդրությունից երկյուղ կրելով՝ տուն-տեղ թողած շտապում են Սոգյութլի: Մի գիշերվա մեջ գյուղի տարածքը լցվում է նոր փախստականներով: Թուրքական բանակի հրամանատարությունը, իմանալով 40-ից ավելի ասկյարների կորստի մասին, կանոնավոր զորաբանակով շարժվում է դեպի Սոգյութլի՝ ընտրելով ոչ թե Մարալիկի, այլ Սիրվանջուղի (այժմ Լեռնակերտ) ուղղությունը: Ինքնապաշտպանների զբաղեցրած հարմար դիրքը, թուրքերի նկատմամբ լեռնացած ատելությունը, հատուցման մոլուցքն այն զորեղ ուժն էր, որ նրանց գամել էր ժայռերին: Թուրքական բանակն այդ ամայի սարերում հանկարծ հանդիպում է դիմահար հզոր կրակահերթերի: Այդպիսի դիմադրության չսպասելով` թուրքերը խուճապահար փախչում են՝ թողնելով մեծ քանակությամբ սպանվածներ և ռազմավար, այդ թվում նաև մեկ թնդանոթ: Հաջորդ օրը թուրքական բանակում կեղծ լուր են տարածում, թե իբր անգլիական զորքերը օգնության են հասել սոգյութլեցիներին: Առաջին հաջողությունից ոգևորված ինքնապաշտպանության պատասխանատուները՝ Նհոյի Սարգիսը, Աթաշի Եղիշը, Մնեի Սմբատը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյի Թորոսը ամբողջ ճակատի գիծը բաժանում են 3 հատվածի, այսինքն՝ սկսում են իրականացնել մայիսի 14-ին կայացրած որոշումը:

Սկսվում է Սառնաղբյուրի հերոսամարտը:

Խմբապետ Պանդուխտի ջոկատը և 1000-ի հասնող աշխարհազորը 7 օր շարունակ ետ էին մղում թուրքական բանակի` մեկը մյուսին հաջորդող գրոհները: Դիմադրության 7-րդ օրը թուրքերը ճակատ են տեղափոխում հրանոթներ: Սոգյութլեցիների վիճակը ծանրանում է: Պաշտպանվողներն ունեին միայն մեկ գնդացիր և զինված էին «Մոսին» հրացաններով, մի քանի ատրճանակով, դաշույններով, բահերով, եղաններով ու կացիններով: Սոգյութլեցիներին մահվան սպառնալիքից փրկում է Կոշում տեղակայված գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ գործող  հայկական զորամասը, որին էլ հասել էր գյուղը պաշտպանողների օրհասական վիճակի մասին լուրը: Այդ զորամասում ծառայած Արեստակ Խաչատրյանը հետագայում պատմել է, թե իմանալով հայրենի գյուղի վրա կախված վտանգի մասին՝ զորամասի ղեկավարությունը 250 հեծյալից բաղկացած մի ջոկատ է առանձնացնում, որի կազմում 60 սոգյութլեցիներ էին, մյուսները՝ շրջակա գյուղերից: Ջոկատը գիշերով շարժվում է դեպի Սոգյութլի:

Տեղեկանալով Սառնաղբյուրում ընթացող մարտերի մասին` Հայոց Ազգային Խորհուրդը Սառնաղբյուր է ուղարկում խմբապետ Պանդուխտի զորախումբը: Դիմադրության 7-րդ օրվա ավարտին, գիշերը Էջմիածնից եկած կապավորը հայտնում է, որ գաղթողների մեծ խումբը բարեհաջող տեղ է հասել: Լուրն առնելուց հետո նոր պաշտպանները թողնում են դիրքերը և նահանջում Էջմիածին: Մեկ բացառիկ հանգամանք, որ գրանցվել է այս գոյամարտի պատմության մեջ. Սոգյութլիի ճակատամարտի ընթացքում հայերն ընդամենը մեկ զոհ են տվել (սպանվել է մեկ կին): Դա կարող է միայն վկայել, թե որքան լավ է կազմակերպվել դիմադրությունը:

