Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՇԱԹԱՂ



«Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի պատվիրակությունը եւս մասնակցեց Քաշաթաղի (Լաչինի) ազատագրման 19-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Քաշաթաղի ազատագրմանը մասնակից «Հատուկ գնդի» վետերան ազատամարտիկներ, պահեստազորի սպաներ Յուրա Ապերյանը, Արթուր Հարությունյանն ու Լեւոն Սահակյանը, զոհված ազատամարտիկներ Գուրգեն Շահնազարյանի, Սպարտակ Սահակյանի, Զոհրապ Հովհաննիսյանի հարազատներն ու ժառանգները, «Գ. Նժդեհ» ջոկատի դիպուկահար, ազատամարտիկ Նունե Ալիխանյանը, «Վանաձոր» ջոկատի բուժքույր, ազատամարտիկ Աղավնի Փանոյանը, «Դեյվիդ» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Ռուզաննա Ամիրխանյանը, ԵԿՄ Լոռու մարզի խորհրդի «Լոռին բերդ» պաշտոնաթերթի խմբագիր Աշոտ Միրզոյանը եւ այլք։

Հարկ է նշել, որ «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամը 5-րդ տարին անընդմեջ կազմավորում է նման պատվիրակություններ Հայաստանի տարբեր մարզերից, իսկ նախագահը՝ ազատամարտիկ Մարիամ Ստեփանյանը, 1994-ից ի վեր Քաշաթաղի վերաբնակեցման ջատագովներից է։

Մասնակցելով Քաշաթաղում կազմակերպված բոլոր միջոցառումներին՝ մեր պատվիրակությունը այցելեց նաեւ տեղի հուշահամալիր՝ «Հատուկ գնդի» Վանաձորի վաշտի վետերանների կողմից տեղադրված խաչքարի մոտ իր հարգանքի տուրքը մատուցելու զոհված հայրենակիցների հիշատակին։

Այցելեցինք նաեւ Քաշաթաղի նորաստեղծ Երկրագիտական թանգարան, որը տնօրեն տիկին Լիվերայի ջանքերով բարեկարգվում է։ Թանգարանի մուտքի մոտ մեր պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ Նա ջերմորեն ողջունեց մեզ՝ նշելով, որ նման միջոցառումներին ազատամարտիկների եւ նրանց հարազատների մասնակցությունը անչափ կարեւոր է։

Քաշաթաղում տոնական համերգի ավարտին «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի պատվոգրերով եւ շնորհակալագրերով պարգեւատրվեցին Քաշաթաղում զոհված ազատամարտիկներ Զոհրապ Հովհաննիսյանի մայրը՝ տիկին Օլյան, Գուրգեն Շահնազարյանի այրին՝ տիկին Լյուդան, Սպարտակ Սահակյանի այրին՝ տիկին Գայանեն, Քաշաթաղի ազատագրմանը մասնակից ազատամարտիկներ Արթուր Հարությունյանը, Լեւոն Սահակյանը, Նունե Ալիխանյանը, Յուրա Ապերյանը։

Վերադարձին, Մարիամ Ստեփանյանի առաջարկով, մեր պատվիրակությունն այցելեց զորամաս՝ ծանոթանալու զինվորների առօրյային եւ կենցաղային պայմաններին։ Մենք տպավորված էինք զինվորների մաքուր ու կոկիկ արտաքինով, զորամասում տիրող մաքրությամբ։ Այդ տպավորությամբ էլ վերադարձանք Վանաձոր։

ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ

Խորագիր՝ #23 (888) 15.06.2011 – 22.06.2011, Բանակ և հասարակություն


22/06/2011