ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ…
Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության շուրջ 25 հազար դպրոցականների համար 1400 դպրոցներում հնչեց վերջին զանգը` մատաղ սերնդի կյանքում խորհրդանշելով բացվող նոր էջը: Վերջին զանգի այս տարվա արարողությունը սակայն ինքնատիպ էր ու առանձնահատուկ. այն նվիրված էր հայոց բանակին ու զինվորին: Բոլոր դպրոցներում մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը:
Այն հատկապես առանձնահատուկ էր թիվ 147 կրթահամալիրում: Ավանդական «Վերջին դասի» փոխարեն դպրոցի ավարտական դասարանների շրջանավարտները կազմակերպել էին հուշ ցերեկույթ` նվիրված դպրոցի սան, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և ապրիլյան քառօրյա պատերազմի մյուս քաջարի զինվորների հիշատակին: Դպրոցը հյուրընկալել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Շրջանավարտներին ուղղված իր ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձավ օրվա խորհրդին, խոսեց մերօրյա հերոսների մասին և ընդգծեց, որ նրանք հզոր ու անկոտրում անհատի ընդօրինակելի կերպարներ են: Նա շնորհակալություն հայտնեց նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներին և ուսուցիչներին` իսկական հայրենասեր դաստիարակելու համար և վստահություն հայտնեց, որ ինչպես Ռոբերտի, այնպես էլ մյուս հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում: Ի հիշատակ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ պաշտպանության նախարարն ու Երևանի քաղաքապետը եղևնի տնկեցին դպրոցի բակում:
♦♦♦
Հերթական ուսումնական տարվա ավարտն ազդարարվեց նաև Հայաստանի և Արցախի ռազմամարզական վարժարաններում:
Վերջին զանգի արարողությունները մեկնարկեցին դեռ մայիսի 26-ին «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում: Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա բարձր է գնահատել ուսումնարանի ներդրումը ապագա սպայի կերտման գործում, շեշտելով, որ այն պատվով է կատարել և կատարում իր առաքելությունը:
-Բանակը սկսվում է դպրոցից: Բանակի շարքերում այսօր ծառայում են ձեր կողմից, հարգելի՛ մանկավարժներ, դաստիարակություն և ուսում ստացած մարդիկ` մեր զավակները, որոնք այս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ցույց տվեցին իրենց: Նրանց հերոսություններով մենք կարողացանք փրկել մեր ազգի արժանապատվությունը,- նշել է պաշտպանության նախարարը:
Ուսումնական հաստատությունն արդեն 21-րդ սերունդն է դեպի հասուն կյանք ճանապարհում: Ապագա սպաների համազգեստին ամրացնելով եռագույն ժապավեններն ու զանգակները` մանկավարժներն իրենց սաներին խորագետ ու խիզախ լինելու ցուցում էին տալիս. ռազմական կյանքի առաջին դժվարություններն ապագա զինվորականներն արդեն հաղթահարել են:
Դեռ մի ամիս առաջ ուսումնական հաստատության ղեկավարության կողմից ստեղծվել եւ սահման է ուղարկվել «Արամազդ» ջոկատը: Քառօրյա պատերազմին «տիգրանականներից» մասնակցել է 536 սպա, չհաշված կամավորները: Կուրսանտներից շատերը ևս սահման մեկնելու ցանկություն հայտնեցին, բայց տարիքը և ուսումնական գործընթացը այդ հնարավորությունը նրանց չտվեց: Սակայն սաներից մեկը` Անդրանիկ Ոսկանյանը, կանգ չառավ այդ արգելքի առջև և հայտնվեց դիրքերում` անակնկալի բերելով սահմանագծին կանգնած ավագ «տիգրանականներին»:
– Զենքին տիրապետել եմ, բայց գործնականում դեռ չէի փորձել, գնացի` դա էլ իմացա: Դիրքային առօրյան էլ տեսա: Ինչով կարողացա` օգնեցի, – հպարտորեն ասում է նա:
Իր ուսումնարանի շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաև ապրիլյան պատերազմի մասնակից, թեժ մարտերից մեկում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Գևորգ Մելքոնյանը:
Հրաժեշտ տալով շրջանավարտներին՝ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը նշում է, որ տղաներին էլ ավելի դժվար ժամանակներ են բաժին ընկել, և նա ճանապարհում է իր սաներին մեծ հպարտությամբ:
♦♦♦