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸՍոգյութլեցի «թոփչի» Արշակը, Գևորգ Սաղաթելյանը և շատ ուրիշներ հասցրել են մասնակցել նաև Սարդարապատի ճակատամարտին: Արշակը «թոփչի» մականունը վաստակել է հենց այդտեղ` թնդանոթով թուրքերին դիպուկ հարվածներ հասցնելու համար: Ինքնապաշտպանական ջոկատների հեռանալու երրորդ օրը միայն թուրքերը համարձակվում են մտնել գյուղ` չհավատալով, թե դիմադրողները հեռացել են տարածքից: Գյուղում մնում են Ավոյի Նիկոլը (12 տարեկան), Պողոսենց Վարազը (10 տարեկան), Սարգսյան Բաբկենը (10 տարեկան), Պողոսի Նախշունը, Հարեի Ալեքը, Դիլանի Հարութը: Նրանք, ովքեր ականատես են լինում թուրքերի վայրագություններին: Ըստ նրանց պատմածի` թուրքերը 3 օր նստել են Կաթնով աղբյուրի մոտ ու չեն փորձել գյուղ մտնել, հետո անցել են Գառնահովիտն ու նոր միայն իջել գյուղ: Սկզբում թուրքերը ցանկացել են հետապնդել հեռացողներին, սակայն զգալով, որ կրկին անհաջողության են մատնվելու, հրաժարվում են այդ մտքից: Փոխարենը հավաքում են Ադիամանի (Գառնահովիտ), Փիրթիքյանի, Մաստարայի, Մուսլուղլուի, Սոգյութլիի և Ձիթհանքովի ծերերին, կանանց ու երեխաներին, լցնում Ձիթհանքովի մարագներն ու պատուհաններից կրակում անզեն մարդկանց վրա, այնուհետև այրում:

Հանգուցյալ տատս՝ Մարտակ Զեպետը, պատմում էր, որ գյուղում մնացած կանայք օր ու գիշեր հաց էին թխում, կերակուր պատրաստում և խուրջիններով դիրքեր հասցնում, իսկ նրա մայրը՝ Յաղութը, իր ընկերուհիների հետ կժերով Կաթնով աղբյուրից ջուր էր հասցնում մարտնչողներին և ինքնապաշտպաններին՝ միակ «Մաքսիմ» գնդացիրը հովացնելու համար: Գյուղում մնացած պատանիները, որոնց մեջ էր նաև իմ պապը` Մարտկա Վարդանը, էշերով օրական 2-3 անգամ գնում էին Թալին և փամփուշտ բերում դիրքեր:

Ռազմական գործողությունների վերլուծությունը բացահայտորեն ցույց է տալիս, որ թուրքական հրամանատարությունը, Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ, Արագածի հարավային լանջերով առաջանալով, որոշել էր դուրս գալ դեպի Քուչակ, փակել Երևան, Բաշ Ապարան ճանապարհը և շրջափակման մեջ վերցնել Բաշ Ապարանի հերոսամարտի մասնակից զորքերին ու աշխարհազորը, ինչը և ձախողվեց Սառնաղբյուրի հերոսամարտի շնորհիվ:

Սառնաղբյուրում տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերը իրենց մասշտաբով անշուշտ զիջում են Բաշ Ապարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում տեղի ունեցած ռազմական գործողություններին, բայցեւայնպես, Սառնաղբյուրի հերոսամարտը կարևոր դեր ունեցավ հատկապես Բաշ Ապարանի հաղթանակի համար:

Սառնաղբյուրի հերոսական ինքնապաշտպանության մասին քիչ է խոսվել: Սառնաղբյուրի ինքնապաշտպանություն, որը որպես պատմական իրողություն, դեռ սպասում է իր ուսումնասիրող պատմաբանին:

Սառնաղբյուրցիները այս տարվա մայիսի 26-ին գյուղ տանող ճանապարհին և հերոսամարտի դիրքերի անմիջական հարևանությամբ (բարերարար Վահրամ Գասպարյանի աջակցությամբ) կանգնեցրին Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված հուշարձան:

Լինելով իրենց հերոսական պապերի զավակները` Արցախյան պատերազմի տարիներին ևս իրենց հերոսական պայքարով աչքի ընկան մի շարք սառնաղբյուրցիներ՝ Մուշեղ Նավոյանը, Անուշավան Հովհաննիսյանը, Ավոն, Ջիվանը և ուրիշներ: Այդ տարիներին հերոսաբար կռվեցի, եւ զոհվեցին Սարգիս Նաջարյանը, Արտավազդը, որոնք Մարտակերտի շրջանի թեժ կռիվներում վաստակեցին իրենց հերոս նախնիների անանց փառքը:

Կարապետ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

փ/ծ գնդապետ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  բաժնի պետ

Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Պատմության էջերից


01/06/2016