Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸ



ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸՍա ձեր լսարանն է: Դասընկերներդ, դասախոսներդ վարանոտ մտնում են ներս ու կողք կողքի նստում երկարուկ սեղանի երկու կողմերում: «Մեր տեղերը նստենք»,- ցածրաձայն ասում է Շուշանը: Գարեգին Հարությունյանը սովորականի պես իր տեղում է` ծայրին, ուսուցչի սեղանի մոտ, հետո Լուսինեն է, հետո` Շուշանը: Աշոտը Շուշանի կողքին չի նստում: Շուշանի կողքի աթոռը դատարկ է: Աշոտը նստում է ազատ աթոռի կողքին: Կարիք չկա, որ նա բառերով ասի. նրա աչքերի մուգ տխրությունն այնքան խոսուն է դատարկ աթոռին նայելիս:

Հանկարծ… անկախ իմ կամքից, ոտքերս ինձ առաջ են տանում: Ես չեմ ուզում, որ քո տեղը դատարկ մնա: Ընկերներիդ հրմշտելով՝ ես հասնում-տեղավորվում եմ քո աթոռին: Բոլորն ինձ են նայում` որը ներողամիտ ժպիտով, որը` տարակուսած… Իսկ Լուսինեի ակնոցի անգույն ապակու տակից արցունքը սահում է ներքև:

-Նա էլ երբեք չի նստի այդ աթոռին,- ասում է կիսաձայն:

Ես երևի ուրիշ տեղ պիտի նստեի: Այդ աթոռը պիտի ազատ մնար, որպեսզի հավաքվածներից յուրաքանչյուրը իր հոգու մեջ, իր մտապատկերում գտներ քեզ` գույն առ գույն, հույզ առ հույզ, դրվագ առ դրվագ… ու բերեր նստեցներ այդ աթոռին: Ու լսարանը լցվեր քո կապույտ աչքերի արևով, քո զրնգուն ծիծաղի ելևէջներով…

-Ռոբերտն իմ ընկերն էր,- դասախոսիդ ձայնը սարսռալու աստիճանի ցավոտ է: -Նա կարող էր իմ որդին լինել, բայց մենք ընկերություն էինք անում, որովհետև Ռոբերտը 18 տարեկանում արդեն հասուն տղամարդ էր` պինդ, հուսալի, պատասխանատու: Ես ամեն օր նրան իմ մեքենայով դասի էի բերում, իսկ դասերից հետո տուն էի տանում: Իսկական ընկերոջ նման: Եթե ինձ ասեին` մեկ նախադասությամբ նկարագրիր Ռոբերտին, ես կասեի` նա աշխարհ էր եկել մարդկանց օգնելու համար: Ու այդ մղումը երբեմն հասնում էր ծայրահեղության: Մարդկանց հոգսը իր վրա վերցնելու, ուրիշների ցավով ապրելու, ուրիշների համար իրեն պատեպատ տալու ցանկությունը նրա օրը լցնում էր անթիվ-անհամար պարտականություններով: Ռոբերտը գործունյա էր, հնարամիտ, ճարպիկ: Երբ ես իմացա, որ Ռոբերտից լուր չկա, համոզված էի, որ նա ողջ չէ, քանի որ, եթե նա ողջ լիներ, մի հնար կգտներ տուն զանգելու:

-Նա մեծ սիրտ ուներ,- Աշոտն է, կողքիս է նստել, ու կարող եմ մոտիկից տեսնել ընկերոջը կորցրած երիտասարդ տղայի աչքերը: Սեղանին դրված ձեռքը դողում է: Երբեք այսքան արցունքոտ ժպիտ չեմ տեսել:

-Նեղության պահին պետք չէր, որ Ռոբերտից օգնություն խնդրեիր, ինքը կգար ու մինչև վերջ կկանգներ կողքիդ: Այնքան եռանդ, ուրախություն, կյանք կար Ռոբերտի մեջ:  Այնքան սեր ու բարություն: Ուղղակի չես հավատում, որ նա այլևս չկա: Իսկ նրա հարյուրավոր երազանքները, մենք արդեն իրենց տանը մեր փոքրիկ ատամնաբուժարանն էինք հիմնել…

ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸԳիտեք, նա սիրում էր նկարվել: Գեղեցիկ տղա էր, ու աղջիկները պաշտում էին նրան: Մագնիսի պես ձգում էր բոլորին: Աղջիկները նրա շուրջն էին հավաքվում դեպի լույսը վազող թիթեռների պես… Ու միայն նրա գեղեցկությունը չէր պատճառը, այլ ամուր, հուսալի, ազնիվ ու պայծառ խառնվածքը:

Կողքիս նստած աղջիկը շիկնում է: Ես պարզ տեսնում եմ, որ նա շիկնում է ու փախցնում հայացքը: Թուխ, սիրունիկ աղջիկ է, փայլուն, արտահայտիչ աչքերով:

-Սիրած աղջիկ ունե՞ր,- հարցնում եմ Աշոտին` աչքս Շուշանից չկտրելով: Աշոտը չի պատասխանում, իսկ Լուսինեն արցունքը սրբելով՝ գլխով ցույց է տալիս թխահեր գեղեցկուհուն:

-Շուշանին էր սիրում:

Երբ Լուսինեն խոսում է քո մասին, անպայման ծիծաղում է արցունքների միջից:

-Անհնար է հիշել Ռոբերտի մեծ, լուսավոր աչքերն ու չժպտալ:

-Ընկերությո՞ւն եք արել,- հարցնում եմ Շուշանին: Աղջիկը չի պատասխանում, լացը զսպելու ճիգից ուսերը ցնցվում են: Նրա փոխարեն Լուսինեն է պատասխանում:

-Մենք շատ մտերիմ էինք, հաճախ էինք խոսում հեռախոսով, երբ բանակում էր: Միշտ հարցնում էր Շուշանից: Մի օր էլ խաբեցի, թե Շուշանն ընկեր ունի: Ոնց էր հուզվել: Մեկ շաբաթ ամեն օր զանգեց ու հարցրեց` ճիշտ եմ ասում, թե խաբում եմ: Երբ խոստովանեցի, որ կատակ եմ արել, թեթևացած շունչ քաշեց ու ասաց` Շուշանն ինձ է սպասում, չի կարող ընկեր ունենալ:

Ռոբերտին բոլորն էին սիրում: Նա այնքան բարի էր: Շատ էր սիրում փոքրիկ երեխաներին: Կենդանիներ էր սիրում, թութակ ուներ, շուն, կատու… Որտեղ Ռոբերտն էր, այնտեղ ծիծաղ  ու ուրախություն կար: Գիտեք, նա Ռուսաստանի քաղաքացի էր ու կարող էր չծառայել, բայց կամավոր գնաց բանակ…

ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸ-Ինձ առանց «ջանի» չէր դիմում: Դուռս բացում էր ու ասում` ընկեր Իգիթյան ջան, ո՞նց եք, ի՞նչով օգնեմ: -Ընկեր Իգիթյանը բաժնի վարիչն է ու այսպես է հիշում Ռոբերտին,- նրա բերանից «օգնել» բառը անպակաս էր, կամ ասում էր` ինչով օգնեմ Ձեզ, կամ էլ` ոնց օգնենք մեր ընկերոջը: Գալիս էր, խնդրում ուրիշների համար:

-Մի անգամ ինձ ասաց` ուզում եմ հորս պես հերոս լինել: Ռոբերտի հայրը ուրիշներին փրկելիս այրվել էր ու դեմքին սպի ունի,- հիշում է Գարեգին Հարությունյանը: -Նա արծիվ էր, որն ուզում էր ավելի ու ավելի բարձր թռչել: Երբ Ռոբերտին «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրեցին, մտածեցի, որ դա նրան բնութագրող ամենադիպուկ պարգևն է: Ինքն էլ մի ոսկե արծիվ էր…

-Մեր կյանքից մեծ լույս պակասեց,- ասում է Լուսինեն,- բոլորիս կյանքից:

