Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵՎ ՍՈՒՐԲ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐ



Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 4-ին նշում է մեր ժողովրդի առաջին լուսավորիչներ եւ մեր Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ արդեն երկինք պիտի համբարձվեր, իր աշակերտներին պատվիրեց քարոզել Ավետարանը բոլոր ազգերին ու նրանց մկրտել Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով (Մտթ. ԻԸ 19, Մարկ. ԺԶ 15): Տիրավանդ այս պատգամին հնազանդ՝ առաքյալները սփռվեցին աշխարհով մեկ եւ Երկնային Արքայության Ավետարանը սկսեցին քարոզել բոլոր ազգերին՝ լուսավորելով նրանց փրկության ճանապարհի իմացության լույսով:
Սրբազան Ավանդությունը, որ տեղ է գտել սրբոց վարքի ու վկայաբանությունների ժողովածուներում եւ մեր պատմիչների երկերում, բովանդակում է նաեւ առաքյալների քարոզչությունը Հայաստանում: Ավանդության համաձայն` Տիրոջ առաքյալներից երկուսին՝ Ս. Թադեոսին եւ Ս. Բարդուղիմեոսին, վիճակվեց Հայաստանը: Առաջինը Հայաստան է գալիս Թադեոսը, ով հայտնի է նաեւ Ղեբեոս (Մտթ. Ժ 3) եւ Հուդա Հակոբյան (Ղուկ. Զ 16, Գործք Ա 13) անուններով: Թադեոսը նախ քարոզում է ասորական Միջագետքում, այնուհետեւ Եդեսիայում (Ուռհա), որտեղ բազմաթիվ հրաշքներ է գործում եւ բուժում Աբգար թագավորին, ապա գալիս է Հայաստան եւ սկսում քարոզել ու բժշկումներ կատարել Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաքում, որտեղ գտնվում էր հայոց Սանատրուկ թագավորի ամառանոցը: Առաքյալի քարոզչությամբ բազմաթիվ մարդիկ դարձի են գալիս, որոնց թվում էր նաեւ արքայադուստր Սանդուխտը: Սանատրուկ արքան հրամայում է սրի քաշել բոլոր նորադարձներին, իսկ Սանդուխտին բանտարկել: Սանատրուկը տարբեր միջոցներով փորձում է քրիստոնեությունից հրաժարեցնել Սանդուխտին, սակայն վերջինիս համոզելու եկած իշխանն ու նրա ուղեկիցները, անգամ բանտապահները նույնպես քրիստոնեություն են ընդունում: Արքան հրամայում է սպանել շատերին, սակայն Սանդուխտն անհողդողդ է մնում: Հրաշքով քանդվում են նրա կապանքները, սպանվում է նրան սպանել ցանկացող դահճապետը, իսկ նորադարձների թիվը հետզհետե ավելանում է: Ի վերջո մոլեգնած արքան հրամայում է սպանել դստերը, որը դառնում է հայ առաջին կին մարտիրոսը: Սպանվում է նաեւ Թադեոս առաքյալը, որին սկզբում նետում են գազանների առաջ, ապա՝ հնոցը, ի վերջո՝ սրով խողխողում: Նրա նահատակության պահին հանկարծ լույս է ծագում, բացվում է այն վեմը, որով Թադեոսը ծածկել էր Սանդուխտի գերեզմանը, եւ առաքյալի մարմինն ամփոփվում է այնտեղ: Հետագայում Կիրակոս անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է Թադեոս առաքյալի, Սանդուխտ կույսի ու նրանց հետ նահատակվածների նշխարները: Ցայսօր պատմական Արտազ գավառում (այժմյան Պարսկաստանի տարածքում) կանգուն է առաքյալի գերեզմանի վրա կառուցված Ս. Թադեի վանքը:
Պատմահայր Խորենացին, խոսելով Թադեոսի մասին, գրում է, որ հայերիս վիճակվեց նաեւ Բարդուղիմեոս առաքյալը: Բարդուղիմեոսը, որը հայտնի է նաեւ Նաթանայել անունով (Հովհ. Ա 45, ԻԱ 2), նույնպես Հիսուսի տասներկու աշակերտներից էր, ում Տերը բնորոշել էր որպես մի «ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. Ա 47), եւ ով առաջինը Հիսուսին Աստծո Որդի դավանելու համար (Հովհ. Ա 49) կոչվել է Նախադավան առաքյալ:
Ավանդության համաձայն՝ առաքյալը նախ քարոզում է Պարսկաստանում, ապա հասնում մինչեւ Հնդկաստան, այնուհետեւ ութ պարսիկ հետեւորդների հետ անցնում Հայաստան: Արտաշատի բլրի մոտ իրար են հանդիպում Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, գիշերում, խաչ կանգնեցնում, որի համար էլ այդ վայրը հետագայում անվանվել է Օթյաց խաչ: Այնուհետեւ Թադեոսն անցնում է Արտազ, իսկ Բարդուղիմեոսը՝ Հեր եւ Զարեւանդ գավառներ, այնտեղից էլ Անձեւացյաց գավառ եւ Աղբակ: Բարդուղիմեոս առաքյալի քարոզչությամբ դարձի են գալիս Սանատրուկ արքայի քույր Ոգուհին ու Տերենտիոս հազարապետը եւ ուրիշ շատեր: Սանատրուկը նրանց համոզելու ապարդյուն փորձերից հետո հրամայում է սպանել նրանց: Նորադարձները նահատակվում են սրով, իսկ Բարդուղիմեոսը՝ փշոտ մահակների հարվածների ներքո: Ավանդության համաձայն՝ առաքյալի գերեզմանը գտնվում է պատմական Աղբակ գավառում (այժմ՝ Թուրքիա, Բաշկալե), որի վրա կառուցվել է Ս. Բարդուղիմեոսի վանքը:
Առաքյալների հիմնած Հայ Եկեղեցին այն խորհրդանշական նոյյան տապանն է, որի մեջ ապաստան է գտել մեր ժողովուրդը եւ, դիմագրավելով պատմական ճակատագրի հարվածներն ու մարտահրավերները, հասել մեր օրերը: Եվ այսօր ազգովի վերստին համախմբվելով Հայաստանյայց Եկեղեցու սրբազան կամարների ներքո` լավագույնս արժեւորած կլինենք սրբազան առաքյալների տոնի խորհուրդը եւ լավագույնս դիմագրաված կլինենք ինչպես աղանդների, այնպես էլ մեր հոգեւոր ինքնությանն ու անվտանգությանն սպառնացող ցանկացած մարտահրավերի:

ԳԱՐԻԿ սարկավագ ԱՍՐՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #47 (862) 1.12.2010 - 8.12.2010, Հոգևոր-մշակութային


08/12/2010