Այս տարի հիմնադրման 15-ամյակն է նշում «Փոքր Մհեր» ռազմամարզական կրթահամալիրը: Այստեղ սովորում են 278 հայկազուններ, որոնցից ուսումնական հաստատությունն այսօր ավարտում են 35-ը: Ավարտական տոնակատարություններին հյուրընկալվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Պաշտպանության նախարարը կարևորել է ուսումնական այս հաստատության դերը ապագա հրամանատարական կազմի, ինչպես նաև` հայրենասիրական դաստիարակության գործում:
-Վարժարանի սաներից շատերն են համալրել հայկական բանակի մասնագիտական կազմը, կրտսեր հրամանատարներ են, սպաներ, որոնք իրենց ծառայությունն են անցկացնում հայրենիքի տարբեր հատվածներում` ապահովելով մեր երկրի անվտանգությունը: Այս 15 տարիների քրտնաջան աշխատանքը տվել է իր արդյունքը,- շեշտել է նախարար Օհանյանը:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նաև կրթահամալիրի բոլոր մանկավարժներին, ովքեր օր ու գիշեր իրենց աշխատանքով փորձել են պատանիներին լավ կրթություն տալ և նրանց մեջ իսկական հայրենասիրություն դաստիարակել:
– Հիմնադրումից մինչ օրս՝ 15 տարի շարունակ «Փոքր Մհեր» կրթահամալիրը եղել է ռազմահայրենասիրական դաստիարակության օրրան, կրթել քաջ, խելացի, բանիմաց հայկազուններ, որոնք ամեն րոպե պատրաստ են ծառայելու և ծառայում են հայրենիքին: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր շրջանավարտներից մեկը՝ ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը, հերոսաբար կռվել և զոհվել է հայրենիքը պաշտպանելիս: Նա լինելով տանկային դասակի հրամանատար, ըստ մեր ունեցած տվյալների, մարտի է նետվել և ոչնչացրել թշնամու երկու տանկ, որից հետո ինքն է խոցվել: Հետմահու Բենիամինը պարգևատրվել է «Արիության» մեդալով,- մեզ հետ զրույցում նշում է «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենի տեղակալ Նարա Դավթյանը։
Ուսումնական հաստատությունն արդեն տվել է 247 շրջանավարտներ, որոնցից 33-ն արդեն ավարտել են ռազմական ուսումնական հաստատությունները և ծառայում են ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում: Այժմ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում են ևս 40 շրջանավարտներ, որոնցից 27-ը` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, 7-ը սովորում են Ռուսաստանի Դաշնության և Իտալիայի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում, 13-ը՝ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում։ Կրթահամալիրի շրջանավարտներից ավագ լեյտենանտ Գևորգ Գասպարյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով, իսկ Յուրի Հովասափյանը՝ «Մարտական ծառայության», ՀՀ եւ ԼՂՀ «Արիության» մեդալներով:
♦♦♦
Ավանդույթի համաձայն՝ Մոնթեի լուսանկարով եռագույն ժապավենները համազգեստին վերջին զանգը դիմավորեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 69 սաները: «Մոնթե Մելքոնյան» վարժարանն իր գոյության ընթացքում ընդհանուր առմամբ 1242 շրջանավարտ է ունեցել: Այս տարի մոնթեականներին շնորհավորելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ մոնթեականների և նրանց նման հայրենասեր երիտասարդության մայրաքաղաքը ո՛չ Մոսկվան է, ո՛չ Բրյուսելը և ո՛չ էլ Վաշինգտոնը, այլ` անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանը. «Նրանք Հայաստանի Հանրապետության ապագա զինվորականներն են: Նրանք են կերտում մեր ապագան»:
Ողջունելով շրջանավարտներին՝ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրեց նաև սաների ձեռքբերումները տեղական և միջազգային տարբեր մրցումներում, որտեղ նրանք դրսևորել են բարձր ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշներ, նվաճել ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ: Հատկապես նա կարևորեց հաղթական ելույթները 2014-2015 թթ. «Հաղթանակի ժառանգներ», «Պատանի հայրենասեր» ռազմահայրենասիրական հավաքներում:
Վ.Ոսկանյանի խոսքով` ոչ բոլոր շրջանավարտները կբռնեն ռազմական ուղին, շուրջ 10 տոկոսը կշարունակի ուսումը քաղաքացիական հաստատություններում.
