Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ՏԵՐԵՐԸ



ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ՏԵՐԵՐԸԵրեւանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 դպրոցում եւս ավարտական դաս էր: Հրաժեշտի եւ շնորհակալության խոսքեր, ժպիտ, հուզմունք, թախիծ, ամեն ինչ միախառնվել էր: Միջոցառումը կրթօջախում սկսվեց լռության րոպեով` ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների: Ուսուցիչ-աշակերտ խաղաղ բացվող ամեն օրվա համար շնորհակալական խոսքեր ուղղեցին սահմաններն անառիկ ու անսասան պահող զինվորներին: Ապա ընթերցվեց դպրոցի նախկին սաներից մեկի՝ այժմ արդեն հայոց բանակում ծառայող զինվորի շնորհավորական նամակը` հասցեագրված իր հարազատ դպրոցի շրջանավարտներին.

«Տոնդ շնորհավոր, շրջանավա՛րտ: Դեռ երեկ` ընդամենը մեկ տարի առաջ, երգուպարով, խինդ ու ծիծաղով մենք էլ ձեզ նման տոնում էինք մեր վերջին զանգը: Իսկ այսօր պաշտպանում ենք հողը հայրենյաց, հույս ու լույս ենք սփռում հայոց երկրին ու ձեր վաղվա օրվան»:

Ապրիլյան իրադարձությունները փոխել էին ավարտական հանդեսներին բնորոշ սցենարը. ամեն ինչ ավելի զուսպ էր, ավելի հերոսական, ավելի ոգեղեն: Բաց դասասենյակներից մեկից լսվում էր աշակերտների` վաղվա մեր զինվորների երդում-խոստումը.

«Մեր հինավուրց ու թանկ հողի հզոր պաշտպաններ, հայոց բանակի քաջարի տղերք, մի քիչ էլ սպասեք, շուտով մենք էլ ենք գալու: Կգանք ձեզ նման խրոխտ ու արի, կպաշտպանենք մենք էլ հողը հայրենի»:

Երդվում-խոստանում էին վաղվա մեր երկրի տերերն ու զինվորները:

 

ՎԱՀԱՆ ՍՈՒՂՅԱՆ

Լուս.՝ Մհեր ՀՈՎՎՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Բանակ և հասարակություն


01/06/2016