…Հետո մեկը մյուսին լրացնելով՝ խոսում են դասախոսներդ, պատմում են, հիշում` Նունե Մեժլումյանը, Կարինե Օհանյանը, Լաուրա Դազդուրջյանը, Ռուզաննա Ամարյանը… Հիշում են, թե որքան գեղեցիկ էիր զինվորական համազգեստի մեջ, երբ արձակուրդ էիր եկել, թե ինչպես ասացիր` հանգիստ քնեք, ես սահմանին եմ:

Էլ ոչ ոք չի լալիս: Թվում է` դու ներս ես մտել, նստել ես մեր կողքին: Այնպես, ինչպես դու ես երազել քո կարճատև կյանքում` փառքով ու հերոսավայել: Ես այլևս գրի չեմ առնում բառերը, որով «օծում» են քեզ` կարեկից, ուժեղ, վճռական, բարի, լուսավոր, պատվախնդիր… Ես մտածում եմ ծնողներիդ հետ մեր հանդիպման մասին ու նրանց մխիթարելու բառեր չեմ որոնում:

-Ես հպարտ եմ, որ Ռոբերտի ընկերն եմ եղել:

-Ես հպարտ եմ, որ դաս եմ տվել Ռոբերտին:

-Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան:

Լսո՞ւմ ես: Դու սա՞ էիր երազում, այս փառքը, այս արծվային թռիչքը: Դե, վայելի՛ր լիուլի…

♦♦♦

ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸԵս հավատում եմ հոգու անմահությանը: Ես վստահ եմ, որ մենք բոլորս հատուցելու ենք կամ վարձատրվելու մեր ապրած յուրաքանչյուր րոպեի, մեր լավ ու վատ գործերի համար և՛ երկրային կյանքում, և՛ երկնային հավերժության մեջ: Ես վստահ եմ, որ դու մեզ հետ ես, դուռը բացում, ինձ հետ մտնում ես ներս, տեսնում ես մորդ աչքերի բաց-կապույտ տխրությունը, լսում ես հորդ զսպված հառաչը, ձեռքդ դնում ես պապիդ ուսին հին օրերի նման, կրծքիդ ես սեղմում փոքրիկ եղբորդ: Հետո ինձ հետ թերթում ես սեղանին թափված հարյուրավոր լուսանկարները ու վերհիշում:

…Այստեղ ոչ ոք անցյալ ժամանակով չի խոսում քո մասին, ոչ ոք չի պատմում, թե ինչ եղավ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը… Ոչ ոք չի հիշում, թե ինչպես ես գումարտակի հրամանատարին ասել` բոլորը զոհվել են, մնացել եմ ես ու մի նռնակ: Դիրքը չհանձնեք թուրքին: Թե ինչպես ես մինչև վերջին փամփուշտը կրակել, ու երբ հասկացել ես, որ օգնության շտապող ծառայակիցներդ չեն հասցնելու փրկել կյանքդ, սպասել ես՝ ադրբեջանցի զինվորները մոտենան, շատ մոտենան.. ու պայթեցրել ես նռնակը` վերջին պահին` մեռնելուց առաջ խլելով քեզ շրջապատած ազերիների կյանքը: Ոչ ոք չի խոսում քո շնորհիվ ողջ մնացած զինվորի մասին, որին տեղավորել ես թաքստոցում և վերադառնալով շարունակել կռիվդ՝ քեզ վստահված դիրքը պաշտպանելու համար: Քո հարազատները անցյալում են ապրում, որտեղ դու ողջ ես. որտեղ երեք տարեկանից խանութ ես գնում հարևաններիդ համար, որտեղ քո` երկուսից յոթանասուն տարեկան ընկերներն են` իրենց անվերջանալի հիշողություններով, որտեղ քո կատակներն են… քո ապրած կյանքը:

…Կողքից նայողը կմտածի` գժվել ենք: Մենք ծիծաղում ենք: Քո մասին ենք խոսում ու ծիծաղում ենք: Ծաղիկների միջից քո նկարն էլ է ծիծաղում մեզ հետ:

…Ու մի պահ թվում է, թե մենք էլ ենք արծիվ ու թռչում ենք…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/06/2016