-Խնդիր դրված չէ, որ շրջանավարտները պարտադիր պետք է շարունակեն ուսումը ռազմական ինստիտուտներում, սակայն, հաշվի առնելով, որ վարժարանը ռազմամարզական կրթահամալիր է, այստեղ պատրաստվում են մարդիկ, որոնք պատրաստ են հերոսաբար պաշտպանելու հայրենիքը,- նշում է կրթահամալիրի տնօրենը:
Նա նաև կարևորեց մոնթեականների հերոսական մասնակցությունն ապրիլյան քառօրյա պատերազմին.
-Վերջին պատերազմի ժամանակ մեր շրջանավարտներից զոհեր, վիրավորներ ենք ունեցել: Նրանք պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները: Նրանցից էր ԼՂՀ պաշտպանական շրջանի ծառայության պետ, մայոր Հայկ Թորոսյանը: Իրենց քաջությամբ աչքի ընկան և «Արիության» մեդալների արժանացան ՊԲ զինծառայողներ՝ փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը, կապիտան Սեդրակ Մարտիրոսյանը, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանը և ուրիշներ, ովքեր ներկայումս շարունակում են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ:
Ռազմական վարժարանի ավարտական միջոցառման ամենակարևոր հատվածը ուսման և կարգապահության մեջ աչքի ընկած լավագույն ուսանողի անունը հայտարարելն էր: Լավագույնը պատիվ ունի կրելու Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը, որ զոհվելիս եղել է Ազգային հերոսի ձեռքին: Վարժարանի լավագույն սան ճանաչված Գարիկ Մատինյանը որոշել է ռազմական ուսումը շարունակել Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում:
– Հայրենիքի սահմանները հսկելու պարտք ունեմ: Ուսումնառության ընթացքում մեր մեջ սերմանում են հայրենասիրություն, որն ամենակարևորն է զինվորի համար: Հայրենիքը զինվորինն է, ու զինվորի կյանքը պատկանում է նրան՝ հայրենիքին,- նշում է շրջանավարտ Գարիկ Մատինյանը:
Ավարտական միջոցառմանը մոնթեականները ցուցադրեցին մարտական պատրաստվածության իրենց ողջ զինանոցը՝ լեռնամագլցում, ձեռնամարտի որոշ տարրեր, առաջին բուժօգնություն: Եթե ավարտական վալսը շրջանավարտները պարեցին կաշկանդված ու վեհերոտ, ապա փոխարենը մարտական պատրաստվածությունը ցուցադրեցին վստահաբար ու անթերի:
♦♦♦
Մայիսի 27-ին, վերջին զանգի հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել նաև ԼՂՀ պաշտպանության նախարարության Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգին ներկա էին բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները, որոնք ընդգծելով զինվորականի մասնագիտության կարևորությունը մեր երկրի համար, շնորհավորել են վարժարանականներին և նրանց հարազատներին՝ համոզմունք հայտնելով, որ վարժարանում ուսանած տարիներին ձեռք բերված գիտելիքները կօգնեն սաներին իրենց նպաստը բերելու մեր բանակի հետագա հզորացման և պետության բարգավաճման գործում:
-Վարժարանն այս տարի տվել է 23 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում,- ասել է վարժարանի պետ փոխգնդապետ Վ. Հակոբյանը:
Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայակազմն ու ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում աչքի ընկած զինվորականները մասնակցել են հանրապետության բոլոր կրթօջախներում կազմակերպված վերջին զանգի արարողություններին:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավագ լեյտենանտ
Խորագիր՝ #20 (1140) 01.06.2016 - 07.06.2016, Բանակ և հասարակություն